Մատչելիության հղումներ

Սկանդալ Վրաստանի իշխանությունների և Foreign Policy հանդեսի միջև


Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձե, արխիվ
Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձե, արխիվ

Ռազմական մեկբնաբանը չի բացառում, որ այս աղմուկը կարող է ձեռնտու լինել հենց Թբիլիսիին:

Վրաստանի տարածքում արևմտամետ սիրիացի ապստամբների ուսումնական ճամբար տեղակայելու՝ այդ երկրի իշխանությունների մտադրության մասին Foreign Policy հանդեսի հրապարակումը սկանդալի պատճառ է դարձել:

Վրացական իշխանությունները երեկվանից կտրականապես հերքում են արտաքին հարաբերությունների ասպարեզում ամենահեղինակավորներից մեկը համարվող այս պարբերականի տեղեկությունները, Foreign Policy-ի խմբագրակազմն էլ պնդում է, թե հոդվածում տեղ գտած բոլոր փաստերը համապատասխանում են իրականությանը:

Հիշեցնենք, որ ըստ Foreign Policy-ի՝ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Չաք Հեյգելի սեպտեմբերի սկզբին Թբիլիսի կատարած այցի ժամանակ վրացական կողմը առաջարկել էր երկրի տարածքում հատուկ ուսումնական ճամբար տեղակայել, որտեղ վարժանքներ կանցնեն սիրիացի ապստամբները:

Խոսքը սիրիական զինված ընդդիմության արևմտամետ հատվածի մասին է, որի ներկայացուցիչները, ըստ ամերիկյան ծրագրերի, առաջիկայում պետք է պայքար ծավալեն երկու ճակատով` թե՛ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմի և թե՛ «Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ:

«Ուսումնական որևէ ճամբարի ստեղծում, կամ էլ վրացական ստորաբաժանումների տեղակայում պատերազմական գոտում չի նախատեսվում», - այսօր հերքելով ամերիկացի լրագրողների հրապարակումը՝ նման հայտարարություն է տարածել Վրաստանի վարչապետի գրասենյակը:

«Իրաքի և Սիրիայի իսլամական պետության» դեմ ստեղծված միջազգային կոալիցիային Վրաստանի մասնակցությունը բացառապես մարդասիրական է լինելու: Չի նախատեսվում ոչ վրացական ստորաբաժանումների մասնակցությունը պատերազմական գործողություններին, ոչ էլ որևէ ուսումնական ճամբարի ստեղծում երկրի տարածքում», - երեկ ուշ երեկոյան Նյու Յորքում վրացական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն:

Foreign Policy-ի հրապարակման գլխավոր հերոսներից մեկը` Վաշինգտոնում Վրաստանի դեսպան Արչիլ Գեգեշիձեն ևս կտրականապես հերքում է հոդվածում տեղ գտած պնդումները: Վրաց դիվանագետի խոսքով՝ թղթակիցն իրեն սխալ է հասկացել: Հիշեցնենք, որ ըստ Foreign Policy-ի, Գեգեշիձեն, խոսելով սիրիացի ապստամբների համար ուսումնական ճամբար ստեղծելու հնարավորության մասին, նշել էր․ - «Նման առաջարկով վրացական կողմն իրոք հանդես եկել է, բայց հարցը դեռ քննարկման փուլում է»: Գեգեշիձեն Foreign Policy-ի հետ զրույցում անգամ զարգացրել էր իր միտքը` նշելով․ - «Վրաստանը կարող է և չսահմանափակվել միայն սիրիացի մարտիկներով, ովքեր պայքարում են ընդդեմ «Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն» խմբավորման: Դա կարող է հակաահաբեկչական վարժանքների կենտրոն դառնալ ցանկացած պետության համար»:

Այսօր արդեն, սիրիացի ապստամբների համար նախատեսված ճամբարի ստեղծման հնարավորությունները կտրականապես հերքող հայտարարությունների ֆոնին, Foreign Policy-ի խմբագիր Յոչի Դրիզենը նամակ է հղել վրացական Tabula ամսագրին, որում գրել է․ - «Մենք պատասխանատու ենք հոդվածում տեղ գտած ցանկացած բառի համար: Հրապարակումից առաջ բոլոր փաստերը մի քանի անգամ ճշգրտվել են»:

Վրացական կողմի պնդումները հերքում է նաև Reuters գործակալությունը: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ամերիկյան դիվանագիտական աղբյուրները հաստատել են, որ պաշտոնական Թբիլիսին առաջարկել է երկրի տարածքում սիրիացի ապստամբների համար ուսումնական ճամբար ստեղծել:

«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության ռազմական մեկնաբան Կոբա Լիկլիկաձեն չի բացառում, որ այս ողջ աղմուկը իրականում կարող է ձեռնտու լինել հենց պաշտոնական Թբիլիսիին:

«Վրաստանի վարչապետի Նյու Յորք այցի լույսի ներքո այս տեղեկությունները, նույնիսկ եթե չեն համապատասխանում իրականությանը, բավական ձեռնտու են իշխանություններին: Այսպիսով մեկ անգամ ևս Թբիլիսին ցույց է տալիս, որ հակաահաբեկչական բոլոր նախագծերի ընթացքում միջազգային հանրության քայլերին համահունչ է գործում», - ընդգծում է Լիկլիկաձեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG