Մատչելիության հղումներ

Պաշտոնյան ընդունում է՝ վերջերս ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու միտում է նկատվում


Հայաստանի արտգործնախարարության Հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանի խոսքով՝ Ռուսաստանի քաղաքացի դառնալու նպատակով վերջին շրջանում Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու միտում է նկատվում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյան այս մասին հայտնեց այսօր լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում:

«Չեմ ասի, որ քաղաքացիությունից հրաժարվողների քանակն այդքան մեծացել է, բայց նկատի ունենալով վերջին օրենսդրական փոփոխությունները Ռուսաստանում, այո, կա այդպիսի տենդենց, մասնավորապես, այն մարդկանց կողմից, ովքեր որոշել են իրենց կյանքը, իրենց գործունեությունը հաստատել Ռուսաստանում։ Դա պայմանավորված չէ իրենց ձգտումով մոռանալ, լքել Հայաստանը, ուղղակի զուտ գործնական տեսանկյունից իրենք որոշել են և, նորից եմ ասում, նկատի ունենալով ռուսական օրենսդրության մի շարք փոփոխությունները՝ որոշել են նման ձևով վարվել», - ասաց նա:

Դիտարկմանը, թե օրենսդրական փոփոխություններ ասելով նկատի ունի, որ Ռուսաստանում արգելված է երկքաղաքացիությունը, Կարմիրշալյանը պատասխանեց.- «Էդպես ուղղակիորեն արգելված չէ. ռուսական օրենքը պարտադրում է այն մարդկանց, ովքեր ուզում են ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն, իրազեկել Ռուսաստանի իշխանություններին այլ պետության քաղաքացիություն ունենալու մասին»։

Կարմիրշալյանը այսօր թվեր չնշեց: Փոխարենը, այս տարի ավելի վաղ Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը «Ազատության»-ը ասել էր, որ այսօր Հայաստանի բնակչության մոտ տասը տոկոսը՝ առավելագույնը 300 հազար մարդ Ռուսաստանի քաղաքացիություն ունի:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանն այսօր «Ազատության» հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց, որ հայաստանցիները շարունակում են ձեռք բերել Ռուսաստանի քաղաքացիություն: Ըստ Սաֆարյանի, նման կերպ Մոսկվան լծակ է ձեռք բերում Հայաստանի ներքին գործերին միջամտելու համար:

«Ռուսաստանի այս նոր քաղաքականության կոնցեպցիայում առանցքային տեղ է զբաղեցնում Ռուսաստանի քաղաքացիներին պաշտպանության թեզը, որի անվան տակ նա, ըստ էության, ներխուժեց Ղրիմ, որի անվան տակ նա օրինականացնում է իր գործողությունները, կամ իրեն պատկանող, կամ իր հետ կապ ունեցող խմբավորումների գործողությունները Լուգանսկի և Դոնեցկի մարզերում: Եվ հետևաբար, անշուշտ, ունենալ Ռուսաստանի քաղաքացիներ, ովքեր կարող են հետագայում հիմք ծառայել նման ներխուժումների համար, սա ուղղակի ական է այն պետությունների պետականության հիմքում, որոնցում նման ֆենոմեն կամ նման անհրաժեշտություն՝ Ռուսաստան ներխուժելու, կունենա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սաֆարյանը։

XS
SM
MD
LG