Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանը Թուրքիային կոչ է անում «հաշտվել սեփական անցյալի հետ»


Թուրքիայում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ջոն Բասսը խոստանում է պաշտոնավարման ընթացում կոչ անել պաշտոնական Անկարային «հասնել 1915 թվականի դեպքերի լիակատար, անկեղծ և արդար ճանաչմանը»:

«Անկարան պետք է հաշտվի սեփական անցյալի հետ», - հայտարարել է Բասսը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հրապարակել է Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում դեսպանի հետ հարցուպատասխանի սղագրությունը: Հանձնախումբն ընդգծում է, որ դեսպան Բասսը չի գործածել «Հայոց ցեղասպանություն» ձևակերպումը․ - «Դիվանագետը, հետևելով Սպիտակ տան ցուցումներին, խուսափեց Հայոց ցեղասպանության ուղղակի հիշատակումից՝ նշելով․ այս ողբերգությունը անվանելու վարչության կողմից օգտագործվող տերմինաբանությունը նախագահի կողմից ընդունված սահմանում է»:

Ամերիկացի սենատոր Մարկ Քըրքի հարցադրումներն ուղղված Ջոն Բասսին հիմնականում առնչվել են Հայոց ցեղասպանության և Թուրքիայի կողմից հայկական, հունական ու ասորական եկեղեցիների բռնագրավված ունեցվածքը վերադարձնելու վերաբերյալ Միացյալ Նահանգների քաղաքականությանը:

Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ, մասնավորապես, ի պատասխան այն հարցի, թե Թուրքիայում իր պաշտոնավարման ընթացքում ինչ քայլեր է ձեռնարկելու Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, դեսպան Բասսը ընդունել է Օսմանյան կայսրության վերջին օրերին «մեկուկես միլիոն հայերի կոտորածի և մահված երթի դուրս գալու փաստը», միևնույն ժամանակ, բացահայտորեն խուսափել է պատասխանել այն պարզ հարցին, թե ովքեր են այդ սպանությունների հիմնական մեղավորները:

Ամերիկացի սենատորի մյուս հարցին, որը վերաբերում էր թուրքական պետության կողմից հայերի, հույների և ասորիներ եկեղեցիների սեփականությունը վերադարձնելուն, Բասսը պատասխանել է, թե Թուրքիան 1936-2011 թվականների ընթացքում քրիստոնյաներին և հրեաներին պատկանող մեծաքանակ գույք է բռնագրավել: Դիվանագետը իր պատասխանում շատ կարևոր առաջնահերթություն է որակել հայկական եկեղեցիների վերադարձը՝ հաստատելով Միացյալ Նահանգների հանձնառությունը Թուրքիայում կրոնական գույքի սեփականությունը վերականգնելու հարցում:

«Իմ պաշտոնավարման ընթացքում աշխատանք կտանեմ ինչպես ազգային, այնպես էլ տեղական իշխանությունների հետ, որպեսզի կրկնվի այն հաջողությունը, որ ունեցանք Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու պարագայում», - ասել է նորանշանակ դեսպանը:

Հիշեցնենք՝ նախագահ Բարաք Օբամայի կողմից առաջադրված 50-ամյա դիվանագետը Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում հաստատվել է 100 սենատորներից 98-ի կողմ ձայների արդյունքում: Բասսը մինչև վերջերս զբաղեցնում էր Միացյալ Նահանգների պետքարտուղարի գործադիր օգնականի պաշտոնը: Ավելի վաղ նա ԱՄՆ-ի դեսպանն էր Վրաստանում:

Անդրադառնալով սենատոր Քըրքի հետ հարցուպատասխանին՝ Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը հայտարարել է, թե Բասսի պատասխանները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Բարաք Օբաման պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ամերիկյան կառավարության որդեգրած տերմինաբանության հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG