Մատչելիության հղումներ

logo-print

Հանրահավաքի օրակարգի հիմքում «դրվելու են ժողովրդի պահանջները»


Եռյակի այսօրվա աշխատանքային հանդիպումից հետո էլ չհստակեցվեց, թե հոկտեմբերի 10-ի համապետական հանրահավաքին ոչ իշխանական «Բարգավաճ Հայաստան»-ը, «Ժառանգություն»-ն ու Հայ ազգային կոնգրեսը ինչ են պահանջելու իշխանությունից:

Ռուբեն Հակոբյանը («Ժառանգություն») ասաց, թե իրենց պահանջները կձևավորվեն սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 8-ը հանրապետության քաղաքներում նախատեսված հանդիպումների ընթացքում․ - «Օրակարգի ձևավորման հիմքում դրվելու են ժողովրդի մոտեցումները, ժողովրդի պահանջները»:

Հարցին՝ եթե ժողովուրդը իշխանափոխության պահանջ դրեց, քառյակն անվերապահորեն կատարելո՞ւ է այն, Հակոբյանն արձագանքեց, թե կքննարկեն:

Հստակ է մի բան․ քառյակի երեք ուժերը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի հարց չեն դրելու: Ընդամենը չորս ամիս առաջ, հիշեցնենք, քառյակը պատրաստվում էր անվստահություն հայտնել Տիգրան Սարգսյանի կառավարությանը:

«Հիմա ով պահանջի վարչապետի հրաժարականը, նշանակում է նա չի հասկանում, թե Հայաստանում ինչ պետական համակարգ է: Ցավոք սրտի, այսօր մեկ անձի իշխանություն է: Ո՞վ է վարչապետը ընդհանրապես», - ասաց Հակոբյանը՝ պարզաբանելով, թե ինչն է խանգարում քառյակին բարձրացնել այդ անձի փոփոխության հարցը․ - «Անձի հարց որ դնենք, Սերժ Սարգսյանին [փոխարինելու] կգա մեկ ուրիշ Սերժ Սարգսյան: Ոնց որ ժամանակին նախագահներն իրար հետ փոխվել են, բայց համակարգը նույնն է մնացել, և իշխանափոխություն որպես այդպիսին Հայաստանում չի եղել: Խնդիրը ոչ թե այստեղ անձի հարցն է միայն․․․ Այո, շա՛տ կարևոր է: Եվ եթե խոսում ենք ընդհանուր իշխանափոխության մասին, բնականաբար, ենթադրում ենք, որ այսօր իշխանության առաջին դեմքերը պետք է հեռանան: Խնդիր նաև այն է, որ այդ հարցը դնելիս ներկայացնես, թե դու ինչպես ես պատկերացնում իշխանության ձևավորումը»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Առավոտ»-ին ասել էր՝ երբ ժողովուրդը դառնա գործընթացի տերը (նկատի ունենալով իրենց նախաձեռնությունը), իշխանությունը չի կարողանալու այն կանգնեցնել:

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը (ՀՀԿ) լրագրողների հետ զրույցում այսօր հավաստիացրեց, թե իշխանություններին Զուրաբյանի հայտարարությունները չեն վախեցրել․ - «Լևոն Զուրաբյանը մանկական հրճվանք է այս պահին ապրում, որովհետև չի կարելի «Բարգավաճ»-ի թևի տակ մտածել, որ հոխորտալ և ինչ-որ գործողություններ կատարել: Ընդհանրապես քառյակի գործունեության մեջ վճռորոշը «Բարգավաճ Հայաստան»-ն է: Ընդամենը ՀԱԿ-ը իրեն համոզել է, որ կարելի է ինչ-որ մի բան փոխվի և փշրանքներից օգտվի նաև ՀԱԿ-ը»:

Դաշնակցության հետ, ըստ խորհրդարանի խոսնակի, սահմանադրական բարեփոխումների շուրջ պաշտոնական բանակցություններ դեռևս չեն սկսել․ սպասում են Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը: Դաշնակցության առաջ քաշած պահանջները, սակայն, քննարկում են․ շատ հարցեր ընդունելի են, շատերը՝ ոչ: Ու դեռ պարզ չէ, թե հնարավոր կլինի արդյոք համաձայնության հասնել:

Դաշնակցությունը, օրինակ, սկզբունքորեն դեմ է շրջանառության մեջ դրված հայեցակարգի նախագծում ամրագրված՝ խորհրդարանում պարտադիր մեծամասնություն ձևավորելու առաջարկին: Գալուստ Սահակյանի խոսքերից պարզվեց, որ Հանրապետականի համար կարևոր է Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն ձևավորելը․ - «Խորհրդարանը քաղաքական մեծամասնություն պիտի ունենա, որպեսզի հնարավորինս նաև քաղաքական պայմանների, այսպես ասեմ՝ կառուցողական մոտեցումները առաջ գնան»:

«Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը չի հավատում, թե իշխանությունը կընդունի Դաշնակցության առաջարկները:

Ըստ նրա՝ սահմանադրական հանրաքվեն այն հարցը չէ, որ դառնա ոչ իշխանական ուժերի օրակարգի թիվ մեկ խնդիրը․ - «Իշխանության կերպարին ծանոթ եմ: Ես էլ, մեր ընկերներն էլ, այդ թվում՝ Արմենը Ռուստամյան: Ես չեմ հավատում, որ կարող են լուրջ ընդառաջել»:

Ոչ իշխանական ուժերը չեն հստակեցնում՝ հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակի հարթակում կլինե՞ն կուսակցությունների առաջնորդները, թե՞ ոչ: Բայց որ մինչև հոկտեմբերի 10-ը կորուստներ չեն ունենա, Ռուբեն Հակոբյանը համոզված է․ - «Որովհետև մեր ընկերները չեն ասել, որ վերջնականապես փակել են դուռը: Առավել ևս՝ որ առաջիկայում 12 կետերի հետ կապված մենք միասնական նիստ կունենանք, միասնական կքննարկենք․․․ Ես կարծում եմ, չենք ունենա կորուստներ»:

XS
SM
MD
LG