Մատչելիության հղումներ

Թուրքիան մտահոգ է, որ «Իսլամական պետության» դեմ պայքարից հետո քրդերը զենքը կուղղեն իր դեմ


Սիրիայից փախստականները Թուրքիայի սահմանին, սեպտեմբեր, 2014թ․

Սիրիայից փախստականները Թուրքիայի սահմանին, սեպտեմբեր, 2014թ․

Խնդիրը Անկարայի համար ոչ միայն Սիրիայից փախստականների մեծ թիվն է, այլև այն, որ նրանք քրդեր են։

Թուրքիան ուրբաթ օրը բացել էր Սիրիայի հետ սահմանի երեսուն կիլոմետրանոց մի հատված՝ թույլ տալով քուրդ փախստականների մուտքն իր տարածք։ Սակայն երկու օրվա ընթացքում 13Օ հազար փախստական ընդունելուց հետո Թուրքիան փակեց սահմանը, ինչից հետո բախումներ սկսվեցին տեղի քրդերի ու Թուրքիայի անվտանգության ուժերի միջև։

Թուրքիայի այս հատվածներում դպրոցներն այժմ լցվել են քուրդ փախստականներով։ Իսկ տեղի քրդերն այժմ փորձում են անցնել Սիրիա՝ պայքարելու ընդդեմ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման, որի ուժերին մի քանի կիլոմետր է մնացել հասնելու քրդաբնակ Քոբանե քաղաքին։

Թուրքիայում մինչև անցած շաբաթավերջի փախստականության մեծ հոսքն արդեն կար սիրիացի մոտ մեկ միլիոն փախստական։ Ու խնդիրը Թուրքիայի համար ոչ միայն փախստականների մեծ թիվն է, այլ նաև այն, որ նրանք քրդեր են։ Ավելին՝ քրդեր են Սիրիայից, ովքեր թշնամության տասնամյակների պատմություն ունեն Թուրքիայի հետ։

Հիշեցնենք, որ քուրդ ապստամբները երեսուն տարի կռվել են ընդդեմ Թուրքիայի անվտանգության ուժերի՝ պահանջելով անկախություն կամ ինքնավարություն, պայքար, որի ընթացքում 4Օ հազար թուրք ու քուրդ է սպանվել։ Թուրքիան այսօր մտահոգ է, որ քրդերը կանցնեն Սիրիա՝ կռվելու ընդդեմ «Իսլամական պետության» և ավելի ուշ կմիանան քրդական պարտիզանական խմբերին, կմիանան Քրդստանի աշխատավորական կուսակցությանն ու նոր հարձակումներ կսկսեն ընդդեմ Թուրքիայի։

Այդ պատճառով է, որ Թուրքիան թույլ չի տալիս, որ քրդերն անցնեն Սիրիա։ Դրա հետևանքով էլ այսօր արթնանում է քրդերի ու Թուրքիայի իշխանությունների միջև հին թշնամանքը՝ վտանգի տակ դնելով երկու կողմերի միջև հաստատված երերուն խաղաղությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG