Մատչելիության հղումներ

Անդրեյ Մակարևիչին շարունակում են հալածել


Ռուսաստան - Անդրեյ Մակարևիչի «Մաշինա վրեմենի» խմբի համերգը, Տվերի մարզ, հուլիս, 2014թ.

Ռուսաստան - Անդրեյ Մակարևիչի «Մաշինա վրեմենի» խմբի համերգը, Տվերի մարզ, հուլիս, 2014թ.

Ակումբները բոյկոտում են ռոքերի աշխատանքը։

Ռուսաստանում շարունակում են տգեղ միջոցներով ճնշման ենթարկել և նսեմացնել ռուսական ռոքի հիմնադիրների շարքը դասվող անվանի երաժիշտ Անդրեյ Մակարևիչին։

Սեպտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգի Jagger ակումբում նախատեսված էր Մակարևիչի և ջազ կիթառահար Իլդար Կազախանովի համերգը։ Երեկ հայտնի դարձավ, որ այն չեղյալ է հայտարարվում։

«Արտիստը չի կարող մասնակցել համերգին, վաճառված տոմսերը հնարավոր է վերադարձնել», - հայտնել է Jagger-ի ադմինիստրացիան։

Անցած մի քանի շաբաթների ընթացքում «Մաշինա վրեմենի» խմբի հիմնադիր Մակարևիչի համերգները չեղյալ են հայտարարվել Կրասնոյարսկում, Տոմսկում, Նովոսիբիրսկում, Սամարայում և Կազանում։ Ընդ որում, ամեն անգամ նույն պատճառաբանությամբ` իբր կատարողը չի կարող մասնակցել։

Խումբը, իր հերթին, ստիպված էր տարածել հաղորդագրություններ այն մասին, որ համերգները տեղի չեն ունենա տեխնիկական պատճառով։

Ինքը երգահանը, որի ներկայիս նախագիծը կոչվում է «Մակարևիչը և Կրեոլական տանգոյի նվագախումբը», РБК պարբերականի թղթակցին ասել է, որ, իր համոզմամբ, ակումբների ղեկավարներին զանգահարում են և «բարեկամաբար խորհուրդ տալիս չանցկացնել միջոցառումը»։

«Եթե ակումբների տնօրենները համառ են գտնվում, ապա տեղի չեն տալիս, եթե գերադասում են գործ չունենալ քաղաքացիական հագուստով մարդկանց հետ, ապա համերգը չեղյալ են հայտարարում», - ասել է Մակարևիչը։

Արդյո՞ք պատճառն Ուկրաինայում ամռանը տեղի ունեցած համերգն էր։ Մակարևիչը չի ցանկանում մանրամասն խոսել այդ թեմայով։

«Չեմ ուզում մեկնաբանել և դրանից տեղեկատվական առիթ ստեղծել, որոշ համերգներ չեղյալ են հայտարարվում, որոշ համերգներ կայանում են», - արձագանքել է ռոքերը։

Օգոստոսի 12-ին Մակարևիչը հանդես է եկել Ուկրաինայի Դոնեցկի մարզի Սվյատոգորսկ քաղաքում։ Ռուսաստանում «Կրիմ նաշ» («Ղրիմը մերն է») դիրքորոշման մամուլին և քաղաքական գործիչներին դա խիստ զայրացրել է։

Իշխանամետ հեռուստատեսությունը, թերթերն ու կայքերը, Դումայի պատգամավորներից մի քանիսը Մակարևիչին անվանել են «ազգի դավաճան» և պահանջել են զրկել պետական պարգևներից։

Ի պատասխան այդ արշավին՝ Մակարևիչը հայտարարել է, թե պատրաստ է դատարանում հերքել իրեն վերագրվող «հակառուսական կեցվածքը»։

Ռոքերը նաև բաց նամակով դիմել է նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով միջամտել և վերջ տալ իր անվան շուրջ վայնասունին։

«Երեք շաբաթ շարունակ չի դադարում կեղտի և հերյուրանքի հեղեղը, ինձ անվանում են «խունտայի բարեկամ», «ֆաշիստների հանցակից», «դավաճան»։ Մինչդեռ իմ միակ «հանցանքն» այն էր, որ ես Սվյատոգորսկում` Դոնեցկի և Լուգանսկի փախստականների ճամբարում երգել եմ երեխաների համար, ինչը մեղք չեմ համարում։ Մնացյալը` այն, ինչ հաղորդում են զանգվածային լրատվամիջոցները, անպատկառ սուտ է», - գրել է Մակարևիչը Պուտինին։

Կրեմլի տեսակետը ներկայացրել է նախագահի խոսնակը։

«Այն, ինչ Մակարևիչը անվանում է «հալածանք», կարելի է անվանել նաև «հանրության արձագանք»։ Չարժե այդ հարցով դիմել պետության ղեկավարին», - ասել է Դմիտրի Պեսկովը՝ գործնականում մերժելով Կրեմլի միջամտության հնարավորությունը։

Այդօրինակ արձագանքով Կրեմլը, փաստորեն, լռելյայն համաձայնություն է տվել Մակարևիչին հետապնդող շրջանակներին, ինչի վկայությունը ռուսաստանցի ամենահայտնի և ամենահեղինակավոր ռոքերի համերգները խոչընդոտելու գործելակերպն է։

XS
SM
MD
LG