Մատչելիության հղումներ

logo-print

Ուկրաինան հետ է քաշելու տեխնիկան և հրետանին


Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովն այցելել է Մարիուպոլ, 22 սեպտեմբերի, 2014թ.

Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովն այցելել է Մարիուպոլ, 22 սեպտեմբերի, 2014թ.

Կողմերը սկսում են իրականացնել հրադադարի պայմանագրի դրույթները։

Կիևը հայտարարել է, որ պատրաստ է 30 կիլոմետրանոց բախարգելման (բուֆերային) գոտուց դուրս հանել ծանր տեխնիկան և հրետանին։ Ուկրաինայի զինված ուժերի խոսնակ Անդրիյ Լիսենկոն այսօր ասել է, որ երկրի ղեկավարությունն այդ որոշումն ընդունել է՝ հաշվի առնելով ռուս անջատականների հետ առճակատման նվազեցման միտումը և Ռուսաստանի տարածքից կրակի դադարեցումը։

Լիսենկոյի խոսքերով, ռուս անջատականները նույնպես սկսել են հետ քաշել իրենց տեխնիկան՝ «թեպետ ոչ այն չափով, որն ակնկալում է Կիևը»։

Հակամարտող կողմերը սեպտեմբերի 19-ին են համաձայնեցրել շփման գծից տեխնիկան և հրետանին 15-ական կիլոմետր հետ քաշելու որոշումը։ Այնուամենայնիվ ուկրաինացիները երեկ հայտնել էին, որ անջատականները շարունակում են կրակ բացել պետական բանակի դիրքերի վրա։ Անջատականներն ու Մոսկվան հերքել են այդ մեղադրանքը։

Սեպտեմբերի 19-ի պայմանավորվածությունը հիմնված է հրադադարի մասին սեպտեմբերի 5-ի պայմանագրի վրա, որն ընձեռել է նաև գերիներին փոխանակելու հնարավորություն։

Այս տարվա ապրիլից սկսված ռազմական գործողությունների ընթացքում երկու կողմերն ընդհանուր հաշվով կորցրել են ավելի քան 3 հազար մարդ։

Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն, նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկել է խաղաղության ծրագրի իրականացումը։

Ելնելով սեպտեմբերի 5-ի պայմանագրից՝ Գերագույն ռադան ընդունել է Դոնեցկի և Լուգանսկի շրջաններին երեք տարով սահմանափակ ինքնակառավարում տրամադրելու մասին օրենք, ինչպես նաև ծանր հանցանքների մեջ չմեղադրվող ռուս անջատականների համաներման որոշում։

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն երեկ ասել է, որ Ուկրաինայի արևելքի ճգնաժամը հնարավոր չէ լուծել ուժային եղանակով․ - «Ընդգծում եմ, որ Լուգանսկում և Դոնեցկում հնարավոր չէ հաղթել միայն ուժով։ Որքան շատ ենք այնտեղ ուղարկում ուկրաինական գումարտակներ և բրիգադներ, այնքան շատ զորք է ներխուժում Ռուսաստանի Դաշնությունից»։

Նրա խոսքերով, Կիևը ռուսական կողմին երեք պահանջ է ներկայացնում. դւորս հանել զորքը, փակել սահմանը և ազատել պատանդներին, այդ թվում՝ Ռուսաստանի տարածքում պահվող մարդկանց։

«Կատարեք այդ երեք պահանջները, և խոստանում եմ` խաղաղություն կտիրի Ուկրաինայում առանց ուժի և զենքի», - ասել է Պորոշենկոն։

Նա ասել է նաև, որ Ուկրաինայի անկախությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը որևէ պարագայում քաղաքական առևտրի մաս չեն կազմի։

Պորոշենկոն խոստովանել է նաև, որ Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում տեղի ունեցած մարտերում Ուկրաինայի բանակը կորցրել է ծանր տեխնիկայի մոտ 65 տոկոսը։ Նա հավելել է, որ Ուկրաինան պարտավոր է պատրաստ լինել պաշտպանության այն դեպքում, եթե հրադադարը ձախողվի։

XS
SM
MD
LG