Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանից կեղծ անձնագրերով Քենիա ժամանած երկու իրանցի է ձերբակալվել


Քենիա - Նայրոբիի Ջոմո Կենյատայի անվան միջազգային օդանավակայան, արխիվ

Քենիա - Նայրոբիի Ջոմո Կենյատայի անվան միջազգային օդանավակայան, արխիվ

Քենիայի ոստիկանությունը հաղորդում է, որ ձերբակալել են երկու անձնավորության, որոնք կեղծ անձնագրերով Նայրոբի են եկել Հայաստանից։

«Frans presse»-ը, վկայակոչելով Քենիայի ոստիկանությանը, հաղորդում է, որ Նայրոբիում անցած շաբաթվա ընթացքում երկու իրանցի է ձերբակալվել, որոնք փորձել են Քենիա մտնել իսրայելական կեղծ անձնագրերով։

Քենիայի ոստիկանության Ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի ղեկավար Ջոն Մուլալուն «Frans presse»-ին ասել է, որ նրանք ժամանել են Հայաստանից և ցանկանում են իսրայելական կեղծ անձնագրերով մեկնել Բելգիա։ Նա նաև ասել է, որ ձերբակալվածները տղամարդ և կին են՝ ենթադրրում է, որ ամուսիններ են։

«Միգրացիոն ծառայությունների կողմից նրանք կմեղադրվեն կեղծ անձնագրեր կրելու համար», - ասել է ոստիկանության պաշտոնյան։

Անցած շաբաթվա ընթացքում Քենիայի Ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտից «Frans presse»-ին արդեն ասել էին, որ Ջոմո Կենյատայի անվան միջազգային օդանավակայանում հինգշաբթի օրը երկու իրանցի է ձերբակալվել, բայց դեռ պարզ չէ՝ ինչի մեջ են նրանց կասկածում՝ ահաբեկչական սպառնալիքների, թե՝ անօրինական ներգաղթի համար։

Օդանավակայանի անվտանգության ծառայության պաշտոնյան ասել է, որ Մերձավոր Արևելքից՝ հիմնականում Իրանից, Իրաքից և Սիրիայից անօրինական միգրանտները Քենիան հաճախ են օգտագործում որպես տարանցիկ կետ Եվրոպա հասնելու համար։ Պաշտոնյան նշել է, որ նրանք հաճախ փորձում են Հունաստանի, Կիպրոսի կամ Իսրայելի կեղծ անձնագրեր օգտագործել։

Քենիայում հատուկ կասկածանքով են վերաբերում իրանցիներին, քանի որ Քենիան Իսրայելի սերտ դաշնակիցն է։

Անցած ամիս Նայրոբիի օդանավակայանում երեք իրանցի էր ձերբակալվել՝ հունական կեղծ անձնագրերով։ Նրանք դատապարտվել են մեկ տարվա ազատազրկման, իսկ անցյալ տարի Քենիայի դատարանը երկու իրանցու ցմահ ազատազրկման է դատապարտել՝ ահաբեկչությանն առնչվող մեղադրանքներով. նրանց մոտ պայթուցիկներ էին հայտնաբերվել, ենթադրաբար, նախատեսված ահաբեկչական հարձակումների համար։

Իսկ այս օրերին Քենիայի անվտանգության ծառայությունները զգոնության բարձր աստիճանի են բերված, քանի որ երկրում հիմա հիշատակում են մեկ տարի առաջ ահաբեկչության զոհերի հիշատակը. մեկ տարի առաջ Սոմալիի, Ալ-Ղաիդայի, Շեբաբ ծայրահեղ խմբավորման զինյալները հարձակում իրականացրեցին Նայրոբիի առևտրի կենտրոնի վրա, որի արդյունքում առնվազն 67 մարդ սպանվեց։

XS
SM
MD
LG