Մատչելիության հղումներ

logo-print

Նախագահն այցելել է Արմավիրի մարզ


Фотография - пресс-служба президента Армении

Фотография - пресс-служба президента Армении

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ:

Նախագահն այցելել է Նորապատի հիմնանորոգված միջնակարգ դպրոց, շրջել ուսումնական հաստատությունում, ծանոթացել իրականացված շինարարական աշխատանքներին և դպրոցի նոր պայմաններին: 1971 թվականին կառուցված դպրոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են ս.թ. սեպտեմբերի 20-ին: Ներկայումս դպրոցում սովորում է 170 աշակերտ՝ 12 դասարանով, դասավանդում է 27 մանկավարժ: Նախագահին զեկուցվել է, որ դպրոցի ներքին հարդարման, սալիկապատման, տանիքի նորոգման ու պատուհանների փոխարինման հետ միասին անցկացվել են նաև ջեռուցման և ջրամատակարարման նոր համակարգեր, կառուցվել է խոտածածկ մարզահրապարակ, սպորտդահլիճը համալրվել է նոր գույքով, ցանկապատվել և կանաչապատվել է դպրոցի ամբողջ տարածքը:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է Լենուղի համայնքում գտնվող «ՄԱՊ» ընկերություն, որտեղ ներկա է գտնվել խաղողի մթերման արդիականացված արտադրամասի բացմանը: Նախագահին ներկայացվել է, որ կոնյակի, գինու և պտղահատապտղային պահածոների արտադրությամբ զբաղվող ընկերությունը ձեռնարկության հիմնանորոգման, արդիականացման, ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով հագեցման և որակի վերահսկողության համակարգերի ներդրման քաղաքականության արդյունքում ձեռք է բերել իտալական արտադրության ժամանակակից խաղողի մթերման և գինու արտադրության նոր առաջնային հոսքագիծ: Արդիականացման ծրագիրը մեկնարկել է անցած տարվա հոկտեմբերին և ավարտվել ս.թ. սեպտեմբերի սկզբին: Կատարված աշխատանքների արդյունքում, գործարանի արտադրական հզորություններն այսօր թույլ են տալիս մթերել տարեկան մինչև 20 հազար տոննա խաղող և նույնքան պտուղբանջարեղեն: Գործարանի պատասխանատուների հավաստմամբ՝ այս տարի նախատեսվում է մթերել 10 հազար տոննա բանջարեղեն, որից՝ 8 հազար տոննա լոլիկ, 500 տոննա պտուղ և 4 հազար տոննա խաղող: Նշվել է, որ ընկերության արտադրանքն իրացվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Ներկայումս ընկերությունն ունի 216 աշխատակից՝ 134 հազար դրամ (մոտ 330 դոլար) միջին աշխատավարձով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG