Մատչելիության հղումներ

Շանթի գործով փաստաբանները դատարանում պնդում են քաղաքական հաշվեհարդարի մասին


Շահեն և Շանթ Հարությունյանները դատարանի դահլիճում, արխիվ

Շահեն և Շանթ Հարությունյանները դատարանի դահլիճում, արխիվ

Շանթ Հարությունյանի և նրա համախոհների գործը քննող Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ստվարացել էին նախորդ տարիներին քաղաքական և քաղաքացիական ակտիվություն դրսևորած անձանց շարքերը:

Շանթը և ընկերները դահլիճ մտան իրենց սատարող քաղաքացիների՝ «հերոս» բացականչությունների և բուռն ծափահարությունների ուղեկցությամբ:

Անցյալ դատական նիստին դատախազի պահանջած բարձր պատժաչափերով մեղադրող Գևորգ Գևորգյանը միջնորդել էր նոյեմբերի 5-ին «Ես սկսում եմ հեղափոխոխություն» կարգախոսով բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիներին դատապարտել 4 - 8.5 տարվա ազատազրկման, այդ թվում՝ դեպքի պահին 14-ամյա Շահեն Հարությունյանին՝ 5 տարվա ազատազրկման:

Պաշտպանական կողմն այսօր ճառով հանդես եկավ՝ Շանթին և ընկերներին առաջադրված խուլիգանության մեղադրանքը որակելով «անհիմն» և քրեական հետապնդումը մեկնաբանելով որպես «քաղաքական հաշվեհարդար»:

Շանթ և Շահեն Հարությունյանների, նաև պահեստազորի փոխգնդապետ Վարդան Վարդանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը փաստական հանգամանքները վերլուծեց և եզրահանգումը հրապարակեց․ - «14-ամյա երեխայի հանդեպ դրսևորում է վրեժխնդրություն, և նաև հորը՝ Շանթ Հարությունյանին կոտրելու և պայքարից հետ կանգնեցնելու փորձեր են կատարում։ Սակայն հաշվի չեն առնում, որ ամբաստանվող անձինք ազատամիտ են, և վաղուց են որդեգրել ազատ, անկախ Հայաստանում ապրելու և հանուն այդ արժեքների պայքարելու ուղղին։ Երևի թե մոռացել են, որ խոսք է գնում անչափահաս երեխայի մասին, և նման ձևով վրեժ լուծելը միանշանակ անթույլատրելի է, դատապարտելի է և նույնիսկ ամոթ է»։

Ինեսա Պետրոսյանը մի քանի անգամ հիշեցրեց անցյալ տարվա նոյեմբերի 5 -ին «ոստիկանական սադրանքներ»-ի մասին։

«Շանթն այդ ամենը զգալով է իր որդուն զրահաբաճկոն հագցրել, քանի որ մարտի 1-ի սպանությունները տեսնելով՝ շատ լավ գիտեր, թե ինչ կարող էր տեղի ունենալ, նույնիսկ անչափահաս երեխայի նկատմամբ։ Բայց զրահաբաճկոնն ինչո՞ւ չի ճանաչվել որպես ապացույց, որովհետև դրանով երևում է, որ պաշտպանվելու համար է», - հայտարարեց պաշտպանը։

Ինեսա Պետրոսյանը դատարանից պահանջեց իրենց սահմանադրական իրավունքները կյանքի կոչելու նպատակով բողոքի ակցիա իրականացրած Շանթ Հարությունյանի, Շահեն Հարությունյանի և Վարդան Վարդանյանի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ՝ հռչակելով նրանց անմեղությունը։

«Իմ պաշտպանյալները փորձել են տեր կանգնել իրենց սահմանադրական իրավունքին, իսկ գործով տուժող ճանաչված անձինք արգելել են նրանց իրենց սահմանադրական իրավունքն իրականացնել, ինչն էլ հանգեցրել է ընդհարման, որը ոչ մի դեպքում չի կարող որակվել որպես խուլիգանություն։ Ուստի խնդրում եմ ձեզ իմ պաշտպանյալներ Շանթ Հարությունյանի, Վարդան Վարդանյանի և Շահեն Հարությունյանի նկատմամբ կայացնել արդարացման դատական ակտ՝ հռչակելով նրանց անմեղությունը», - ասաց Ինեսա Պետրոսյանը։

Այս գործով ամենախիստ պատժաչափը՝ 8.5 տարվա ազատազրկման դատապարտվելու սպառնալիքի տակ գտնվող Վահե Մկրտչյանի, 8 տարվա ազատազրկման սպառնալիքի դեմ պայքարող Ալբերտ Մարգարյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանն իր ճառում ոստիկանությանը հռչակեց որպես այս գործով «ստվերային հակառակորդ»։

Ըստ Հովհաննես Քոչարյանի, անգամ ոստիկաններն իրենց ցուցմունքերում չեն պնդել, որ իր պաշտպանյալները կատարել են խուլիգանություն: Ըստ փաստաբանի, դատավարությամբ ապացուցվեց, որ Շանթը և ընկերներն առաջնորդվել են իրենց գաղափարներով, իրավունքներով։

«Իմ պաշտպանյալները խուլիգաներ չեն։ Դատարանում ցուցմունք տվեցին քաղաքացիական անձինք, որոնք ներկայացրեցին ոստիկանների ցուցմունքերից տրամագծորեն տարբերվող պատկեր։ Դատաքննության ընթացքում ապացուցվել է, որ իմ պաշտպանյալների գործողություններում ընկած են եղել գաղափարաբանական, քաղաքական մղումները։ Նոյեմբերի 5-ի ակցիայով նրանք փորձել են հասարակության, իշխանությունների ուշադրությունը բևեռել ոչ թե իրենց անձնական շահերի, այլ հանրային կյանքի հիմնախնդիրների վրա։ Մարդիկ իրենց ընտանիքները, անչափահաս երեխաներին թողնելով սոցիալական ծանր խնդիրների հետ մեն-մենակ, անձնական զրկանքներ կրելու միջոցով, փորձում են ազգային արժանապատվությունը բարձրացնելու՝ իրենց տեսանկյունից ընդունելի եղանակներով ինչ-որ դրական փոփոխություններ մտցնել հանարային գիտակցության մեջ», - հայտարարեց Հովհաննես Քոչարյանը։

Նա նաև դատարանին զգուշացրեց անարդար դատավճռի հետևանքների մասին։

«Եթե սպասվելիք դատական ակտը լեգիտիմացրեց խուլիգանության հոդվածի կիրառումը քաղաքական իրավիճակից օգտվող անձանց նկատմամբ, ապա կունենանք մի այլասերված պրակտիկա, որին կնախանձեին անգամ խորհրդային տոտալիտար ռեժիմի երախտավորները։ Նման արարքը ամրապնդելու է հասարակության որոշ շրջանակներում տարածված պետական ապարատի վրեժխնդրության վարկածը», - հայտարարեց Քոչարյանը։

Մեղադրողը պահանջել էր 19-ամյա Մկրտիչ Հովհաննիսյանին դատապարտել 5.5 տարվա ազատազրկման: Նրա պաշտպան Ռուզաննա Հովհաննիսյանն այսօր դատարանին ներկայացրեց դրական բնութագրեր, դատարանին խնդրեց պայմանական պատիժ նշանակել. Մկրտիչ Հովհաննիսյանն իրեն մեղավոր էր ճանաչել:

Մյուս պաշտպանները ճառով հանդես կգան հոկտեմբերի 1-ին:

XS
SM
MD
LG