Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի նախագահը շնորհավորական ուղերձներ է ստանում տարբեր երկրների առաջնորդներից


Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

ՀՀ Անկախության տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման:

«Հարգելի պարոն նախագահ,

Ամերիկայի ժողովրդի հետ միասին բարեմաղթանքներ եմ հղում սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հայաստանն ու Միացյալ Նահանգներն ունեն գործընկերության և բարեկամության վրա հիմնված հարաբերությունների հարուստ պատմություն: Մարդկանց միջև շփումները, մշակութային և տնտեսական կապերը, որոնք միավորում են մեր երկրները, տպավորիչ են և ոգեշնչող: Մենք գնահատում և հարգում ենք Հայաստանի մշակութային հարուստ ժառանգությունը, ինչպես նաև այն մեծ ավանդը, որը տարիների ընթացքում հայկական ծագմամբ ամերիկացիները ներդրել են Միացյալ Նահանգներում: ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները մնում են ամուր, և մենք առաջիկա բազում տարիների համար ևս ակնկալում ենք համագործակցության շարունակում և խորացում»,- ասված է ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձում:

Տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.- Բարեկամության, փոխադարձ հարգանքի և մշակութային նմանությունների բազմադարյա ավանդույթների վրա հիմնված ռուս-հայկական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են դաշնակցային գործընկերության ոգով: Փոխշահավետ համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում որակական նոր մակարդակի է բարձրանում եվրասիական ինտեգրացիոն նախագծում Ձեր երկրի ներգրավվման լույսի ներքո:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կապահովենք երկկողմ կապերի ողջ համալիրի հետագա զարգացումը, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի լուծման գործում ջանքերի արդյունավետ կոորդինացիան: Դա, անկասկած, համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական ժողովուրդների արմատական շահերին»:

Տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով շնորհավորանքներից ու բարեմաղթանքներից զատ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։

«Ցանկանում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորմանն ուղղված բանակցությունները, որոնցում Ֆրանսիան` որպես Մինսկի խմբի համանախագահ, մեծապես ներգրավված է, առաջիկայում պսակվեն հաջողությամբ: Ուրախ եմ այս առիթով հյուընկալելու Ձեզ Փարիզում սույն տարվա հոկտեմբերի վերջին»,- ասված է Օլանդի ուղերձում:

Անկախության օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձ են հղել Չինաստանի ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Դիդիե Բուրկհալտերը, Իռլանդիայի նախագահ Մայքլ Դանիել Հիգգինսը, Կորեայի Հանրապետության նախագահ Փաք Գյոն Հեն, Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Էնրիկե Պենյա Նիետրոն, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Հնդկաստանի Հանրապետության նախագահ Պրանաբ Մուքերջին, Կանադայի գեներալ-նահանգապետ Դեյվիդ Ջոնստոնը:

Նախագահը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Անկախության տոնի առթիվ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG