Մատչելիության հղումներ

logo-print

Կառավարությունը «Նաիրիտի» վերագործարկման համար ներդրումային առաջարկներ չի ստացել


Չնայած այն հանգամանքին, որ արդեն «Նաիրիտը» արդեն 4 տարի է պարապուրդի է մատնվել ու հսկայական պարտքեր կուտակել, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը այսօր հայտարարեց, որ գործարանի վերագործարկման հավանականությունը մեծ է:

«Նաիրիտը» 107 միլիոն ԱՄՆ դոլարի պարտք ունի, որը կուտակել է չկատարած վարկային պարտավորությունների դիմաց: Ավելի քան 13 միլիոն դոլար էլ կազմում է աշխատավարձի պարտքը: «Ազատության» հարցին, թե ի՞նչ միջոցների հաշվին են մարվելու այդ պարտքերը նախարարը, պատասխանեց.- «Տարբեր ձևեր կան, կա ժամանակավոր սառեցում, մի քանի տարիների ընթացքում գործարանի վերագործարկում, հետո ստեղծել հատուկ հանձնաժողով... դուք շատ եք խորանում, ես չեմ կարող այսօր պատասխանել այդ հարցին»։

Մինչ այսօր չկա պաշտոնական բացատրություն, թե որտեղից են կուտակվել գործարանի պարտքերը, և ինչու է երբեմնի հսկա գործարանը, որի արտադրանքը մեծ պահանջարկ ուներ ողջ աշխարհում, այսօր անգործության մատնվել: Այսօր նախարարությունում կայացած քննարկման մասնակիցներից ոմանք այս հարցն ուղղեցին նախարարին։ Վերջինս, սակայն, ներկաներին հորդորեց չանդրադառնալ դրան:

«Եկեք ավելի գործնական հարցեր բարձրացնենք»,- հորդորեց նա։

Սակայն քննարկմանը մասնակցող պատգամավոր Հովհաննես Մարգարյանը համոզմունք հայտնեց, որ որևէ ներդրող չի կարող հետաքրքրված լինել «Նաիրիտով», եթե չհասկանա, թե ի վերջո որտեղի՞ց են կուտակվել գործարանի հսկայական պարտքերը:

Խոսելով ներդրումային առաջարկների մասին՝ նախարարը նշեց, որ այսօր դեռ հստակ առաջարկներ որևէ ընկերության կողմից չկա:

«Ռեալ ներդրումային մենք վերջին ամիսներին չենք ստացել։ Առաջարկություններ նախկինում եղել են՝ «Ինտերա», «Ռոսնեֆտ», բայց չեն իրականացվել։ Վերջին առաջարկությունը եղել է «Ռոսնեֆտ»-ի կողմից, խոստացել է մինչև օգոստոսի վերջ ներկայացնել իր առաջարկությունները, իր մոնիտորինգը։ Մինչև այսօր որևէ առաջարկություն, որևէ ուսումնասիրություն նախարարությունը չի ստացել»,- ասաց Զախարյանը։

Մինչ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը հայտարարում է, որ հետաքրքրված ընկերություններին ներդրումային ծրագիր ներկայացնելուց հետո «Նաիրիտի» վերագործարկման հավանականությունը կմեծանա, գործարանի նախկին տնօրեն Գագիկ Ներսիսյանը «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց, վերագործարկումը իրատեսական չէ, քանի որ Հայաստանը հումք ներկրելու ճանապարհներ չունի: Բացի այդ, վերագործարկումը կհանգեցնի բնապահպանական աղետի:

«Եթե ունենանք 70-80 հազար տոննա հզորություն, կունենանք ահավոր աղտոտված օդ, ջուր... երկրորդ՝ մեր միակ գիծը Բաքուն էր, որ չկա։ Ուրիշ ճանապարհով մոտավորապես կես միլիոն տոննա բեռնաշրջանառություն անհնար է կատարել՝ հասկանալով, որ Հայաստանը «Նաիրիտի» համար որևէ հումքային ռեսուրս չունի։ Ես չեմ կարծում, որ կառավարությունը չի ուզում «Նաիրիտը» վերագործարկել, իրենք պարզապես չեն տիրապետում հարցին, չեն տիրապետում իրավիճակին»,- ասաց նախկին տնօրենը։

Գագիկ Ներսիսյանը համոզված է, որ վերագործարկման դեպքում նաև կադրերի մեծ խնդիր կառաջանա.- «Հայաստանում այլևս քիմիկոսներ չեն մնացել»,- ասաց նա։

XS
SM
MD
LG