Մատչելիության հղումներ

logo-print

Գյումրիի կազակական զորքը, անհրաժեշտության դեպքում, կաջակցի Ռուսաստանին


Գյումրիում ռուսական ռազմական ներկայությունը միայն 102-րդ ռազմաբազայով չի սահմանափակվում, կա նաև Հայ-ռուսական կազակական միություն՝ իր պահեստազորով, զենքով, որը պարբերաբար կիրառվում է զորավարժությունների ժամանակ։

Գյումրեցի կազակների թիվը հստակ չի նշվում՝ հազարն անց է, և՛ հայեր կան, և՛ ռուսներ:

Հարցին, թե ո՞ւմ է ենթարկվում կազակական զորքը, Շիրակի մարզի գլխավոր ատաման, մայոր Խաչիկ Մարտիրոսյանը պատասխանեց. - «Քանակն իրավունք չունենք ասել, ահագին զորք ունենք մենք, այսպես ասած, որ բոլորին հասկանալի լինի, ռեզերվ ուժ ենք։ Մենք ենթարկվում ենք գեներալ-լեյտենանտ Զադոյանին, ով գտնվում է Երևանում, մենք անմիջապես ենթարկվում ենք նրան։ Մեր վկայականների մեջ գրված է, մեր կանոնադրության մեջ նշված է՝ մենք համատեղ համագործակցում ենք ռուս-հայ կազակական զորքերի հետ, մենք կապված ենք Ռուսաստանի հետ»։

Թեև պահեստազորում են, բայց ասում են՝ ծառայությանը միշտ պատրաստ են, ու եթե ռուսական կողմին անհրաժեշտ լինի իրենց աջակցությունը, ապա պատրաստ են գնալ ու օգնել։

19-րդ դարից Գյումրիում հաստատված կազակները հիմա բանակցություններ են վարում Պաշտպանության նախարարության հետ՝ տեղում մի ամբողջ կազակական բազա ստեղծելու համար՝ իր զորամասերով, ձիանոցներով։ Ցանկանում են ապագա կազակների համար կադետական միջազգային դպրոց հիմնել: Տարածքն արդեն ընտրել են՝ Գյումրիում այն հայտնի է որպես «Մսի կոմբինատի կազաչի պոստ» թաղամաս, որտեղ նաև ռուսական եկեղեցի կա:

«Այստեղ ձիանոցներ ենք նախատեսել կառուցել, կադետներ կպատրաստենք, և ամբողջ մեր կազակական զորքերը տեղափոխվելու է կազաչի զորամաս», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը։

Կազակական զորքերի Շիրակի մարզի պատասխանատու Սեյրան Ալեքսանյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ կադետական կորպուսը միջազգային կարգավիճակ է ունենալու, երեխաներին կազակական ոգով կրթելու և դաստիարակելու են:

Հարցին, թե ի՞նչ լեզվով են կրթություն ստանալու և ավարտելուց հետո ի՞նչ են անելու, Ալեքսանյանը պատասխանեց. - «Օրինակ՝ ասենք, Կանադայից հինգ երեխա են բերել, բնական է, իրենց համար մասնագետ կլինի, որն այդ հինգ երեխայով կզբաղվի՝ դասերը, լեզուն և այլն։ Այսինքն, դա միջազգային է լինելու և ոչ թե զուտ ռուս-հայկական։ Ավարտից հետո յուրաքանչյուրը կգնա իր երկիր, ցանկություն ունեցան՝ կշարունակեն կազակական կազմակերպություններում, չեն ցանկանա՝ կարող են իրենց ճանապարհով գնալ»։

Հարցին, թե արդյո՞ք Գյումրիում կադետական կորպուս ստեղծելու անհրաժեշտություն կար, կազակական զորքերի Շիրակի մարզի պատասխանատուն պատասխանեց. - «Մենք ձգտում ենք Ռուսաստանի հետ ունենալ ջերմ հարաբերություններ, աշխատել իրար հետ։ Հիմնական մեր նպատակն այն է, որ մենք ուզում ենք, որ երիտասարդներն իմանան, թե կազակներն ովքեր են»։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG