Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ն ևս չի բացառում իշխանության վերարտադրման սցենարը


Դաշնակցությունը, սակայն, համոզված է, որ երկրի կառավարման խորհրդարանական մոդելը նվազեցնում է իշխանության վերարտադրման հնարավորությունը։

Սահմանադրական բարեփոխումների միջոցով Սերժ Սարգսյանի վերարտադրման սցենարը Հայ հեղափոխական դաշնակցությունը նույնպես իրատեսական է համարում:

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը և «Ժառանգությունը» համոզված են՝ բարեփոխումները նախաձեռնվել են մեկ մարդու, տվյալ դեպքում Սերժ Սարգսյանի վերարտադրման համար՝ հաշվի առնելով, որ գործող Սահմանադրությամբ նա երրորդ անգամ նախագահ դառնալու հնարավորություն չունի:

Ոչ իշխանական ուժերի համոզմամբ, անցում կատարելով խորհրդարանական համակարգին, իշխանության լծակները կկենտրոնացվեն խորհրդարանում, իսկ Ազգային ժողովի նախագահ կդառնա Սերժ Սարգսյանը՝ այդ կերպ հսկողության տակ պահելով բոլոր իշխանական լծակները:

Կիսելով այս հարցում ՀԱԿ-ի, «Ժառանգության» և ԲՀԿ-ի մտահոգությունները՝ միևնույն է ՀՅԴ ղեկավար անդամ Աղվան Վարդանյանը կողմնակից է բարեփոխումներին՝ համոզված լինելով, որ երկրի կառավարման խորհրդարանական մոդելը նվազեցնում է իշխանության վերարտադրման սցենարը:

«Այդ սցենարը հավանական ենք համարում, և նաև տեսնելով իշխանության բնույթը, միակուսակցական համակարգը՝ վստահ ենք, որ իշխանությունը ունի իր հաշվարկները, չի բացառվում, որ հենց այդ նպատակը ունի։ Բայց մենք ասում ենք՝ եթե մենք գնանք անձերի խնդրով՝ այս անձը կմնա, թե մյուսը կգնա, մենք սրանով խնդիրը չենք լուծում, մեր խնդիրը անձերը չեն։ Ինձ համար ոչ մի տարբերություն չկա, եթե նույն համակարգը մնում է, մեկ ուրիշ ուժ է դառնում մեծամասնություն, մեկ ուրիշ ուժի ղեկավար է դառնում, համակարգը մնում է նույնը և հայելային արտապատկերում է լինում»,- ասաց Վարդանյանը։

«Մեր առաջարկած փոփոխությունների պարագայում իշխանության վերարտադրման հնարավորությունը շատ ավելի նվազելու է։ Ե՞րբ կարող է Սերժ Սարգսյանը դառնալ Ազգային ժողովի նախագահ. Այն դեպքում, եթե Հանրապետական կուսակցությունը ունենա մեծամասնություն խորհրդարանական ընտրություններում։ Մենք ասում ենք՝ եկեք սրա դեմը առնենք, սա թույլ չտանք, մեխանիզմ մշակենք, որ սա չլինի»,- ասաց դաշնակցական առաջնորդը։

Անդրադառնալով ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, «Ժառանգության» այն պնդումներին, թե Սերժ Սարգսյանը հեռացող նախագահ է, և հաշվի առնելով, որ չի կարող իր շուրջը կոնսոլիդացիա ստեղծել, փորձում է վերարտադրվել, Աղվան Վարդանյանը հիշեցրեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրինակը։

«2006 թվականին, երբ երկրորդ նախագահը հեռացող նախագահ էր, նա ուղղակի զրոյից, ոչ մի տեղից կարողացավ ստեղծել կուսակցություն, որը մեկ տարի հետո ընտրություններում հսկայական ձայն բերեց և այսօր լուրջ գործոն է քաղաքական դաշտում»,- ասաց Վարդանյանը։

Դաշնակցությունը հրաժարվեց հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում նախատեսված ոչ իշխանական ուժերի հանրահավաքից հենց սահմանադրական բարեփոխումների հարցում ունեցած տարաձայնությունների պատճառով: Այսօր Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը զգուշացրեց՝ եթե ՀԱԿ-ը ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» այդ հանրահավաքում իրենց պայքարի հիմնական հարց դարձնեն սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարը, ապա կնպաստեն իշխանության դիրքերի ամրապնդմանը և վերարտադրմանը։

«Ես չեմ բացառում, որ հենց քառյակին և ընդհանրապես մեր երկրի պետականության հետագա ընթացքին ամենամեծ վնասը կարող է տալ այն, որ եթե հանկարծ առաջիկա այս աշնանային զարգացումներում՝ հանրահավաքում կամ հանրահավաքներում մեր գործընկերները որոշեն հիմնական հարց, պահանջ դարձնել սահմանադրական փոփոխություններից հրաժարվելը։ Եվ չուզենալով, կամա թե ակամա հանրահավաքին մասնակցող ուժերը կնպաստեն իշխանության վերարտադրմանը»,- ասաց նա։

«Ես կարծում եմ, որ լավագույն ճանապարհը այն է, ինչ մենք ասում ենք, անկախ նրանից ինչ պիտակավորումներ կստանանք։ Ինչպես ասել էր Շեքսպիրը՝ «կատուն կմլավի, շունն էլ կհաչի»»,- ասաց Վարդանյանը։

Աղվան Վարդանյանը չի բացառում, որ իրականում Հանրապետականը դեմ է խորհրդարանական համակարգին և, կարող է ի վերջո հրաժարվելով բարեփոխումներից, մեղքը բարդել ոչ իշխանական ուժերի վրա: Վարդանյանը հիշեցնում է, որ սահմանադրական բարեփոխումները նախաձեռնած Սերժ Սարգսյանը ասել է, թե դեմ է երկրի կառավարման մոդելի փոփոխությանը և չի բացառվում, որ նա ի վերջո մերժի կիսանախագահականից խորհրդարանական մոդելի անցում կատարելու առաջարկը: Դաշնակցության ղեկավար անդամն այդ իսկ պատճառով կարևոր է համարում սպասել հոկտեմբերին ներկայացվելիք սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին, որից հետո կներկայացնեն իրենց փաթեթը:

«Ես չեմ բացառում, որ կարող են նույնիսկ լինի խորհրդարանական համակարգի ինչ-որ մի տարբերակ, բայց իրականում իր մեջ ունենա շատ ավելի մեծ վտանգներ։ Այս ամենը պետք է տեսնել և քննարկել։ Կլինի խորհրդարանական համակարգ, բարի՛, բայց բովանդակությամբ կլինի՞ մեր պատկերացրածը, մենք կողմ կլինենք, չի լինի, դեմ կլինենք»,- ասաց նա։

XS
SM
MD
LG