Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը այցելում է Վատիկան


Президент Армении Серж Саргсян выступает на открытии выставки «Притча Востока: Христианство перед вызовами нового тысячелетия» в музейном комплексе Витториано, Рим, 18 сентября 2014 г․
Президент Армении Серж Саргсян выступает на открытии выставки «Притча Востока: Христианство перед вызовами нового тысячелетия» в музейном комплексе Витториано, Рим, 18 сентября 2014 г․

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ պաշտոնական այցով մեկնել է Վատիկան, որտեղ մասնակցել է «Արևելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացմանը:

Սուրբ Աթոռում բացված ցուցահանդեսի առանձին բաժին է կազմել Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացումը փաստող վավերագրական ֆիլմը:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ցուցահանդեսի ժամանակ ունեցած ելույթում Սարգսյանը կարևորել է, որպեսզի «ցեղասպանություններին, այլատյացության սերմանմանը, մշակութային արժեքների բարբարոսաբար ոչնչացմանը» ժամանակին, հստակ և ոչ երկիմաստ գնահատականներ տրվեն, հավելելով, որ հակառակ դեպքում դա «հանգեցնում է այդ ամենի կրկնությանը»:

«Քիչ առաջ մենք հնարավորություն ունեցանք դիտելու, թե ինչպես նպատակաուղղված կերպով ոչնչացվեցին Ջուղայի միջնադարյան հայկական խաչքարերը՝ հայ ժողովրդի ինքնության, մշակույթի և հավատքի ակնառու կոթողները։ Ջուղայի դարավոր գերեզմանոցի ոչնչացումը` իր 9-ից 16-րդ դարեր թվագրվող հազարավոր նրբատաշ, եզակի խաչքարերով, վերջին երկու տասնամյակում Նախիջևանի և Ադրբեջանի ողջ տարածքի հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության իսպառ ոչնչացման քաղաքականության վայրագ դրսևորումն էր, որն այդպես էլ չստացավ միջազգային հանրության պատշաճ գնահատականը», - ասել է Սարգսյանը՝ շարունակելով․ - «Ի՞նչ եք կարծում, որքան մարդ տարածաշրջանում ու ողջ աշխարհում եզրակացրեց, որ փաստորեն կարելի է քլունգներով հիմնահատակ փշրել մի ողջ ժողովրդի՝ դարերով ամբարած մշակութային ժառանգության կոթողները և պարզապես անպատիժ մնալ: Իհարկե՛, շատ շատերը: Այդ դեպքում ինչու՞ չպետք է Նախիջևանում այդպես հեշտորեն իրականացվածը չկրկնեն Իրաքում, Սիրիայում կամ մեկ այլ վայրում: Եվ կրկնում են, ինչպես ակնառու վկայում է այս ցուցահանդեսը»:

«Մի քանի ամսից մենք խնկարկելու ենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը՝ մարդկության դեմ գործված մի հանցագործության, որը, ավաղ, մինչ օրս պատշաճ գնահատականի չի արժանացել: Բայց այլընտրանք պարզապես չկա. այդ գնահատականը վաղ թե ուշ լինելու է, լինելու է ամբողջական, համապարփակ և միարժեք», - ասել է Հայաստանի նախագահը:

Սերժ Սարգսյանը այցելել է նաև Սան Բարտոլոմեո (Սուրբ Բարդուղիմեոս) եկեղեցի, որի մատուռներում տեղ են գտել քրիստոնյա նահատակների՝ այդ թվում Հայոց ցեղասպանության նահատակների վերաբերյալ հիշատակումներ: Եկեղեցու գլխավոր խորանի առջև Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել նահատակների հիշատակին:

Դիմելով եկեղեցում հավաքված հավատացյալ ժողովրդին՝ Հայաստանի նախագահը նշել է, որ հայ ժողովրդի պատմության մեջ եկեղեցին առանձնահատուկ նշանակություն և դերակատարություն է ունեցել: Նա ընդգծել է, որ Սուրբ Բարդուղիմեոսը, ում անունով կոչվում է Հռոմում՝ Տիբեր կղզու վրա գտնվող այս եկեղեցին, համարվում է Հայ եկեղեցու հիմնադիրներից մեկը:

Ի պատիվ Սարգսյանի Սան Էջիդիո քրիստոնեական համայնքի անունից տրվել է ճաշ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG