Մատչելիության հղումներ

Փաստաբանը ընդդեմ իրավապաշտպանի


Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ իրեն դատի տալով Ռուբեն Բալոյանը փորձում է խուսափել կարգապահական վարույթից:

Դերասան Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանն անցյալ շաբաթ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին խնդրել է լրագրող, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին պարտավորեցնել հերքում հրապարակել: Դատական հայցի առիթը «Հանուն իրավունքների» ինտերնետային պարբերականում հուլիսի 21-ին Ժաննա Ալեքսանյանի հրապարակած հոդվածն է:

Ըստ հոդվածի՝ Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստից հետո տուժող կողմի շահերը ներկայացնող Ռուբեն Բալոյանը դատարանի բակում Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին սպառնալից տոնով ասել է՝ «Արա, ես քո հետ տղայականով եմ խոսում, ոչ թե որպես փաստաբան»:

Այս հոդվածից հետո փաստաբանը հերքում է պահանջել:

«Հանուն իրավունքների» ինտերնետային պարբերականում Ռուբեն Բալոյանի խնդրանքով հրապարակվել է «Ռուբեն Բալոյանը հերքում է պահանջում վերնագրով» հոդվածը: Այդ հոդվածում Ժաննա Ալեքսանյանը գրել էր, որ Բալոյանի հերքումը հրապարակում է՝ «հարգելով նրա խոսքի իրավունքը»:

Ռուբեն Բալոյանն «Ազատության» հետ զրույցում մտացածին որակեց նախորդ հոդվածի վերնագիր դարձած արտահայտությունը․ - «Եթե խոսքի մեջ ինչ-որ բառ օգտագործել եմ, դա չի նշանակում, որ ես, ասենք, ․․․ Էս վերնագիրը մտացածին է: Նման բան ես չեմ ասել: Ես դիմել եմ իրան վրդովված, որ ինչու ես դատարանում ստում»:

Եթե հերքումը եղել է, հիմա ինչո՞ւ է դատարան դիմել փաստաբանը: Լրագրող Ժաննա Ալեքսանյանն «Ազատության» հետ զրույցում տարօրինակ համարեց Բալոյանի պահանջը․ - «Ըստ էության պահանջում է, որ մենք հերքենք հերքումը: Ես գրել եմ այն, ինչ որ ես տեսել եմ ու ինչ որ ես լսել եմ: Ես վստահ եմ, որ ինձ դատի տալով՝ փորձում է խուսափել կարգապահական վարույթից»:

Ժաննա Ալեքսանյանը Վարդան Պետրոսյանի գործով դատավարությանը հետևել է՝ լսելով Ռուբեն Բալոյանի հրապարակային հայտարարությունները․ - «Քարոզչություն էր տանում, որ Վարդան Պետրոսյանը խմած է եղել: Սա ողբերգական միջադեպ է, և սովորաբար փաստաբաններն են այդ հաշտեցմանը նպաստում, ոչ թե լարվածություն ստեղծում»:

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն «Ազատության» հետ զրույցում վկայեց, որ Ժաննա Ալեքսանյանի հրապարակած խոսքերը համապատասխանում են իր տեսածին և լսածին:

«Ժաննա Ալեքսանյանն իր հոդվածում մանրամասն նկարագրել է, թե ինչ է տեղի ունեցել: Դա իրականություն է: Պետք է հասկանանք, թե ինչպես է հնարավոր, որ մի քանի տեղում կանգնած մարդիկ լսեն այնպես, ինչպես ասում է Ժաննա Ալեքսանյանը և միայն Բալոյանը, ով արել է այդ արտահայտությունը, ասի՝ չէ, ես նման բան չեմ ասել: Որ փաստաբանը պետք է ամեն ինչ անի, որ կողմերի միջև վեճ չհրահրի: Փաստը մնում է փաստ, որ ինքն էլ է ընդունում, որ իր գործողությունների արդյունքում հրահրվել է վեճ: Դա բավարար է մարդուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար», - նշեց Բաղդասարյանը:

Հայտնվելով դատական քաշքշուկի մեջ՝ իրավապաշտպանն ասում է, որ հոդված հրապարակելիս կատարել է իր մասնագիտական պարտքը:

Այս գործով դատական առաջին նիստը նշանակված է նոյեմբերին:

XS
SM
MD
LG