Մատչելիության հղումներ

8.5 տարվա ազատազրկման պահանջը «իշխանությունների վրեժխնդրությունն է»


Շանթի և ընկերների գործով անցնող Վահե Մկրտչյանի կնոջ խոսքով՝ առաջիկա տարիներն անազատության մեջ անցկացնելու հեռանկարն իր ամուսնուն հետ չի պահի սկսած գործից:

Վահե Մկրտչյանի կինը 5 և 6 տարեկան երկու աղջիկներին ասում է, թե հայրը աշխատանքի է, շուտով տուն է վերադառնալու: Շուրջ մեկ տարի է, ինչ 43-ամյա Վահեն ճաղերի հետևում է: Նոյեմբերի 5-ին նա միացել էր Շանթ Հարությունյանի երթին: Կինը՝ Մարգարիտան պատմում է, որ այդ օրը կիսատ է թողել տանն ընթացող շինարարական աշխատանքները, խոստացել մի քանի ժամից շարունակել:

«Ասաց, որ խաղաղ երթ է լինելու ժամը 5-ին, գնում եմ երթի, կգամ և երեկոյան ինչքան էլ ուշ լինի, մենք կշարունակենք աշխատանքը: Նույնիսկ գործիքները չտեղավորեցի: Սպասում էի, որ կգա»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Մկրտչյանի կինը:

Մարգարիտան երեխային դասերից տուն բերելու է գնում ամուսնու նկարով շապիկով՝ «Ազատություն քաղբանտարկյալ Վահե Մկրտչյանին» գրությամբ: Դպրոցը հատուկ են ընտրել, Վահեի ու Շանթի մարտական ընկերոջ, ազատամարտիկ Գագիկ Ստեփանյանի՝ Հեթանոս Գագոյի անունով է:

Վահե Մկրտչյանը Շանթի հետ ընկերություն է անում Ղարաբաղյան պատերազմի տարիներից: Հիմա դատարանի առջև է կանգնած՝ ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու և խուլիգանության մեղադրանքով:

«Բայց ես էնտեղ ոստիկան չեմ տեսնում, որին Վահեն դիմադրել է: Ուղղակի քաղաքացիական հագուստով մարդիկ էին, որոնք բռնել էին նրա վզից ու տեսանյութերում պարզ երևում է, թե ինչպես էր նրանցից մեկը փորձում Վահեին խեղդել: Ձեռքը դրել էր կոկորդին՝ նստարանին հենած՝ խեղդում էր: Ինչո՞ւ չպատժվեց էդ մարդը: Նկուղներո՞ւմ է թաքնված, չեն տեսնում, որ ով է», - նշեց Մարգարիտան:

Մեղադրող դատախազը այս գործով ամենածանր պատիժը պահանջել է Վահե Մկրտչյանի համար՝ 8.5 տարվա ազատազրկում: Մկրտչյանի կինն ասում է, որ սա իշխանությունների վրեժխնդրությունն է, ուղերձ բոլոր նրանց, ովքեր կփորձեն դժգոհության ձայն բարձրացնել:

«Իրենք ուզում են մինչև վերջ տանել տղաներին կոտրելու համար, բայց ինձ չի թվում, որ էդ տարիները կարող են որևէ բանից հետ պահել: Իր հայրենիքը ազատ տեսնելու համար մինչև վերջ ամեն ինչի էլ կգնա: Էդ հոդվածը բոլորինս է, որ նայեք, եթե ինչ-որ մեկն էլ փորձի Վահեի նման համարձակ գործել, էս տարիներն են սպասվում», - ընդգծեց Վահե Մկրտչյանի կինը:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը պահանջվող այս խիստ պատժաչափերը քաղաքական հաշվեհարդար է որակում.- «Որպեսզի էս մարդկանց բերանը փակեն, թույլ չտան նրանք ինչ-որ քայլեր անեն»:

Իրավապաշտպանը չի բացառում, որ հենց դատախազի պահանջած պատժաչափերն էլ տեղ գտնեն դատավճռում, ասում է՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը դեռ մարտի 1-ի գործերից է հայտնի պատվեր կատարելու հմտություններով:

Ժաննա Ալեքսանյանը հակադարձեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ նախօրեին արած հայտարարությանը, թե չի կարծում, որ դատարանը կառաջնորդվի վրեժխնդրությամբ:

«Ոստիկանապետը չէր բավարարվել միայն այդ սադրանքով, նաև գիտենք էդ բռնության դեպքերը: Իսկ հիմա ոստիկանապետը չքմեղանում է և զարմանում է և կարծում է, որ այդ պատժաչափը չի լինի, երբ որ այս ամեն ինչի հիմքը և նախադրյալները դրել է հենց ինքը», - նշեց իրավապաշտպանը:

XS
SM
MD
LG