Մատչելիության հղումներ

Օհանյան. «Ադրբեջանը փորձում է լարվածություն ստեղծել շփման գծում»


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի համոզմամբ՝ հերթական հայ զինծառայողի սպանությամբ Ադրբեջանը փորձում է լարվածություն ստեղծել շփման գծում:

Այսօր Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հաղորդեց, որ առավոտյան 9.15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի կրակոցից սպանվել է զինծառայող, 1990 թվականին ծնված Մհեր Հովհաննեսի Հակոբյանը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պնդեց, թե Բաքուն հրադադարը խախտում է բանակցային գործընթացը խոչընդոտելու համար, և չբացառեց, որ Ղարաբաղի բանակը կարող է պատասխան քայլեր ձեռնարկել:

«Դեպքը Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից անպատիժ չի մնա, բայց սա նաև արդյունք է նրա, որ հակառակորդը բոլոր այսպիսի միջոցառումների, հանդիպումների, տարբեր միջազգային միջոցառումների շրջանակներում փորձում է խախտել և լարվածություն ստեղծել։ Իհարկե, աննպատակ և անպատասխանատու վերաբերմունքի շնորհիվ է, որ լինում են երկուստեք կորուստներ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Օհանյանը։

Սոչիում օգոստոսի 10-ին տեղի ունեցավ եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև։ Միակ բանը, որ կրկնեցին երեք նախագահներն էլ, պնդումն էր, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով: Նախագահների հանդիպումից հետո հայ-ադրբեջանական, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածությունը թուլացավ։

Եռակողմ հանդիպումից հետո Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին Հայաստանին և Ադրբեջանին կոչ արեց գտնել հակամարտության լարման թուլացման մեխանիզմներ։ Պետքարտուղարը նաև կոչ արեց աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ովքեր պատրաստակամ են օգնել խաղաղ և երկարաժամկետ կարգավորման հասնելու հարցում:

Սեպտեմբերի վերջին ՄԱԿ-ում նախատեսվում է արտգործնախարարների մակարդակով հանդիպում, իսկ նոյեմբերին՝ Ֆրանսիայի նախագահի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ։

«Ազատության» հարցին, թե ինչի՞ մասին է վկայում այսօր զինծառայողի մահվան դեպքը, Օհանյանը պատասխանեց. - «Կարծում եմ, որ սա նրա արդյուքն է, որ մեր հարևանները միշտ բացառել են վստահության մթնոլորտի ստեղծման միջոցառումների իրականացումը, ասել է թե՝ հետ քաշել դիպուկահարներին, զերծ մնալ կրակոցներից, դիվերսիոն հետախուզական գործողություններից, և ամենակարևորը՝ միջազգային հետաքննություն անցկացնել։ Ամեն անգամ այս խախտումները միջազգային ասպարեզում հենց այնպես անցնում են, միայն ու միայն վերլուծության արդյունք են դառնում կամ Հայաստանի հանրապետության Զինված ուժերի կամ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատարության համար, որոնք որ ինքնուրույն արդեն իսկ այդ իրավիճակում պատժելու, պարտադրելու միջոցառումներ են իրականացնում»։

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հակառակորդի գնդակից սպանված զինծառայող Մհեր Հակոբյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` Հայաստանի քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով (ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանությունը):

XS
SM
MD
LG