Մատչելիության հղումներ

ՎՊ-ն անարդյունավետ ծախսեր է վերհանել դպրոցաշինության ծրագրում


ՎՊ-ն անարդյունավետ ծախսեր է վերհանել դպրոցաշինության ծրագրում
please wait

No media source currently available

0:00 0:04:14 0:00

Կառավարության այսօրվա նիստում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը դարձյալ մտահոգություն հայտնեց պետական բյուջեի անարդյունավետ ծախսման վերաբերյալ։

Հարցն առաջ եկավ այն բանից հետո, երբ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն առաջարկեց այս տարվա պետբյուջեով նախատեսված 13 դպրոցների վերակառուցման աշխատանքների ժանկետը երկարաձգել մինչև 2016-17 թվականներ։

Վերահսկիչ պալատը ստուգել է իրականացվող ծրագիրը և պարզել, որ անցած տարվա դրությամբ 2006-2013 թվականների ծրագրով նախատեսված 74 դպրոցներից ոչ մեկի շինարարությունն ավարտված չէ, թեև ծախսվել է նախատեսված գումարի շուրջ 70 տոկոսը։ Ավելին, ըստ Վերահսկիչ պալատի նախագահի, ծրագիրն իրականացնելիս Կառավարությունը պատշաճ ուշադրություն չի դարձրել սեյսմակայնության խնդիրներին. - «Եվ այս հարցը բարձրացնելուց հետո Քաղաքաշինության նախարարության, Քաղաքաշինության նախարարությանը ԾԻԳ-ի (ծրագրի իրականացման գրասենյակ) և Վերահսկիչ պալատի մասնագետների մասնակցությամբ խորհրդակցություններից հետո, ցավոք սրտի, այս բոլորը հաստատվեց: Եվ նույնիսկ արձանագրվեցին դպրոցներ, որտեղ կատարված աշխատանքները․․․ պիտի քանդվեին, որովհետև չէր կարելի այդ գումարները ներդնել, աշխատել, քանի որ սեյսմակայունություն խնդիրները արված չեն»:

Վերահսկիչ պալատն ունի փաստեր, որ դպրոցներում ընդամենը մի քանի տարի առաջ կատարված որոշ աշխատանքներ այսօր արդեն պիտանի չեն. - «Մեր ուսումնասիրությամբ` երեք միլիարդի չափ գումար ծախսվել է այդ դպրոցների վրա: Ես համոզված եմ, որ մասնագիտական եզրակացությամբ 2016-17 թվականներին հաստատ առաջարկվելու է նաև, որ դրանցից շատ-շատերը քանդվեն: Կամ ուժեղացման համար, համոզված եմ, նաև լրացուցիչ գումարների խնդիր է լինելու»:

Զաքարյանը հարց հնչեցրեց` եթե 13 դպրոցների վերակառուցումը տեղափոխվում է 2016-17 թվականներ, ապա ի՞նչ ճակատագիր է սպասվում ծրագրով անցնող մյուս վեց տասնյակ կրթօջախներին։ Եվ դա միակ հարցը չէր. - «Երկրորդ, արդյո՞ք մենք ունենք հստակ ծրագիր, որտեղ իմանանք` այս 74 դպրոցների շինարարությունը երբ ենք ավարտելու: Որովհետև այստեղ նաև արդյունավետության խնդիր կա, և Վերահսկիչ պալատը իր եզրակացության մեջ շատ հստակ գրել է, որ պայմանագրերով նախատեսված աշխատանքների համար կատարման ժամկետները հստակեցված չեն, և դպրոցաշինության ծրագիրը նման մեթոդներով շարունակելու դեպքում պետական բյուջեի միջոցների ծախսման արդյունավետությունը կդրվի հարցականի տակ: Որովհետև որևէ մեկը այսօր չի կարող վիճարկել, որ 6, 7, 8, 9, արդեն 10 տարվա կտրվածքով 20, 25, 30 միլիոն դրված գումարները այսօր ինչ վիճակում են, ընդհանրապես` այդ կատարված աշխատանքները»:

«Հնչեցված մտահոգություններն ու բերված փաստարկներն իրական են», - ասաց Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ու պարզաբանեց, որ այդ 13-ը հենց այն դպրոցներն են, որոնց վրա վերջին 7 տարվա ընթացքում գումարներ են ծախսվել, սակայն հիմա տեխնիկական եզրակացությունից պարզվել է, որ նախորդ տարիներին կատարված շինարարությունը պետք է քանդվի։

Ըստ նախարարի, հենց դա է շինարարական աշխատանքները 2016-17 թվականներ հետաձգելու պատճառը. - «Օբյեկտների միջին արժեքները 1 միլիարդ դրամ է: 13-ը հսկայական գումար է կազմում` 1 միլիարդ 400 հազար: Այդ 13 օբյեկտները հիմա թողնել բյուջեում, դա նշանակում է խիստ անարդյունավետ օգտագործել պետական միջոցները»:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանին ևս հարցը մտահոգեց. ինչպե՞ս կարելի է դպրոց կառուցել՝ առանց սեյսմիկ անվտանգության հարցերն ուսումնասիրելու:

«Պարզվում է, որ ծախսված գումարներն առ ոչինչ են», - արձագանքեց Աբրահամյանը:

Գործադիրի ղեկավարն առաջարկեց բյուջեից միլիարդավոր դրամներ պահանջող այս ծրագրի արդյունավետության շուրջ խորհրդակցություն անցկացնել։

«Թրանսփարենսի ինտերնեշնլ - Հայաստան» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանը թեև հնարավոր է համարում, որ լինեն ծրագրի նման վիճակում հայտնվելու օբյեկտիվ պատճառներ, այդուհանդերձ պնդում է, որ դրանով պետք է զբաղվեն իրավապահները։

«Հավանակաբար, ինչպես լրատվամիջոցներից ես տեղյակ եմ լինում, կամ ժամանակին նմանատիպ ծրագրեր երբ որ մեր կազմակերպությունն իրականացրել է 2003-7 թվականներին, սա խոսում է միայն մի բանի մասին, որ գումարները հիմնականում ոչ իրենց նպատակին են ծախսվել, կամ նախահաշիվը չի պահպանվել, և այն, ինչ որ պետք է ծախսվեր, համարվել է բավարար այդ դպրոցը վերանորոգելու կամ նոր դպրոց կառուցելու համար, այդ գումարը չի հերիքել: Այստեղ, իհարկե, առաջին հերթին պետք է զբաղվեն իրավապահ մարմինները՝ պարզելու համար, թե ինչու չի հերիքել: Այստեղ բավականին լուրջ ռիսկեր կան, որ դա ուղղակի եղել է մսխում»:

XS
SM
MD
LG