Մատչելիության հղումներ

«Փարքինգ սիթի»-ն «իրավունք չունի գումար պահանջել վարորդներից»


«Փարքինգ սիթի»-ն «իրավունք չունի գումար պահանջել վարորդներից»
please wait

No media source currently available

0:00 0:03:47 0:00

Կարմիր գծանշումների դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը այսօր բողոքի ակցիա իրականացրեց Երևանում՝ հորդորելով վարորդներին չվճարել կայանման վարձն ու դրանից հետո ստացված տուգանքները։

Նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը մեջբերում է մի շարք ավագանու ու կառավարության որոշումներ՝ ապացուցելու, որ «Փարքինգ սիթի» ընկերությունը իրավունք չունի գումար պահանջել վարորդներից։ Օրինակ, կառավարության որոշումներից մեկով սահմանվում է, թե ինչպիսին պետք է լինի կայանատեղը, այն պետք է ունենա կահավորում, հատուկ մուտք ու ելք և այլն։

«Թե չէ պարզվում է, որտեղ ներկեցին, դա արդեն դառնում է ավտոկայանատեղ»,- ասաց Հակոբյանը։

Վարդան Հակոբյանն ասում է՝ նախաձեռնության իրավաբանները սրանից բացի մի շարք այլ լուրջ իրավական հիմնավորումներ ունեն, թե ինչու քաղաքային իշխանությունները չպետք է թույլ տային «Փարկինգ սիթի» կամ որևէ այլ ընկերության գումար գանձել կայանման համար։ Վարորդները պատրաստ են գնալ դատարան։ Նախաձեռնության անդամները ամեն օր կայանում են կարմիր գծանշված տարածքում, անհամբեր սպասում են տուգանքի մասին ծանուցման, սակայն ասում են՝ հազվադեպ են տուգանվում։

«Եթե տուգանեն, ես նույնը օրը վիճարկելու եմ Վարչական դատարանում և ունեմ փաստեր, որ դա իրոք հակասահմանադրական է»,- ասաց նախաձեռնության անդամներից մեկը։

Երբ վարորդները չեն վճարում տուգանքները, Երևանի քաղաքապետարանը, ըստ ակտիվիստների, խուսափում է դատարան դիմելուց։ Հակառակ դեպքում, ասում են նախաձեռնության անդամները, արդեն գործեր կունենային դատարանում։

«Հասկանում են, որ օրինական դաշտում չեն կարող սա վիճարկել։ Առաջներում կարողացել են միամիտ մարդկանց վրա միանգամից ուղարկել ԴԱՀԿ-ին, այնտեղ հաշիվները սառեցնելու միջոցով գումարներ կորզել՝ անօրինական»,- ասաց Վարդան Հակոբյանը։

Երևանի քաղաքապետարանը բազմիցս է պարզաբանել, որ մայրաքաղաքում ավտոկայանումը համակարգող ընկերությունը տնօրինում է ստացված եկամտի 70 տոկոսը, մյուս 30-ը ստանում է քաղաքապետարանին։ Հենց այս հանգամանքը հաշվի առնելով՝ նախաձեռնության անդամները հարց են բարձրացնում. եթե չեն ստանում ծառայություն, ինչո՞ւ պետք է հարստացնեն մասնավոր ընկերությունը, իսկ եթե կայանման համար գանձվող գումարն ու տուգանքները հարկեր կամ տուրքեր են, ապա ինչո՞ւ այդ գումարը ամբողջովին չի ստանում պետությունը։

Նախաձեռնությունը դիմել է մարդու իրավունքների պաշտպանին, որը այժմ ուսումնասիրում է ակտիվիստների ու քաղաքացիների բարձրացրած հարցերը։ Բավարար հիմքեր ունենալու դեպքում օմբուդսմենը հնարավոր է այս հարցով դիմի Սահմանադրական դատարան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG