Մատչելիության հղումներ

logo-print

Պետք է անհանգստանալ «ռևանշիզմի և օլիգարխիայի սերտաճումից»


Իշխող Հանրապետականի համոզմամբ՝ անհանգստության առիթը ոչ թե սահմանադրական բարեփոխումներն են, այլ ռևանշիզմի և օլիգարխիայի սերտաճումը:

«Եթե կա անհանգստանալու խնդիր, ապա միակ անհանգստությունը դա ռևանշիզմի և օլիգարխիայի սերտաճումն է», - «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի և «Բարգավաճ Հայաստան»-ի կողմից հնչող մտահագություններին, թե իրականում սահմանադրական բարեփոխումների միջոցով Հանրապետականն ու Սերժ Սարգսյանը ցանկանում են վերարտադրվել: - «Իսկ այդ սահմանադրական բարեփոխումները իմ երկիրը դարձնում են ավելի ժողովրդավարական, բազմակարծությունն ավելի խորացնում է, իշխանությունների տարանջատման սկզբունքը ավելի սկզբունքային և հիմնավոր է դարձնում»:

Անդրադառնալով հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում ոչ իշխանական ուժերի նախատեսած հանրահավաքին, որին քառյակը կմասնակցի եռյակի ձևաչափով (առանց Դաշնակցության)՝ Ազգային ժողովի փոխնախագահն ասաց, թե չի բացառում, որ այդ հանրահավաքում հնչեն «ռադիկալ պահանջներ»՝ ընդունելով, որ դա ընդդիմադիրների իրավունքն է:

Ամեն դեպքում իշխող ուժի խոսնակը չի կարծում, թե եռյակը կարող է լուրջ խնդիրներ հարուցել Հանրապետականի համար․ - «Չեմ կարծում, թե զարգացումները կգնան այդ հունով, որովհետև ի վերջո կա Սահմանադրություն, և ամեն ինչ պետք է լինի Սահմանադրության շրջանակներում: Եվ ես չեմ այն պաշտոնյան, որ պետք է ասեմ, թե ինչ կլինի, եթե որևէ մեկը օրենքը խախտի: Բայց դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունը ունի համապատասխան կառույցներ, որոնք օրենքի սահմաններում պետք է պաշտպանեն հասարակական կարգը»:

Հարցին, թե արդյոք «ռևանշիստների և օլիգարխիայի սերտաճումը» չի սպառնում ՀՀԿ-ին, Շարմազանովն արձագանքեց․ - «Հանրապետականը մեր երկիրը տանում է առաջ, և սահմանադրական բարեփոխումների արդյունքում մեր երկիրը պետք է ավելի ժողովրդավարական լինի: [Իսկ] ժողովրդավարությունը զերծ է ռևանշիզմից և օլիգարխիայից»:

Նշենք, որ Ազատության հրապարակում ոչ իշխանական 3 ուժերի նախատեսած հանրահավաքում իշխանությանը ներկայացված 12 պահանջներից զատ, անդրադարձ է կատարվելու նաև սահմանադրական բարեփոխումներին: ԲՀԿ-ն, «Ժառանգություն»-ն ու ՀԱԿ-ը դեմ են նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած բարեփոխումներին՝ պնդելով, որ այդկերպ Հանրապետականը ցանկանում է վերարտադրվել:

Ազգային ժողովի փոխնախագահի համոզմամբ, մինչդեռ, նման պնդումներ անողները «կա՛մ անգրագետներ են, կա՛մ Սահմանադրությունից ոչինչ չեն հասկանում»:

Նրա փաստարկմամբ՝ այդ ուժերի տրամաբանությամբ ստացվում է, թե Հանրապետականը չպետք է մասնակցի ընտրություններին, քանի որ քաղաքական ուժերը վերարտադրվում են բացառապես ընտրությունների միջոցով: Ազգային ժողովի փոխնախագահը նաև անհասկանալի է համարում եռյակի այն տրամաբանությունը, թե Հանրապետականը ցանկանում է վերատադրվել փոփոխված Սահմանադրության միջոցով՝ անցում կատարելով երկրի կառավարաման խորհրդարանական մոդելին:

Շարմազանովի համոզմամբ՝ այդ նույն հնարավորությունը տալիս է նաև գործող Սահմանադրությունը՝ կառավարման կիսանախագահական մոդելով․ - «Կլինի կիսանախագահական, կլինի նախագահական, կլինի պառլամենտական՝ Հանրապետականը բոլոր ընտրություններում ունենալու է ծանրակշիռ դերակատարում: Եվ նույնիսկ այսօրվա Սահմանադրությամբ եթե Հանրապետականը հաջողության հասնի 2017 թվականին, անկախ նրանից, թե ով է լինելու [20]18 թվականի նախագահը, Կառավարությունը ձևավորելու է Հանրապետականը: Հիմա այդտեղ վերարտադրության խնդիր [կա՞]: Գոնե որ մի բան ասում են, թող մտածեն: Գոնե երբ մի հարցում մեզ մեղադրում են, թող գոնե փաստարկները մի քիչ մանկապարտեզային չլինեն»:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը, մինչդեռ, պնդում է, որ այս բարեփոխումներն արվում են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը երրորդ անգամ նախագահ ընտրվելու հնարավորություն չունի, իսկ Սահմանադրությունը փոփոխելով և լիազորությունները խորհրդարանում կենտրոնացնելով՝ նա կարող է ստանձնել Ազգային ժողովի նախագահի պաշտոնը:

Այսպիսով իշխանությունների նախաձեռնած սահմանադրական բերափոխումները պատճառ դարձան, որ գոնե այս հարցում ոչ իշխանական քառյակը վերածվի եռյակի: Դաշնակցությունը չի մասնակցի ինչպես հանրահավաքին, այնպես էլ դրան նախորդելիք մարզային այցելություններին:

Հարցին, թե արդյոք իշխանությունը մտածված նախաձեռնեց սահմանադրական բարեփոխումները, ինչի մասին խոսում են նաև ընդդիմադիրները, Էդուարդ Շարմազանովն արձագանքեց, թե «պառակտման պատճառը 4 ուժերի գաղափարական տարաձայնություններն են»․ - «Իշխանությունն այդքան մանր չի, իշխանության մակարդակը պլինտուսից ցածր չի․․․ Իշխանությունը շատ ավելի վեհ գաղափարներով է գնում: Որովհետև իշխանության խնդիրը ոչ թե քառյակում կռիվ գցելն է, նոր քառյակներ և եռյակներ ձևավորելն է: Իշխանության խնդիրն ավելի գլոբալ է՝ համակարգային բարեփոխումների իրականացումը: Այն, ինչի մասին, ի դեպ, խոսում էին այդ քաղաքական ուժերը նախագահական ընտրություններից առաջ»:

XS
SM
MD
LG