Մատչելիության հղումներ

Երևանի թիվ 59 դպրոցի ծնողական խորհրդի նախագահի խոսքով՝ դասարանները պետք է մաքրեն ծնողները:

Թիվ 59 դպրոցում սովորող երկու երեխաների հայրը, ով չցանկացավ ներկայանալ, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ յուրաքանչյուր ամիս դպրոցի ծնողական խորհրդի նախագահը գումար է հավաքում հավաքարարներ վարձելու և դասարանների մաքրությունն ապահովելու համար, իսկ այն ծնողները, ովքեր հրաժարվում են վճարել, անձամբ պետք է մասնակցեն դասասենյակները մաքրելու գործին:

«Արձակուրդային ինչո՞ւ պիտի վճարենք», - հարցնում է երկու դպրոցականների հայրը:

Թիվ 59 դպրոցի ծնողական խորհրդի նախագահ Քրիստինե Օրդուխանյանը թեև պնդում է, որ արձակուրդային վճարելու համար գումար չի հավաքվել, սակայն նաև չի հերքում, որ օգոստոսին դրսից հավաքարարներ են բերել՝ դասասենյակները մաքրելու և ուսումնական նոր տարվան նախապատրաստվելու համար: Ծնողական խորհրդի նախագահի խոսքով՝ անգամ ախտահանում են իրականացրել:

«Պատուհան է լվացվում, կավրալիտ ունենք փռած: Ամեն ինչ համար գումար է հարկավոր», - «Ազատությանը» փոխանցեց Օրդուխանյանը:

Նա նաև ասում է, որ դասարանները պետք է մաքրեն ծնողները: Բայց քանի որ նրանցից շատերը զբաղված են լինում, հենց իրենք են առաջարկում գումար վճարել դասարանների մաքրության համար:

«Բոլորը ծնողների հետ համաձայնեցվում է: Բոլորը դիմում են գրում, որտեղ նշվում է, որ ծնողները խնդրում են որոշակի գումար հավաքել դրսից հավաքարարներ հրավիրելու և դասարանները մաքրելու համար», - նշեց ծնողական խորհրդի նախագահը:

Թիվ 59 դպրոցի տնօրեն Սամվել Ադամյանը «Ազատությանը» փոխանցեց, որ իսկապես դպրոցում աշխատող 2 հավաքարարները դասարաններ չեն մաքրում, քանի որ դա նրանց պարտականությունների մեջ չի մտնում:

Տնօրենի խոսքով՝ սովորաբար դասղեկներն ու դասվարները երեխաների հետ միասին կազմակերպում են դասարանի մաքրությունը, բայց լինում են դեպքեր, երբ հավաքարարներ են վարձվում, քանի որ երկու հավաքարարները չեն հասցնում երեք մասնաշենք մաքրել:

Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի խոսքով՝ յուրաքանչյուր դրամահավաք, այդ թվում՝ հավաքարար վարձելու համար, օրինական չէ: Ըստ նրա, կոնկրետ բողոքներ ստանալու դեպքում նախարարությունն անմիջապես արձագանքում է:

«Չի կարելի, որպեսզի հավաքարարի համար դրամ հավաքվի, չի թույլատրվում: Տնօրենը պիտի գտնի ճանապարհ: Հավաքարարը միայնակ պետք է կարողանա մաքրել, որովհետև դա հենց այդ չափի տարածք է», - ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, սակայն, կոնկրետ բողոքներ հատկապես դրամահավաքության հետ կապված, քիչ են լինում:

Մինչ նախարարությունում պնդում են, որ այս տարի հավաքարարների հետ կապված կոնկրետ բողոք չեն ստացել, երկու երեխաների հայրն ասում է, որ նախարարության թեժ գիծ զանգահարել է, բայց արձագանք չի եղել, և դրամահավաքությունը շարունակվում է:

XS
SM
MD
LG