Մատչելիության հղումներ

Շոտլանդացի ընտրողները սեպտեմբերի 18-ին իրենց քվեարկությամբ կորոշեն՝ մնա՞լ Միացյալ Թագավորության կազմում, թե՞ դառնալ անկախ:

Վերլուծաբանները դժվարանում են կանխատեսումներ անել արդյունքների վերաբերյալ: Բրիտանական կառավարությունը, մինչդեռ, համառորեն պայքարում է հանրաքվեն տապալելու ուղղությամբ:

Պաշտոնական Լոնդոնը ջանքեր է գործադրում շոտլանդացիներին այդ որոշումից հետ պահելու համար: Վարչապետ Դեյվիդ Քեմերոնը վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկու անգամ այցելել է Շոտլանդիա: Նա Շոտլանդիայի անջատական տրամադրությունները որակել է «պատմական ապահարզան, որը չունի հետադարձի ճանապարհ»:

1707 թվականից Անգլիայի կազմում գտնվելուց ի վեր Շոտլանդիան մշտապես նախկին լիազորությունները հետ ստանալու պահանջներ է ներկայացրել: Ի վերջո հաջողել է սեփական խորհրդարան ունենալ, որին լիազորված է որոշումներ ընդունել առողջապահության, կրթության, տեղական կառավարման ոլորտներում:

2011-ին խորհրդարանում ձայների մեծամասնություն ստացած Շոտլանդիայի ազգային կուսակցությունը երաշխավորեց հանրաքվե անցկացնելու մանդատը: Այնուհետև Միացյալ Թագավորությունն ու Շոտլանդիան ստորագրեցին «Էդինբուրգի համաձայնագիրը», որի շնորհիվ Շոտլանդիան ստացավ հանրաքվե անցկացնելու հնարավորություն:

Հանրաքվեի արդյունքները կճանաչվեն՝ անկախ քվեարկողների թվից: Ամեն դեպքում սպասվում է մասնակցության բարձր ցուցանիշ, քանի որ քվեարկելու համար սեպտեմբերի 2-ի դրությամբ գրանցվել է շոտլանդացի ընտրողների 97 տոկոսը:

Հանրաքվեի արդյունքները դրական լինելու դեպքում Շոտլանդիան անկախություն ձեռք կբերի 2016 թվականի մարտի 24-ին: Անկախությունից հետո Շոտլանդիան խոստանում է պահպանել հավատարմությունը Մեծ Բրիտանիայի թագուհուն․ նա լինելու է Շոտլանդիայի պետության ղեկավարը:

Անկախ Շոտլանդիան ծրագրում է պահպանել նաև բրիտանական ֆունտ սթեռլինգը, թեև այս հարցը դեռևս բաց է մնում: Անգլիայի պետական դրամատան ղեկավարը հայտարարել է, թե «միասնական արժույթն անհամատեղելի է ինքնիշխանության հետ»:

Անկախության կողմնակիցները, մինչդեռ, նմանօրինակ պնդումները բլեֆ են համարում՝ նշելով, որ միասնական արժույթը բխում է նաև Միացյալ Թագավորության շահերից:

Շոտլանդիան անկախություն ձեռք բերելուց հետո կշտապի դեպի Եվրամիություն, թեև դրա համար բավական երկար ժամանակ կարող է պահանջվել: Բացի այդ, Շոտլանդիայի միանալուն կարող են ընդդիմանալ Եվրամիության անդամ Իսպանիան ու Բելգիան, որտեղ նույնպես զորեղ անջատական տրամադրություններ կան:

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին անդամակցությանը, ապա Շոտլանդիայի ազգային կուսակցությունը, որը հանրաքվեի հիմնական կողմնակիցն է, ցանկանում է անկախ Շոտլանդիան Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում տեսնել, սակայն միևնույն ժամանակ պատրաստվում է հրաժարվել երկրի տարածքում բրիտանական «Թրայդենթ» հրթիռամիջուկային համակարգերի տեղակայումից:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի խոսքերով՝ անկախ Շոտլանդիան պետք է Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հայտ ներկայացնի և հասնի դաշինքի բոլոր անդամների համաձայնությանը:

Հանրաքվեից հետո, անկախ դրա արդյունքներից, փորձագնետների համոզմամբ՝ Շոտլանդիան շահելու է. եթե այնուամենայնիվ պարզվի, որ հանրաքվեի արդյունքները բացասական են, անկախության դեմ հանդես եկող երեք հիմնական կուսակցությունները՝ լեյբորիստները, լիբերալներն ու պահպանողականները ավելի շատ ինքնիշխանություն են խոստանում Շոտլանդիային.

Քեթլին Մուր և Լուսինե Մուսայելյան

XS
SM
MD
LG