Մատչելիության հղումներ

Դատարանն անմեղ ճանաչեց ընդդիմադիր ակտիվիստ Ֆելիքս Գևորգյանին


Ըստ ցուցմունքի, ոստիկանները 2011 թվականին Գևորգյանին առաջադրել էին նախկինում չբացահայտված յոթ դրվագով գողության մեղադրանք։

Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանն այսօր ապացույցների անբավարարության հիմքով անմեղ ճանաչեց ընդդիմադիր ակտիվիստ, 35-ամյա Ֆելիքս Գևորգյանին։

Դավթաշենի դատախազի տեղակալ Ալեքսանդր Աղայանը պահանջել էր երիտասարդ ընդդիմադիրին դատապարտել 5 տարվա ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով մի շարք գողությունների մեջ: Մեղադրողն այսօր դատարանում չէր դատավճռի հրապարակման պահին:

Ընդդիմադիր շարժումներից հայտնի Հայ ազգային կոնգրեսի Աջափնյակի տարածքային կազմակերպության ղեկավար, Մաշտոցի «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Պետրոս Գևորգյանի որդու՝ Ֆելիքս Գևորգյանի հարազատները դատավճռից հետո գրկախառնվեցին և շնորհավորեցին նրան։

Դատավճռի հրապարակումից հետո Ֆելիքս Գևորգյանը բացառեց Հայաստանից արտագաղթելը։

«Դատարանը ճիշտ որոշում կայացրեց՝ արդարացրեց։ Այսօր Հայաստանում շատ օրենքներ չի գործում, բայց մեր դատարանը ինձ արդարացրեց», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գևորգյանը։

Նա հույս հայտնեց, որ այսօրվա դատավճռից հետո իրավապահներն իշխանությունների ցուցումներով կդադարեն իր նկատմամբ հետապնդումները։

Հարցին, թե արդյոք շարունակելու է քաղաքական ակտիվությունը, Գևորգյանը պատասխանեց.- «Այո, ես միշտ էլ պայքարելու եմ արդարության համար: Բոլոր տեղերում»։

Ֆելիքս Գևորգյանին երկու տարի առաջ արդարացրել էր նաև նույն դատարանի դատավոր Դավիթ Բալայանը: Նա, սակայն, չէր նշել արդարացման հիմքը: Վերաքննիչ դատարանն էլ այն ժամանակ դատավճիռը բեկանել էր, քանի որ նշված չի եղել Ֆելիքս Գևորգյանին արդարացնելու հիմքը:

Հետապնդումներ՝ 2008 թվականից

Ֆելիքս Գևորգյանի նկատմամբ իրավապահների «հետաքրքրությունը» սկսվել է 2008 թվականից: Մարտի 1-ի դեպքերից 3 ամիս անց Ֆելիքս Գևորգյանը 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել ապօրինի զենք-զինամթերք հափշտակելու և պահելու մեղադրանքով: 2010-ին համաներմամբ ազատ էր արձակվել: 2011 թվականին, երբ Ֆելիքս Գևորգյանն ակտիվ մասնակցում էր ընդդիմության հանրահավաքներին, կրկին հայտնվել էր ոստիկանների ուշադրության կենտրոնում:

Հատուկ քննչական ծառայությանը, հետո նաև դատական բոլոր ատյաններին ներկայացրած նրա պնդումների համաձայն, ոստիկանությունում տանջել են՝ ոտքը շիկացած երկաթով այրել են, որ տեղի տա և ստանձնի մարտի 1-ի 10 սպանություններից որևէ մեկի պատասխանատվությունը: Մինչ այժմ նրա ոտքին՝ ծնկից ներքև սպի կա:

Ընդդիմադիր քաղաքացին այդպես էլ չի ընդունել չհիմնավորված մեղադրանքը: Ֆելիքս Գևորգյանն իր ցուցմունքներում նշել է, որ այս ամենից հետո, որպեսզի խոշտանգված վիճակում իրեն ազատ չարձակեին, ոստիկանները 3 տարի առաջ նրան էին ներկայացրել նախկինում չբացահայտված 7 դրվագով գողության մեղադրանք, ոստիկանությունում սպառնացել են հաշվեհարդար տեսնել ընտանիքի նկատմամբ, այդ իրավիճակում ստանձնել է գողությունների պատասխանատվությունը, ավելի ուշ՝ հրաժարվել դրանցից, երբ ունեցել է փաստաբան։

Բռնություններ գործադրած ոստիկաններն անպատիժ են: Նրանցից մի քանիսին ընդամենը հեռացրել են համակարգից:

Ֆելիքս Գևորգյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը պատրաստում է երիտասարդ ընդդիմադիրին ոստիկանության բաժնում խոշտանգելու գործով դիմել Եվրոպական դատարան: Նա այսօրվա արդարացման պատճառը հիմնավորեց փաստարկների բացակայությամբ։

«Կարծում եմ, որ այս ապացույցներով նույնիսկ ենթադրյալ հանցագործը չէր դատապարտվի ազատազրկման և, կարծում եմ, որ ցանկացած անձ նման դեպքում կարդարացվեր, իսկ Ֆելիքս Գևորգյանի դեպքում՝ առավել ևս, քանի որ նա ընդհանրապես որևէ առնչություն չուներ»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Գևորգյանի պաշտպանը։

Գևորգյանի հոր խոսքով՝ իշխանություններին այլ բան չէր մնում, քան հրաժարվել իրենց երբեմնի ցուցումից։

«Արդարությունը հաղթանակեց ոչ թե նրա համար, որ իշխանությունները բարեհոգի գտնվեցին, այլ այնքան արդար էր այդ գործը, որ երկու անգամ արդարացվեց»,- ասաց Պետրոս Գևորգյանը։

Հարցին, թե ոստիկանները քաղաքական սրացումների դեպքում արդյո՞ք քրեական գործ հարուցելով կփորձեն իրեն հետ պահել քաղաքական պայքարից, Պետրոս Գևորգյանը պատասխանեց.- «Ինձ երբեք չեն կարող քաղաքական պայքարից հետ պահել, ես Ղարաբաղյան շարժման մասնակից եմ՝ 1980 թվականից, այնպես որ շատ դժվար է, ինձ չեն կարող պահել։ Որ պահեին, էսքան ժամանակ կպահեին»։

Ֆելիքս Գևորգյանն ու աջակիցներն այսօրվա դատավճռից հետո քննարկում էին Հայաստանում իշխանափոխության հասնելու անհրաժեշտությունը:

XS
SM
MD
LG