Մատչելիության հղումներ

"АФК Система"-ի ղեկավարը` մեղադրյալ Լևոն Հայրապետյանի գործով


Խոդորկովսկին նմանություններ է նկատել ЮКОС-ի և "АФК Система"-ի շուրջ ծավալվող իրադարձությունների միջև:

Առաջիկա երկու ամիսները Ռուսաստանի խոշորագույն ֆինանսաարդյունաբերական խմբերից մեկի` "АФК Система"-ի հիմնադիր և ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովը կանցկացնի տնային կալանքի տակ` մերձմոսկովյան Ժուկովկա ավանում գտնվող առանձնատանը:

Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի ձեռքին հատուկ էլեկտրոնային սարք է տեղադրվել, որի միջոցով ոստիկանությունը կհետևի տնային կալանքի պայմանների պատշաճ կատարմանը: Եվտուշենկովը որպես մեղադրյալ է ներգրավվել նույն քրեական գործում, որի շրջանակներում արդեն երկու ամիս է ինչ անազատության մեջ է գտնվում հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը:

Խոսքը 2009 թվականին "Башнефть" նավթային ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման գործարքի ընթացքում "АФК Система"-ի կողմից իբր թույլ տրված չարաշահումների մասին է, որոնց արդյունքում, ըստ քննչական մարմինների, Բաշկիրիայի պետական բյուջեն բազմամիլիարդ կորուստներ է կրել:

«Որքանո՞վ էր ճիշտ, որ Բաշկիրիայի հանրապետության բյուջեն այս գործարքից ոչ մի կոպեկ չի ստացել», - Ուֆայում հրավիրված ասուլիսի ժամանակ նման հռետորական հարց էր հնչեցնում հանրապետության նախագահ Ռուստեմ Խամիտովը:

Ինքը Եվտուշենկովը դեռ 2009 թվականին "Башнефть"-ի ձեռքբերման գործարքը բավական բարձր էր գնահատում` թե' շահավետության և թե' թափանցիկության առումով:

«Սա բավական լավ գործարք է: Սրանք շատ հետաքրքիր ակտիվներ են: Հանրապետությունը բավական լուրջ ջանքեր է գործադրել, միջոցներ ծախսել ընկերության վերակառուցման և արդիականացման համար», - հայտարարում էր գործարարը:

Հիշեցնենք, որ "АФК Система"-ն բավական սերտ կապեր ունի հայկական քաղաքական և տնտեսական շրջանակների հետ: Ընկերության տնօրենների խորհրդի անդամ է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով ղեկավարում է ընկերության կազմում գործող Նշանակումների, վարձատրությունների և կորպորատիվ կառավարման կոմիտեն: 2012-ից "АФК Система"-ի անկախ տնօրեններից է նաև ֆրանսահայ գործարար, Alcatel ընկերության նախկին ղեկավար Սերժ Չուրուքը:

Այսօր, սակայն, ընկերությունն իր գոյության 21 տարիների ընթացքում թերևս ամենածանր կացության մեջ է հայտնվել: Եվտուշենկովի տնային կալանքի մասին լուրը ստանալուց հետո "АФК Система"-ի բաժնետոմսերի գինը Մոսկվայի ֆոնդային բորսայում կտրուկ անկում ապրեց` 37 տոկոսով: "Башнефть"-ի բաժնետոմսերի գինը նվազեց 24 տոկոսով: Իսկ "АФК Система"-ի կազմում առանցքային նշանակություն ունեցող ընկերության` ԱՊՀ-ի տարածքում հեռահաղորդակցության ոլորտի առաջատարներից մեկը համարվող МТС-ի բաժնետոմսերի գինը մոտ մեկ ժամում նվազեց 9 տոկոսով: Բաժնետոմսերի գնի հետագա գահավիժումը կանխելու համար ֆոնդային բորսայի ղեկավարությունը դեռ մինչև աշխատանքային օրվա ավարտը ստիպված էր դադարեցնել "АФК Система"-ին պատկանող ընկերությունների հետ իրականացվող բոլոր գործարքները:

Ինչ վերաբերում է Վլադիմիր Եվտուշենկովի դեմ հետապնդումների դրդապատճառներին, ապա բավական ուշագրավ վարկած է այսօր առաջ քաշել ЮКОС-ի նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկին: Մոսկովյան "Ведомости" թերթին տված հարցազրույցում նա որոշակի նմանություններ է նկատել ЮКОС-ի և "АФК Система"-ի շուրջ ծավալվող իրադարձությունների միջև: Երկու դեպքում էլ, ըստ Խոդորկովսկու, շահագրգիռ գլխավոր անձը նույնն է` "Роснефть" ընկերության ղեկավար, Վլադիմիր Պուտինի մերձավորագույն զինակից Իգոր Սեչինը:

«"Роснефть"-ում նավթի արդյունահանման ծավալները անկում են ապրել, և այժմ նրանց հարկավոր է մեկ այլ նավթային ընկերության փաստացի առգրավման միջոցով լրացնել այդ բացը», - պնդում է Խոդորկովսկին: Նրա հավաստմամբ՝ "Роснефть"-ի ղեկավարությունը մինչև կտրուկ քայլերին դիմելը փորձել է համաձայնության գալ Եվտուշենկովի հետ: «Մենք արդեն գիտենք, որ Եվտուշենկովը համառել է` չցանկանալով իր ունեցվածքը փոխանցել այն պայմաններով, որոնք իրեն ըստ ամենայնի առաջարկվել են: Դրանից հետո որոշում է կայացվել դիմել վաղուց փորձված մեթոդների օգնությանը», - նշում է Խոդորկովսկին:

Նախկին օլիգարխի այս պնդումները, սակայն, կտրականապես հերքում է "Роснефть"-ի մամուլի խոսնակ Միխայիլ Լեոնտևը: «Ի՞նչ կապ ունի այս ամենի հետ "Роснефть" ընկերությունը: Դա պարզապես զառանցանք է», - պնդում էր Լեոնտևը "Эxо Москвы" ռադիոկայանի եթերում:

Վլադիմիր Եվտուշենկովը ռուսական գործարար շրջանակներում հայտնի դարձավ դեռ 90-ականների կեսերին: Այդ տարիներին նա համարվում էր Մոսկվայի այն ժամանակվա քաղաքապետ Յուրի Լուժկովի ամենամերձավոր թիմակիցներից մեկը` մի քանի տարի շարունակ զբաղեցնելով Մոսկվայի քաղաքապետարանի գիտության և տեխնիկայի կոմիտեի նախագահի պաշտոնը:

"Коммерсантъ"-ի նախկին թղթակից, այժմ Լոնդոնում տարագրության մեջ գտնվող Ելենա Տրեգուբովան հեռավոր 2003-ին «Կրեմլյան դիգերի հեքիաթները» գրքում Եվտուշենկովի մասին գրում էր․ - «Վլադիմիր Եվտուշենկովը, դուրս լինելով կրեմլյան քաղաքականության ուղեծրից, շարունակում էր մնալ մոսկովյան լավագույն վերլուծաբաններից մեկը, ում կանխատեսումները մշտապես կատարվում էին: "АФК Система"-ի ղեկավարը 2000 թվականին Պուտինի իշխանության գալուց անմիջապես հետո ամենայն ճշգրտությամբ կանխատեսեց, թե ինչ ճակատագիր է սպասում Բորիս Բերեզովսկուն: Նույնը տեղի ունեցավ НТВ և ТВ-6 հեռուստաընկերությունների դեպքում: Եվտուշենկովի որոշ երկարաժամկետ կանխատեսումները դեռ չեն իրականացել: Ես այդ կանխատեսումները չեմ բարձրաձայնի՝ հույսով, որ դրանք երբեք չեն իրականանա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG