Մատչելիության հղումներ

Կաբաևան կզբաղեցնի խոշոր մեդիահոլդինգի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը


Գեղարվեստական մարմնամարզության օլիմպիական չեմպիոն, ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Ալինա Կաբաևան համաձայնել է զբաղեցնել «Ազգային մեդիա խումբ» հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը։ Այս մասին սեպտեմբերի 15-ին հաղորդել է հոլդինգի մամուլի ծառայությունը։

Նշվում է նաև, որ առաջիկայում տեղի կունենա տնօրենների խորհրդի նիստը, որի ժամանակ էլ կընդունվեն անհրաժեշտ որոշումները։ Մինչ այդ Կաբաևան 6 տարի գլխավորել է «Ազգային մեդիա խմբի» հանրային խորհուրդը։

«Ազգային մեդիա խումբ» հոլդինգը Ռուսաստանի մասնավոր խոշորագույն մեդիահոլդինգներից մեկն է, որի ենթակայության տակ են «ՌԵՆ ՏՎ», «Հինգերորդ ալիք» հեռուստառադիոընկերությունները։ Հոլդինգը 25 տոկոս բաժնեմաս ունի նաև «Առաջին ալիք»-ում։ Ընկերությունը նաև News Media-ի համասեփականատերն է, որին էլ իր հերթին պատկանում է «Իզվեստիա» թերթը, Life News հեռուստաալիքը, «Ժիզն» և «Տվոյ Դեն» թերթերը, «Նորությունների ռուսական ծառայություն» ռադիոկայանն ու այլ լրատվամիջոցներ։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ պատգամավոր Կաբաևան սեփական ցանկությամբ լիազորությունները վաղաժամ վայր դնելու դիմում է ներկայացրել՝ դա պայմանավորելով նոր աշխատանքով։

Կաբաևայի անվան հետ կապված մի շարք շշուկներ կան. մասնավորապես, նրան են վերագրում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ռոմանտիկ հարաբերություններ։ Ինքը՝ Պուտինը, հրապարակավ հերքել է այդ լուրերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG