Մատչելիության հղումներ

Ադրբեջանի փոխվարչապետ․ «Ռուսաստանին ծնկի բերել անհնարին է»


Ադրբեջանցի քաղաքագետ Էլդար Նամազովը «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի ստուդիայում, արխիվ

Բաքվում փորձում են մեկնաբանել ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյայի անսպասելի հայտարարությունները:

«Ոչ ոք չի կարող ծնկի բերել Ռուսաստանի Դաշնությանը: Պատժամիջոցների միակ հետևանքը Ռուսաստանի հետագա հզորացումն է լինելու»․ - այս հայտարարության հեղինակը ոչ թե ռուսաստանցի պետական գործիչներից մեկն է, այլ Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը:

Ադրբեջանցի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկը նման անսպասելի հայտարարությամբ հանդես եկավ երեկ` Բաքվում կայացած ռուս - ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում: Ադրբեջանցի փոխվարչապետի հայտարարությունը մեջբերում է Ռուսաստանի պետական ИТАР-ТАСС գործակալությունը:

Յաղուբ Էյուբովը, հիշեցնենք, երկկողմ միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է ադրբեջանական կողմից, իսկ ռուսական կողմից նրա պաշտոնակիցը ռուս ազգայնականների երբեմնի առաջնորդներից մեկն է` այժմ արդեն Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Դմիտրի Ռոգոզինը:

Վերջինս Բաքու էր ժամանել երեկ` հատուկ միջկառավարական հանձնաժողովի այս նիստին մասնակցելու նպատակով, չկասկածելով անգամ, որ երկկողմ տնտեսական հարաբերություններին նվիրված քննարկումը կարող է ի վերջո դիվանագիտական սկանդալի պատճառ դառնալ:

Բաքվում այսօր ողջ օրվա ընթացքում փորձում էին հասկանալ` արդյո՞ք փոխվարչապետ Էյուբովը միանշանակ աջակցություն հայտնելով Ռուսաստանին արտահայտել է ադրբեջանական կառավարության պաշտոնական տեսակետը, թե՞ ոչ:

«Չեմ կարծում, որ դա Ադրբեջանի կառավարության պաշտոնական մոտեցումն է: Ենթադրում եմ, որ Էյուբովն արտահայտել է իր անձնական կարծիքը», - այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ադրբեջանական խորհրդարանի իշխանամետ պատգամավորներից մեկը՝ քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը:

Ընդդիմադիր հայացքներով հայտնի քաղաքագետ, 90-ականների վերջին նախկին նախագահ Հեյդար Ալիևի խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Էլդար Նամազովը ընդհանրապես լուրջ կասկածներ ունի, թե ադրբեջանցի պաշտոնյան նման հայտարարությամբ է հանդես եկել: «Պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանի փոխվարչապետի խոսքերը հնչել են փակ դռների ետևում, և նման հանդիպումներից պատահական արտահոսքեր, որպես կանոն, չեն լինում: Եթե սրան էլ գումարենք այն հանգամանքը, որ Էյուբովի հայտարարության մասին տեղեկատվությունը տարածել են ռուսական աղբյուրները, կարող եմ ասել, որ այս ողջ պատմությունն ինձ մոտ որոշակի կասկածներ է առաջացնում», - Նամազովի այս խոսքերն է մեջբերում «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:

Ամեն դեպքում, ակնհայտ է, որ Բաքվում որոշակի մտավախություններ կան, թե բարձրաստիճան պաշտոնյայի նման հայտարարությունները կարող են է՛լ ավելի վնասել Ադրբեջանի առանց այդ էլ վատթարացած հարաբերություններն Արևմուտքի` նախևառաջ Միացյալ Նահանգների հետ: Սա է թերևս պատճառը, որ այսօր կեսօրին Ադրբեջանի արտաքին քաղաքականության ոլորտի ամենափորձառու և ազդեցիկ գործող անձանցից մեկը` խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովը, ստիպված էր անուղղակիորեն հերքել պաշտոնական Բաքվի կտրուկ մոսկովյան շրջադարձի մասին կասկածները: Բաքվում կազմակերպված միջոցառման ընթացքում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Դերեք Հոգանի ներկայությամբ Սեիդովը հայտարարեց․ - «Միանշանակ է, որ Ադրբեջանը Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմավարական դաշնակիցն է: Ադրբեջանն իր դիրքորոշման ու քաղաքականության շնորհիվ կարող է օրինակ հանդիսանալ տարածաշրջանի մյուս պետությունների համար»:

Չնայած ռազմավարական դաշնակցության մասին այս հավաստիացումներին՝ Միացյալ Նահանգները Բաքվի գործողությունները գնալով ավելի ու ավելի խիստ տոնայնությամբ է քննադատում: Պետդեպարտամենտում կայացած ամենօրյա բրիֆինգի ընթացքում ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Մարի Հարֆը, անդրադառնալով իրավապաշտպանների ու լրագրողների դեմ ճնշումների վերջին ալիքին, հայտարարեց․ - «Մեր մտահոգությունները գնալով աճում են՝ կապված այն իրողության հետ, որ Ադրբեջանի կառավարությունը չի կատարում իր իսկ ստանձնած պարտավորությունները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, քայլեր է ձեռնարկում ընդդեմ քաղաքացիական հասարակությունը ներկայացնող խմբերի»:

Եվ քանի դեռ Վաշինգտոնից քննադատում են Ադրբեջանի իշխանություններին, Բաքուն շարունակում է սերտացնել հարաբերությունները ռուսական քաղաքական դաշտի ազգայնական հատվածի հետ: Ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ՝ մինչև սեպտեմբերի վերջը Բաքու կայցելի Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ով ընդամենը մի քանի ամիս առաջ` գարնանը Պետդումայի ամբիոնից ընդհանրապես կասկածի տակ էր առնում ադրբեջանցի ժողովրդի գոյությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG