Մատչելիության հղումներ

ՀԱՀ կառավարությունը քննադատվում է Ադրբեջանին ու Հայաստանին զենք վաճառելու համար


Азербайджанский военнослужащий вов ермя военныъ учений (архив)

Азербайджанский военнослужащий вов ермя военныъ учений (архив)

«Այս գործարքները ռիսկեր են՝ ապակայունացնելու տարածաշրջանը», - ընդգծում է հարավաֆրիկացի պատգամավորը:

Հարավ-Աֆրիկյան Հանրապետության խորհրդարանի պատգամավորը խիստ քննադատում է կառավարությանը հակամարտության մեջ գտնվող Ադրբեջանին և Հայաստանին զենք վաճառելու համար:

Politicsweb կայքում սեպտեմբերի 15-ին հրապարակած հոդվածում պատգամավոր, ստվերային կառավարության պաշտպանության նախարար Դեյվիդ Մեյները հարց է բարձրացնում, թե ինչո՞ւ է դիպուկահար հրազեն վաճառվել Ադրբեջանին ու ինքնաձիգներ՝ Հայաստանին, երբ երկու երկրները գտնվում են տարածաշրջանային հակամարտության մեջ, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի շուրջ:

«Ես դիմելու եմ ՀԱՀ-ի սովորական սպառազինությունների վերահսկողության կոմիտեի նախագահ Ջեֆ Ռեդեբին՝ հետաքննելու Ադրբեջանին և Հայաստանին զենք վաճառելու գործարքները», - գրել է նա՝ նշելով, որ Ադրբեջանին վաճառվել է 40 դիպուկահար հրացան՝ ավելի քան 4 միլիոն դոլարով, իսկ Հայաստանին վաճառվել է 100 ինքնաձիգ՝ ավելի քան 450 հազար դոլարով:

Սովորական սպառազինությունների վերահսկողության կոմիտեն խորհրդարանին է ներկայացրել վերջին տարիների զենքի վաճառքի գործարքների մասին զեկույցները, որոնք, պատգամավորի խոսքերով, լուրջ հարցեր են առաջացնում, ներառյալ Ադրբեջանի ու Հայաստանի հետ խնդրահարույց գործարքները:

Դեյվիդ Մեյները ընդգծում է, որ ըստ սովորական սպառազինությունների վաճառքը կանոնակարգող օրենքի՝ պետք է խուսափել զենքի վաճառքի այն գործարքներից, որոնք կարող են թեժացնել տարածաշրջանային ռազմական հակամարտությունները, զենք մատակարարելու միջոցով սպառնալիքի տակ դնել խաղաղությունը, ապակայունացնել տարածաշրջանը:

Ըստ սովորական սպառազինությունների վերահսկողության կոմիտեի 2012 թվականի երկրորդ եռամսյակի զեկույցի, Ադրբեջանին վաճառվել է 40 դիպուկահար հրացան՝ 4 միլիոն 200 հազար դոլարով: Նույն զեկույցում նշված է, որ Հայաստանին 100 ինքնաձիգ է վաճառվել՝ շուրջ 460 հազար դոլարով:

Ըստ 2012 թվականի վերջին եռամսյակի զեկույցի, Ադրբեջանին վաճառվել է 30 հազար միավոր ռազմամթերք՝ շուրջ 13 միլիոն 200 հազար դոլարով:

«Այս գործարքները ռիսկեր են՝ ապակայունացնելու տարածաշրջանը երկու կողմերին սպառազինություն վաճառելու միջոցով», - ընդգծել է պատգամավորը:

«Մենք պետք է բացարձակապես վստահ լինենք, որ Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը չի նպաստի տարածաշրջանային ապակայունացմանը սպառազինությունների վաճառքի միջոցով, որոնք կարող են օգտագործվել Լեռնային Ղարաբաղի շրջանում կամ Ադրբեջանի ու Հայաստանի սահմանին», - շեշտել նա, հայտնելով, որ դիմելու է սովորական սպառազինությունների վերահսկողության կոմիտեի նախագահին՝ հետաքննելու այդ գործարքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG