Մատչելիության հղումներ

Նախարար. «Բանակը ներքաղաքական իրադարձություններին չի միջամտել»


Պաշտպանության նախարարն ասում է՝ համապատասխան ցուցման դեպքում բանակը պատրաստ է իրականացնել միայն կարևորագույն օբյեկտների պահպանություն։

Առաջիկա «թեժ աշնան» մասին ոչ իշխանական քառյակի հայտարարությունների ֆոնին Պաշտպանության նախարարը հավաստիացնում է՝ բանակը երբևէ չի մասնակցել ներքաղաքական խմորումներին, և այժմ էլ, համապատասխան ցուցման դեպքում, պատրաստ է իրականացնել միայն կարևորագույն օբյեկտների պահպանություն։

«Բանակը ներքաղաքական իրադարձություններին չի միջամտել։ Բանակը կարող է համապատասխան միջոցառումներ իրականացնել միայն ու միայն համապատասխան որոշման դեպքում, համապատասխան ցուցման դեպքում, այն էլ՝ երկրի կարևորագույն օբյեկտների պաշտպանություն իրականացնելու համար։ 2008 թվականին բանակը չի խառնվել»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Ընդամենը 3 օր առաջ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով 2008-ին ղեկավարում էր Ռազմական ոստիկանությունը, ասել էր, որ Պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող այդ կառույցն, այդուամենայնիվ, մարտի 1-ին հանձնարարություն կատարել է։

«Մարտի 1-ի մասնակցությունը եղել է այնքանով, որ Ռազմական ոստիկանությունը Կառավարության շենքի պահպանությունն է վերցրել իր վրա»,- ասաց Գասպարյանը։

Այսօր Երևանի պետական համալսարան այցելած Սեյրան Օհանյանին հարց ուղղվեց ՝ ի՞նչ կարծիքի է «Ժառանգություն» կուսակցության առաջարկի վերաբերյալ, ըստ որի տարկետման իրավունքից պետք է զրկել նաև ասպիրանտներին՝ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար։ Նախարարն ասաց, որ համաձայն է ընդդիմադիր խմբակցության այդ առաջարկի հետ։

«Այն քանակությունը մինիմալ, որ այսօր մնացել է, կարծում եմ, որ դա էլ, ասենք, արդար չէ մնացած այն մարդկանց նկատմամբ, ովքեր այդ տարկետումից չեն օգտվում։ Ես գտնում եմ, որ հավասար պայմաններ պետք է ստեղծել։ Գիտե՞ք, որ վերջին տարիներին զորակոչի իրականացման գործընթացի մեջ, կարելի է ասել, որ մենք հեղափոխություն ենք արել։ Ես գտնում եմ, որ յուրաքանչյուր հայ քաղաքացի, մանավանդ տղամարդ, պետք է իր ծառայությունը կատարի իր երկրի պաշտպանության հարցում։ Ես կողմ եմ, որ այդ տարկետումը վերացվի»,- ասաց նախարարը։

Սեյրան Օհանյանն անդրադարձավ նաև ղարաբաղյան հակամարտության երկու կողմերի՝ Ադրբեջանի և Հայաստանի ձեռք բերած զինատեսակներին։ Ադրբեջանի ձեռքբերումների մասին նշեց, որ քանակը դեռ որակ չէ, անդրադառնալով Հայաստանին՝ ասաց, որ ձեռք է բերվում արդիական ռազմական տեխնիկա։

«Ես մի քանի անգամ ասել և այսօր էլ ասում եմ՝ մենք ունենք հեռահար և ճշգրիտ միջոցներ և ունենք նաև պայմանավորվածություններ այդ հեռահար և գերճշգրիտ միջոցների քանակն ավելացնելու։ Պայմանավորվածություններ կան, դրանք մեր համագործակցության պլանի համաձայն են, որոնք ունեն և՛ միջոցառումներ, և՛ նաև համապատասխան ժամկետներ։ Հասկանալի է, որ դա էլ որոշակի գաղտնիություն է իր մեջ պարունակում։ Հավատացեք, խնդրում եմ, իմ խոսքին»,- ասաց նախարարը։

Ըստ Օհանյանի՝ Պաշտպանության նախարարությունը հակառակորդի դիվերսիոն գործողությունների դեմ պայքարի համար ստեղծել է հատուկ սարքավորումներ։ Այդուամենայնիվ, նա հավելեց, որ դրանք չեն լուծում բոլոր խնդիրները, քանի որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի աշխարհագրական առանձնահատկությունները հնարավորություն չեն տալիս հսկել սահմանի ամեն մի մետրը։

Վերջին շրջանում հաճախակի դարձած դիվերսիոն գործողություններից ու հայ գյուղացիների գերեվարումից հետո նախարարության հասցեին քննադատություն էր հնչում, թե հնարավո՞ր չէ ապահովել սահմանի անանցանելիությունը։ Այդ քննադատությանն ի պատասխան Սեյրան Օհանյանն այսօր ասաց.- «Այնուամենայնիվ, սահմանային բնակավայրերի բնակիչները դրանց ուշադրություն չեն դարձնում, և նաև փորձը ցույց է տվել, որ վերջին տարիների դեպի հակառակորդի կողմը անցած անձանց մեծ մասը հոգեկան կամ այլ շեղումներ ունեցող անձինք են, որ ուշադրություն չեն դարձնում դրանց»։

XS
SM
MD
LG