Մատչելիության հղումներ

Քննարկման մասնակիցները չփոխեցին իրենց դիրքորոշումները


«Ժառանգություն» կուսակցության նախաձեռնությամբ այսօր կայացած քննարկումից հետո էլ սահմանադրական բարեփոխումներին կողմ և դեմ արտահայտվողները չփոխեցին իրենց դիրքորոշումները:

Հարկ է նշել, որ ընդդիմադիր կուսակցության հրավերն ընդունել էին խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերը` ներառյալ ՀՀԿ-ն: Քննարկմանը մասնակցեցին նաև սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները:

Սահմանադրական բարեփոխումներին ընդդիմացող խորհրդարանական ուժերը կարծում են, որ իշխանությունն այդ գործընթացը նախաձեռնել է մեկ՝ վերարտադրման նպատակով:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանն ասաց, թե իրենք բացահայտել են Սերժ Սարգսյանի իշխանության բլեֆը. գործող Սահմանադրությամբ Սերժ Սարգսյանը չէր կարող երրորդ անգամ ընտրվել ՀՀ նախագահ, ուստի որոշել է փոխել կառավարման համակարգը՝ անցնել խորհրդարանականի, որպեսզի անարգել հավերժացնի իշխանությունը»․ - «Այս սահմանադրական փոփոխությունները արվում են միայն մեկ բանի համար․ որ Սերժ Սարգսյանը, ստանձնելով Հանրապետական կուսակցության գլխավոր քարտուղարի և Հայաստանի ազգային պահպանողական հանրապետության՝ ՀՍՍՀ-ի փոխարեն, Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնը, հավերժ իշխի Հայաստանում: Եվ մենք, բնականաբար, նման բան երբեք թույլ չենք տա»:

ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանի (ԲՀԿ) խոսքով՝ մեր խնդիրները պայմանավորված չեն Սահմանադրության անկատարությամբ, ուստի իշխանությունը առաջ է քաշել արհեստական օրակարգ՝ մեկ նպատակով․ - «Այստեղ դրվում է վերարտադրման խնդիր, ինչն անընդունելի է և անթույլատրելի»:

Ռուբեն Հակոբյանը («Ժառանգություն») կիսեց գործընկերների մտահոգությունը:

Իսկ «ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ այժմ սահմանադրական փոփոխություններ անցկացնելու ժամանակը չէ․ - «Մեզ պետք է նման վստահություն բերող փաստաթղթի քննարկումը և ընդունումը ոչ թե այն բանից հետո, որ մեկը ասի, որ ինձնից [հետո]` թեկուզ փոթորիկ, կամ ինձնից հետո ոչինչ չկա, այլ հենց ընտրություններից առաջ` որ ես վայր եմ դնում նախագահական մանդատը, որովհետև ես հավատում եմ խորհրդարանական մանրակերտին»:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանի խոսքից պարզ դարձավ, որ հանձնաժողովն իսկապես հակված է փոփոխությունների հայեցակարգի վերջնական տարբերակում ամրագրել անցումը կառավարման խորհրդարանական համակարգի:

Նրա խոսքով՝ մեր Սահմանադրությունը մարդակենտրոն չէ, ինչի պատճառով հաստատուն հիմքերի վրա չէ ժողովրդավարությունը, հուսալի պաշտպանված չեն մարդու իրավունքները, կասկածելի է դատարանների անաչառությունը: Այս արատների հիմքում, ըստ սահմանադրագետի, նախագահի գերկենտրոնացված իշխանությունն է․ - «Դեռ հին ժամանակներից հայտնի ճշմարտություն է, որ իշխանությունը այլասեռում է մարդկանց, իսկ բացարձակ իշխանությունը այլասեռում է բացարձակապես: Այն իշխանական համակարգը, որը առկա է Հայաստանի Հանրապետությունում անկախության ձեռքբերման տարիներից ի վեր, մոտ է բացարձակին: Այն իմաստով, որ գրեթե անվերահսկելի է: Եվ իշխանության լծակները մեր տիպի երկրներում մեխանիկորեն նշանակում են նաև փողային լծակներ»:

Ոչ իշխանական քառյակից սահմանադրական փոփոխություններին կողմ արտահայտվող Դաշնակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն ընդդիմադիր գործընկերներին հորդորեց պահը բաց չթողնել՝ ձևավորել սեփական փաթեթը, պարտադրել իրենց ցանկությունները․ - «Մի՞թե մենք այսօր պետք է կառչենք այն բանից, թե ինչ է ցանկանում իշխանությունը: Իսկ մե՞նք ինչ ենք ցանկանում: Եթե իսկապես մենք ցանկանում ենք, որ չվերարտադրվի որևէ իշխանություն, չունենա արհեստական մեծամասնություն ձևավորելու որևէ հնարավորություն, նշանակում է՝ այո․ մենք պետք է այսօր պահանջենք, պարտադրենք մեր ուզած փաթեթը»:

«Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ասաց, թե իրենց կուսակցությունը պատրաստ է մասնակցել սահմանադրական բարեփոխումների գործընթացին՝ եթե քաղաքական մեծամասնությունն ընդունի իրենց առաջարկները: Այն է՝ փոխի Ընտրական օրենսգիրքը՝ ընդունելով իրենց և Դաշնակցության մշակած փաթեթը․ ընդդիմությանն օրենքով օժտի լուրջ վերահսկողական լիազորություններով, սահմանադրական փոփոխություններից անմիջապես հետո՝ 2016-ի գարնանը անցկացնի համապետական նոր ընտրություններ:

Իշխանությունը, հիշեցնեմ, ծրագրում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցկացնել 2015 թվականի վերջին կամ 2016-ի սկզբին:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը փոխանցեց, որ խորհրդարանական ընդդիմությանը վերահսկողական իրավունքներ կվերապահվեն, բայց՝ Սահմանադրությամբ:

Պողոսյանը նաև փոխանցեց, որ բարեփոխումների հայեցակարգի վերջնական տարբերակը պատրաստ կլինի մինչև հոկտեմբերի 15-ը, և Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկումներից հետո կսկսվի քաղաքական քննարկումների փուլը:

XS
SM
MD
LG