Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ին անհանգստացնում է սպառազինությունների կուտակման փաստը


«Մենք անհանգստացած ենք սպառազինությունների կուտակման փաստից, ինչը սպառնում է խաղաղությանը և արդյունավետ բանակցություններին»,- այս մասին Հայաստանում ԱՄՆ-ը դեսպանատանն այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե որքանո՞վ են անկեղծ Մոսկվայի խաղաղար ջանքերը այն դեպքում, երբ Ռուսաստանը միլիարդավոր դոլարների զենք է վաճառում Ադրբեջանին:

«Իտառ-Տասս»-ի փոխանցմամբ՝ մինչև 2015-ի ավարտը Ռուսաստանը Т-90 տեսակի ևս 100 տանկ է մատակարարելու Ադրբեջանին: Ավելին, «Ռոսօբարոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրենի խորհրդականը տեղեկացրել է, որ Ռուսաստանը Ադրբեջանին կարող է վաճառել նաև հակահրթիռային համակարգեր, և Բաքվում այժմ քննարկում են այդ առաջարկը: Միլիարդավոր դոլարների զինտեխնիկայի ձեռքբերումից բացի, Ադրբեջանը նաև դիմել է ռուսական կողմին իր երկրի տարածքում զրահատեխնիկայի և ուղղաթիռների վերանորոգման և սպասարկման կենտրոններ կառուցելու առաջարկով:

Երեկ երեկոյան Վաշինգտոնից Հայաստան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը, իր անհանգստությունը հայտնելով սպառազինությունների կուտակման փաստի առնչությամբ, միաժամանակ ընդգծեց.- «Մենք շատ սերտորեն ենք աշխատում ռուսների հետ, ես հաճախ եմ հանդիպում ռուսաստանցի համանախագահի հետ Մինսկի խմբի շրջանակներում: Չնայած աշխարհի այլ կետերում ունեցած մեր տարաձայնություններին, այս հարցում մենք համաձայնության եկել ենք, մենք ցանկանում են համակարգել մեր դիվանագիտությունը, աշխատել միասին, և ես հույս ունեմ, որ որպես միջնորդներ կկարողանանք հասնել խնդրի երկարատև կարգավորման»:

Ի պատասխան «Ազատության» այն հարցին, թե արդյոք ռուսաստանցի իր գործընկերոջ հետ քննարկո՞ւմ են Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զինտեխնիկա վաճառելու հարցը և դրանից բխող վտանգները, Ջեյմս Ուորլիքն ասաց, թե դա այն հարցը չէ, որով համանախագահները պետք է անմիջականորեն զբաղվեն, բայց իրենք խոսում ենք այն բռնությունների մասին, որոնք տեղի են ունենում շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին:

«Մենք անհանգստացած ենք տեղի ունեցող բռնությունների, մահերի և վիրավորների առկայության փաստով: Եթե ցանկանում ենք հասնել երկարատև խաղաղության, ապա բռնություններին պետք է վերջ դրվի և հրադադարը պետք է հարգվի», - ասաց ամերիկացի համանախագահը:

Ի պատասխան «Ազատության» այն հարցի, թե ԵԱՀԿ Մինսկի խումբն իր կողմից ի՞նչ քայլեր է ձեռնարկելու սահմանային միջադեպերն ու հրադադարի խախտումները կանխելու համար, օրինակ, հնարավոր է հետաքննություններ անցկացվեն, Ջեյմս Ուորլիքնն ասաց , թե ԵԱՀԿ-ի կողմից եղել են առաջարկներ կողմերի միջև վստահության հաստատման ուղղությամբ, բայց խնդիրն այն է, որ բոլոր կողմերն էլ պետք է ընդունեն դրանք:

«Շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բռնությունների կրճատմանն ուղղված ցանկացած քայլ կարևոր է և կողմերը դրանք պետք է ընդունեն: Խնդիրն այն է, որ շատ դժվար է իմանալ, թե ինչպես են բռնությունները սկսել և ով է դրանց համար պատասխանատու: Փաստն այն է, որ մի կողմը մեղադրում է մյուսին»,- համանախագահը։

«Այսինքն ընդունո՞ւմ եք, որ պետք է լինի սահմանային միջադեպերի միջազգային հետաքննություն», «Ազատության» դիտարկմանն ի պատասխան Ջեյմս Ուորլիքն հակադարձեց.- «Հարցը այն է, որ կողմերը պետք է ընդունեն։ Մենք կողջունենք ցանկացած քայլ, որը կիրականցեն կողմերը շփման գծում լարվածությունը թուլացնելու համար»։

Մեկ օրով Հայաստան ժամանած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահը այսօր երեկոյան հանդիպել է Հայաստանի նախագահին, ինչպես Ջեյմս Ուրոլիքն ասաց՝ որպեսզի շարունակեն այս ամիս Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ տեղի ունեցած արդյունավետ քննարկումները:

Ուորլիքի փոխանցմամբ՝ ժամանակը եկել է, որպեսզի բանակցությունները դրվեն նոր մակարդակի վրա, ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող նախագահների կամ արտգործնախարարների հանդիպումները բավարար չեն:

«Իմ հարցադրումը Հայաստանին և Ադրբեջանին հետևյալն է՝ ինչո՞ւ չի կարող լինել բանակցային գործընթաց: Մենք չենք ցանկանում կանխորոշել արդյունքները, մենք չենք խնդրում կողմերից և ոչ մեկին գնալ զիջումների, մենք խնդրում ենք, որպեսզի բանակցային գործընթացը սկսվի»,- ասաց ամերիկացի համանախագահը:

Ուորլիքն ասաց նաև, թե ակնկալում է, որ մյուս շաբաթ Նյու-Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի նիստում կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին:

Ինչ վերաբերում է հոկտեմբերին Փարիզում նախատեսված Սարգսյան-Ալիև հանդիպմանն, ապա ամերիկացի համանախագահն ասաց, թե չի ցանկանում ենթադրություններ անել արդյունքների մասին, բայց, իհարկե, ցանկանում են, որպեսզի երկու նախագահները շարունակեն արդյունավետ քննարկումները, խոսեն խնդրի կարգավորման առանցքային տարրերի մասին և նախանշեն հետագա քայլերը:

XS
SM
MD
LG