Մատչելիության հղումներ

Ուկրաինան և Եվրամիությունը վավերացրեցին Ասոցացման պայմանագիրը


Կիևը Դոնեցկի և Լուգանսկի շրջաններին «հատուկ կարգավիճակ» է տրամադրում։

Ուկրաինան ամրագրում է արևմտյան զարգացման ուղղությունը

Գերագույն ռադան Կիևում և Եվրախոհրդարանը Ստրասբուրգում այսօր միաժամանակ գումարած նիստերում վավերացրել են Ուկրաինայի և Եվրամիության Ասոցացման պայմանագիրը։

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն վավերացումն անվանել է «պատմական հանգրվան, որն ամրագրում է Ուկրաինայի ապագա արևմտյան զարգացման ուղղությունը»։

Անցած տարվա աշնանն այդ պայմանագրի մերժումը հանգեցրեց զանգվածային բողոքների, ընդհարումների և նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարչակարգի տապալմանը։

Նորընտիր նախագահ Պորոշենկոն Ասոցացման պայմանագրի մաս հանդիսացող ազատ առևտրի համաձայնագիրը ստորագրել է հունիսի 27-ին, սակայն սեպտեմբերի 12-ին Եվրամիության, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ձեռք է բերվել դրա կիրառումը մինչև 2015-ի տարեվերջ հետաձգելու համաձայնություն, ինչը հաշվի է առնում Ռուսաստանի մտահոգությունները։

Խաղաղ կարգավորման հնարավորություն և շատ հարցականներ

Մինչ Ասոցացման պայմանագիրը վավերացնելը Գերագույն ռադան դռնփակ նիստում «հատուկ կարգավիճակ» է տրամադրել Դոնեցկի և Լուգանսկի ռուսախոս շրջաններին։

Օրենքը ենթադրում է համաներում ռազմական բախումներում ներգրավված ռուս անջատականների և պետական բանակի զինծառայողների համար։

«Հատուկ կարգավիճակը» երկրի արևելյան շրջաններին տրամադրվում է երեք տարով։ Կիևը Դոնեցկի և Լուգանսկի շրջաններին առաջարկում է տեղական ընտրություններ անցկացնել այս տարվա դեկտեմբերի 7-ին։

Լուգանսկի անջատականների առաջնորդ Իգոր Պլոտնիցկին ասել է, թե «օրինագիծն ընձեռում է խաղաղ կարգավորման հնարավորություն, սակայն դեռ կան շատ հարցականներ»։

Նախագահ Պետրո Պորոշենկոն ասել է, որ «հատուկ կարգավիճակը» երաշխավորելու է Ուկրաինայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անկախությունը։

«Ռուսաստանի զինծառայողները տակավին Ուկրաինայում են»

Եվրամիության ընդարձակման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր Ստրասբուրգում` Եվրախորհրդարանի նիստում խոսել է Եվրամիության և Ռուսաստանի հարաբերությունների մասին։

«Ռուսաստանի զինծառայողները տակավին Ուկրաինայի տարածքում են։ Նրանք օգտագործում են հրադադարը վերադիրքավորվելու, զենք ու զինամթերք ստանալու համար, սահմանի խոշոր հատվածներ իշխանությունների կողմից չեն վերահսկվում, զինյալները, զենքն ու զինամթերքը Ռուսաստանից հասնում են Ուկրաինա», - ասել է Ֆյուլեն։

Ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինայում զոհվել է ավելի քան երեք հազար մարդ։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG