Մատչելիության հղումներ

Ռուբիկ Հակոբյան. «Սահմանադրական բարեփոխումների կարիք այսօր երկրում չկա»


Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյան, արխիվ

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյան, արխիվ

«Ժառանգություն»-ը այսօր խորհրդաժողով է հրավիրել։

Այսօր երկրում քաղաքական ճգնաժամ է և դրա համար Սահմանադրություն փոխելու կարիք չկա։ Սա «Ժառանգություն» կուսակցության դիրքորոշումն է իշխանության նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Նաև այս դիրքորոշումը փաստարկված ներկայացնելու համար երեքշաբթի օրը խորհրդաժողով է նախաձեռնել Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը՝ հրավիրելով բոլոր քաղաքական ուժերին և սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներին:

Խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ սահմանադրական բարեփոխումների կարիք այսօր երկրում չկա: Առկա քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար, ըստ նրա, հարկավոր է, որ քաղաքական մեծամասնությունը չխախտի գործող Սահմանադրության առանցքային կետերը: «Սահմանադրության 2-րդ հոդվածը, որտեղ հստակ գրված է, որ իշխանությունը ձևավորում է ժողովուրդը ընտրությունների միջոցով, իսկ իշխանությունն ամեն ինչ անում է, որ ժողովուրդը այդպես էլ չձևավորի իշխանությունը, կամ, ասենք, Սահմանադրության 65-րդ հոդվածը, որտեղ հստակ նշված է, որ պառլամենտը պրոֆեսիոնալ է և պատգամավորը պետք է միայն զբաղվի պառլամենտական գործունեությամբ, և այնտեղ նշված են գիտամանկավարժական որոշ ոլորտներ, բայց իշխանության հիմնական մասը գործարարներ են, որոնց համար պառլամենտական գործունեությունը երրորդ, չորորդ պլանում է գտնվում», - մանրամասնեց Հակոբյանը։

Սահմանադրական բարեփոխումները, ըստ նրա, միտված են գործող իշխանության վերարտադրմանը: «Ժառանգություն»-ը առաջարկ ունի գործող իշանությանը՝ «սահմանադրական բարեփոխումներից առաջ քաղաքական կամք դրսևորեք և պահպանեք եղած օրենքները»։

«Այստեղ խնդիրն այն չէ, թե Սահմանադրության մեջ ինչ կլինի, խնդիրն այն է, որ արդյո՞ք իշխանությունն ինքն իսկապես պատրաստ է, կամ ունի՞ քաղաքական կամք, որպեսզի օրենքի գերակայություն ապահովվի», - ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։

Անդրադառնալով կառավարման մոդելի փոփոխմանը՝ Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ «Ժառանգություն»-ը կողմ է պետական կառավարման համակարգը խորհրդարանական դարձնելուն։ «Բայց խնդիրը հետևյալն է՝ հավատա՞լ իշխանության անկեղծությանը, թե՞ ոչ. ցավոք սրտի, իշխանությունն առայժմ որևէ քայլ չի անում, որպեսզի հավատանք իր այդ նախաձեռնությանը»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական հանրաքվեին, ըստ էության, մնում է մեկ տարի․ պաշտոնապես նախատեսված է այն անցկացնել 2015-ին, ամենաուշը՝ 2016-ի սկզբին:

XS
SM
MD
LG