Մատչելիության հղումներ

logo-print

Սեպտեմբերի 18-ի հանրաքվեն կհիշեցնի, որ Շոտլանդիայից բացի, աշխարհում կան շատ այլ երկրներ, որոնք ձգտում են նման ժողովրդավարական հանրաքվեների ու աշխարհի կողմից դրանց արդյունքների ճանաչմանը։

Շոտլանդիան կանգնած է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կազմից դուրս գալու ճանապարհին։ Շուտով անցկացվելիք հանրաքվեն կասի` Շոտլանդիայի ժողովուրդն այսօր ուզո՞ւմ է և պատրա՞ստ է անկախության, թե՞՝ ոչ։

Ազգային ինքնությունն է այսօր շոտլանդացիներին հորդորում գնալ անկախության։ Գիտակցելով իրենց առջև ծառանալիք հնարավոր դժվարությունները՝ շոտլանդացիներն ասում են, թե պատրաստ են վերականգնել 3Օ7 տարի առաջ կորցրած անկախությունը։ Անկախություն, ինչին այսօր ձգտում են մեծաթիվ երկրներ։ Նրանք բարի նախանձով են նայում այս թագավորությանը, որտեղ կա ազատ ու գործուն կերպով իրենց կամքն արտահայտելու հնարավորություն։

Հոնկոնգում նույնպես ձգտում են ավելի մեծ անկախության, սակայն Պեկինը թույլ չի տալիս ինքնուրույն ընտրել իրենց ղեկավարին։ Ու ինչպես Շոտլանդիայում բնակվող հոնկոնգցի Չաք Պոր Չունգն է ասում, Չինաստանի կառավարությունն այսօր ուշադրությամբ է հետևելու Շոտլանդիայի դեպքերին։ Չնայած, հիշեցնում է նա, «Շոտլանդիան ժամանակին եղել է անկախ պետություն, ի տարբերություն Հոնկոնգի, որը ժամանակին եղել է Չինաստանի մաս»։

Հետաքրքրությամբ են Շոտլանդիայի անկախության հանրաքվեին հետևում նաև Հնդկաստանում, որից 1949 թվականին անջատվեց Պակիստանը, ինչը, մեծաթիվ հնդիկների խոսքերով, «մեծ կորուստ էր Հնդկաստանի համար, և որ այդ անջատումը նորից ապահովել էր Անգլիան»։

Շոտլանդիայի դեռևս չկայացած հանրաքվեն փողոցներ է դուրս բերել մարդկանց Իսպանիայի Կատալոնիայի երկրամասում, որտեղ շոտլանդական զարգացումները նորից արթնացնում են անկախական տրամադրություններ։ Մադրիդից անջատվելու հանրաքվե են նրանք ծրագրում անցկացնել նոյեմբերին, ինչը, սակայն, չի արտոնվել Իսպանիայի կառավարության կողմից։

Կատալոնացիները, այդուհանդերձ, վստահ են, որ եթե Շոտլանդիայի անկախությունը ստացվի, ու այն հաջողությամբ ընդգրկվի Եվրոպական միության կազմում, անկախության հասնելու իրենց երազանքները նույնպես մի օր կարդարանան։

Նրանք հերոս են անվանում Մեծ Բրիտանիայի վարչապետին, ով ունեցավ կամք՝ ընդունելու, որ ամեն ազգ ունի ինքնորոշվելու իրավունք, ու որ նրանց պիտի տրվի իրենց իրավունքը հանրաքվեի միջոցով արտահայտելու հնարավորություն։

Սեպտեմբերի 18-ի հանրաքվեն մեծ ուղերձ է լինելու ուղղված աշխարհին։ Որպես ժողովրդավարության փորձառություն, այդ հանրաքվեին ուշադրությամբ հետևելու են աշխարհի տարբեր հատվածներում՝ Պուերտո Ռիկոյում, որը փորձում է լիակատար անկախության հասնել ԱՄՆ-ից, Նիգերիայի Տաուրեգում, Չեչնիայում, Քրդական տարածքներում, Բասքերի երկրում, Հյուսիսային Իռլանդիայում, Կանադայի Քեբեք նահանգում, այնտեղ, որտեղ Լեռնային Ղարաբաղի նման առկա է սեփական պետականության՝ այլոց կողմից ճանաչում ստանալու ու փաստացի անկախությունն ամրապնդելու կամքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG