Մատչելիության հղումներ

Պատգամավորներն առաջարկում են հուշարձանների պահպանության մասին նոր օրենք ընդունել


Առաջարկվող փոփոխությունն ընդհանուր առմամբ դրական են գնահատում նաև ճարտարապետ-ակտիվիստները։

Ազգային ժողովի պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը (ՀՀԿ) և Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ) առաջարկում են փոխել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության մասին» օրենքը և ամրագրել, որ հուշարձանի տեղափոխումը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքում, երբ դա անհրաժեշտ է հուշարձանի պահպանության համար։

Այս օրինագծին կողմ կքվեարկի նաև ընդդիմությունը: Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Արամ Մանուկյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ թեև երաշխիք չունի, որ նոր տեսքով օրենք ունենալուց հետո Հայաստանում հուշարձաններ չեն քանդվի, բայց պատրաստ է Հանրապետականին էլ աջակցել, «եթե իրենք լավ բան են անելու»:

Դրական գնահատելով առաջարկվող փոփոխությունը՝ ճարտարապետ-ակտիվիստ Սարհատ Պետրոսյանը նկատում է, որ 90-ականներից հետո գործող այս օրենքը, ի տարբերություն մի շարք այլ օրենքների, փոփոխվել է ընդամենը մեկ անգամ, ինչը վկայում է այն մասին, թե որքան անկարևոր է մշակութային ժառանգության պահպանությունը Հայաստանի իշխանությունների համար։

Գործող օրենքը 2000-ականներից մինչև օրս չի կարողացել պաշտպանել երկու տասնյակից ավելի պատմամշակութային հուշարձաններ, ինչի մասին փաստել է նաև գլխավոր դատախազությունը։

Սարհատ Պետրոսյանը նկատում է, որ օրենքն անընդհատ ոտնահարվում է հենց Մշակույթի նախարարության կողմից։

«Ենթադրում եմ, որ ինչ-որ տեղ նաև քարոզչական քայլ կարող է լինել, որ տեսեք մենք դասեր ենք քաղել, իբր թե, Աֆրիկյաններից և անում ենք, բայց ինձ թվում է, որ իրենք էլ հոգու խորքում գիտեն, որ եթե լինի հերթական բիզնես շահը, այն թքած է ունենալու և էդ օրենքի վրա, և ընդհանրապես պետական կառավարման համակարգի վրա, ինչպես թքած է ունեցել Ծածկած շուկայի դեպքում, ինչպես ԱՕԿՍ-ի դեպքում, ինչպես Աֆրիկյանների դեպքում», - ասաց Սարհատ Պետրոսյանը:

Պատգամավոր Արամ Մանուկյանն օրերս Ազգային ժողովում նույնպես կարծիք հայտնեց, որ փորձը ցույց է տվել՝ Մշակույթի նախարարությունը ի վիճակի չէ պահպանել մշակութային հուշարձանները, հետևաբար ինքը մտադիր է հանդես գալ օրենսդրական նոր առաջարկով։

«Ես ներկայացնելու եմ օրենքի նախագիծ, որտեղ հուշարձանների ցուցակը պետք է հաստատվի խորհրդարանում ոչ թե կառավարությունում: Եթե հանրապետական կոճակ կաջակցի այս հարցում, կառավարությունը կաջակցի, ես գոհ կլինեմ, որովհետև 100-ից ավելի անշարժ հուշարձան Երևանում ոչնչացվել է այս տարիների ընթացքում էս օրենքի հետ կապված», - նշեց ՀԱԿ-ի պատգամավորը:

Վերջին ամիսներին Երևանում, կրկին վերականգնելու խոստմամբ քանդվել են պահպանվող հուշարձանների ցանկում ընդգրկված երկու շենքեր՝ Աֆրիկյաններին պատկանած Տերյան 11-ում գտնվող շենքը, և Մարկ Գրիգորյանի հեղինակած Աճառյանի անվան թիվ 72 դպրոցի շենքը, որն օտարվել և տրվել է ՀԱՊԿ-ին։

Աֆրիկյանների շենքի քարերը պահեստում են: Թե երբ են սկսելու վերականգնման աշխատանքներ, հստակ հայտնի չէ: Աճառյանի անվան դպրոցի տեղում էլ շինարարություն է, կառուցվելիք բարձրահարկի առաջին մի քանի հարկը, ըստ նախագծի կհիշեցնի մինչ այդ այնտեղ կանգուն դպրոցի շենքը։

XS
SM
MD
LG