Մատչելիության հղումներ

Թուրք նախարարը Հայաստանին կոչ է անում նոր էջ բացել


Թուրքիա -- Նախագահ Աբդուլա Գյուլը ողջունում է նախագահ Սերժ Սարգսյանին Բուրսայում, 14-ը հոկտեմբերի, 2009թ.։

Թուրքիա -- Նախագահ Աբդուլա Գյուլը ողջունում է նախագահ Սերժ Սարգսյանին Բուրսայում, 14-ը հոկտեմբերի, 2009թ.։

«Դեյլի Սաբահ» թերթը այսօր գրում է, որ Թուրքիայի նոր կառավարության Եվրամիության հարցերով նախարար Վոլքան Բոզքիրը հայ-թուրքական հարաբերություններին անդրադարձել է վերջին ամիսներին արձանագրված լավատեսության ֆոնի վրա:

Նրա խոսքով՝ Թուրքիան իր կողմից քայլեր է կատարել հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար: Վոլքան Բոզքիրն ասել է՝ կողմերը պետք է միասին ապրեն՝ խուսափելով հիշեցնել անցյալում տեղի ունեցած իրադարձությունները:

Եվրամիության հետ Թուրքիայի գլխավոր բանագնացը ընդգծել է Ռեջեփ Էրդողանի ապրիլի 24-ի առիթով արված ուղերձի կարևորությունը:

«Այդ նամակով մենք ցույց տվեցինք, որ նոր էջ ենք բացում, սիրտ խոցող իրադարձություններից հետո խաղաղության էջ ենք բացում: Եթե մյուս կողմը ընդունի մեր ձեռքը, մենք կարող ենք նոր էջ բացել: Ատելով ու սպանելով միմյանց հնարավոր չէ միասին առաջ քայլել դեպի աշխարհի ապագան»,- ասել է նա։

Նա ասել է, թե լիահույս է երկու երկրների ապագայի համար, և որ կողմերը շուտափույթ պետք է հանդուրժողականություն ցուցաբերեն: «Այժմյանից բոլորը պետք է խաղաղ ապրեն և անցյալում թողնեն անցած իրադարձությունները: Մենք՝ որպես Թուրքիայի Հանրապետություն, մեր քայլն արել ենք»:

Վոլքան Բոզքիրը այցելել է Լիսաբոն ու հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսել է այցելության ժամանակ:

2014-ի ապրիլի 23-ին հրապարակվեց Ռեջեփ Էրդողանի 9 լեզուներով թարգմանված ուղերձը, որով նա ցավակցություն հայտնեց 1915 թվականի իրադարձությունների զոհերի ժառանգներին:

2009-ի հոկտեմբերին Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրություններ ստորագրեցին, որոնք սակայն մինչ օրս խորհրդարանների կողմից վավերացված չեն:

2008-ի սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը այցելեց Հայաստան: Սա պատմության մեջ Թուրքիայի նախագահի առաջին այցն էր Հայաստան: Հաջորդ տարի՝ 2009-ի հոկտեմբերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատասխան այցով մեկնեց Թուրքիա: Նախագահների փոխադարձ այցերը կատարվեցին ֆուտբոլի հավաքականների խաղերը դիտելու նպատակով ու այդ այցելություններն և շփումները ստացան «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG