Մատչելիության հղումներ

Գյումրիում դիմավորեցին աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Արթուր Ալեքսանյանին


21 տարվա ընդմիջումից հետո այս սպորտաձևում Գյումրին ունեցավ աշխարհի չեմպիոն:

Գյումրիում այսօր դիմավորում էին 98 կիլոգրամ քաշային կարգում հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, կամ ինչպես գյումրեցիներն են նրան կոչում՝ «Սպիտակ արջին»:

Քաղաքի մուտքի մոտ դիմավորելուց հետո Արթուր Ալեքսանյանին ֆայտոն նստեցրեցին և ուղեկցեցին Վարդանանց հրապարակ:

Արթուր Ալեքսանյանն ասում է, որ աշխարհի առաջնությունում իր թիվ մեկ մրցակիցը իրանցին է եղել, ում ժամանակին պարտվել է:

«Տրամադրվել էի, որ անպայման պետք է հաղթեմ իրանցուն, ռևանշի հասնեմ: Յուրաքանչյուր հաղթանակ պարտավորեցնող է, մյուս տարի էլ Եվրոպայի և աշխարհի առաջնություններ կա, ու պետք է պատրաստվեմ 2016 թվականի Օլիմպիական խաղերին», - ասաց Արթուր Ալեքսանյանը:

Աշխարհի չեմպիոնը անդրադարձավ նաև Գյումրու մարզադպրոցի պայմաններին, որտեղ, ըստ էության, մարզումների համար տարրական պայմաններն են բացակայում․ - «Լավ չի պայմանները: Խոստացել են, որ նորոգեն, կառուցեն»:

Արթուրի հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը, ով մարզադպրոցի տնօրենն է ու նաև Արթուրի մարզիչը, ասաց, թե հույս ունի, որ Արթուրի աշխարհի չեմպիոն դառնալը կնպաստի, որ մարզադպրոցի հիմնանորոգման հարցը ի վերջո լուծվի:

«Դահլիճում հատակ արդեն չկա: Բետոնի վրա էդպես մարզվում են, էդ հատակը փտել, դուրս է եկել, փոշու վրա են պարապում: Ես ամաչում եմ էդ դահլիճում պարապող երեխաներից ու նրանց ծնողներից, որ էդպիսի դահլիճում ես պարտադրում եմ էդ մարդկանց պարապել, մարզիչներին էլ՝ աշխատել», - նշեց Գևորգ Ալեքսանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG