Մատչելիության հղումներ

Զուրաբյան. Սերժ Սարգսյանի խորամանկ պլանը ձախողվել է


Սահմանադրական բարեփոխումները իբրև քաղաքական պահանջ ներկայացնելու` Սերժ Սարգսյանի խորամանկ պլանը ձախողվել է: Այս մասին «Ազատության» կիրակնօրյա վերլուծական ծրագրում հայտարարեց Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Վերջինիս փոխանցմամբ՝ հայտարարելով, թե դեմ լինելով երկրի կառավարման խորհրդարանական մոդելին, այնուամենայնիվ, պատրաստ է գնալ այդ փոփոխությանը, Սերժ Սարգսյանը փորձում էր ցույց տալ, թե ինքը զիջումների է գնում՝ հաշվի առնելով ընդդիմության պահանջը: Ժամանակին «Ժառանգությունը», Դաշնակցությունը և թե ԲՀԿ-ն կողմ են արտահայտվել երկրի կառավարման խորհրդարանական մոդելին:

Ըստ Զուրաբյանի՝ Սերժ Սարգսյանը, հենց այս հանգամանքը օգտագործելով, փորձում է լուծել իր վերարտադրման խնդիրը: Սակայն այս ծրագիրը չաշխատեց, քանի որ թե ԲՀԿ-ն, թե «Ժառանգությունը», հասկանալով պլանը, այժմ դեմ են արտահայտվում սահմանադրական բարեփոխումներին:

«Ուստի ստացվում է մի վակուում՝ մի կողմից Սերժ Սարգսյանը ինքը չի ուզում խորհրդարանական մոդել, բայց այն քաղաքական ուժերը, որոնք իր մտահղացմամբ պետք է պահանջեին այդ փոփոխությունները, չեն պահանջում դրանք, և ստացվում է, որ այսօր ամբողջ պառլամենտում կա մի ուժ, դա Դաշնակցությունն է, որ նման հարց դնում է։ Բայց կներեք, այդ դեպքում ամեն ինչը դառնում է մի քիչ ծիծաղելի։ Նկատի ունեմ Սերժ Սարգսյանի բացատրությունները և արդարացումները, որովհետև ստացվում է, որ ինքը ամբողջ այս ռեֆորմը անում է միայն Դաշնակցության համար։ Իհարկե, դա ծիծաղելի է և իհարկե, նման բան չի կարող լինել։ Դա իշխանության վերարտադրման հիմքն է, և դրա համար ինքը այս ամենը ձեռնարկել է, բայց պլանը, ինչպես տեսնում եք, ձախողվում է»,- ասաց Զուրաբյանը։

Թեև «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները նույնպես դեմ են արտահայտվում Սերժ Սարգսյանի նախաձեռնած բարեփոխումներին, սակայն անցած շաբաթ տված հարցազրույցում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը այդ բարեփոխումները չէր քննադատել՝ ասելով, թե երբ հայեցակարգը պատրաստ լինի, այն ժամանակ էլ կպատասխանի բոլոր հարցերին:

«Ինչպես ժողովուրդը որոշի, այնպես էլ կանենք: Մենք կողմ ենք ցանկացած բարեփոխման, բայց ոչ` վերարտադրման»,- zham.am-ին ասել էր Գագիկ Ծառուկյանը:

«Ազատության» կիրակնօրյա վերլուծականում ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանն պարզաբանել է, թե Ծառուկյանի և թե իրենց ասածների միջև տարբերություն չկա: Ծառուկյանն ընդամենը հիշյալ հարցազրույցում կոռեկտություն է պահպանել:

«Գագիկ Ծառուկյանը կոռեկտություն է պահում և ասում է՝ թող լինի վերջնական տեքստը, որպեսզի մենք վերջնական կարծիքը հայտնենք, բայց ինքը ևս դեմ է խորհրդարանական մոդելին անցնելուն»,- ասել է Մարգարյանը։

Հոկտեմբերին նախատեսվում է ոչ իշխանական ուժերի հանրահավաքը Ազատության հրապարակում: Հանրահավաքի կոնկրետ օրը քառյակը խոստացել է հրապարակել չորեքշաբթի օրը կայանալիք նիստում: Առայժմ սակայն հայտնի չէ օրակարգը, պարզ չէ արդյոք հարթակից կհնչեն իշխանափոխության կոչեր: Ինչպես Ստեփան Մարգարյանը նշեց, հանրահավաքի օրակարգի վերաբերյալ քառյակը դեռևս որոշում չունի, ամեն դեպքում կատարվելիք քայլերը հստակ կլինեն և բավական ռադիկալ:

Մինչդեռ ՀԱԿ խմբակցության ղեկավարի փոխանցմամբ, իրենց մոտեցումը հստակ է՝ Սերժ Սարգսյանի ռեժիմից պետք է ազատվել, հետևաբար ճիշտ լուծումը Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջն է: Սակայն մյուս կողմից ՀԱԿ-ը հասկանում է, որ այդ խնդրի լուծման համար կարևոր է քաղաքական ուժերի համախմբում, դա է պատճառը, որ ունենալով արմատական մոտեցումներ՝ իրենք փորձում են գտնել այն ընդհանուր պլատֆորմը, որ կապահովի 4 քաղաքական ուժերի համախմբումը:

«Եվ դրա համար մենք գնում ենք ինչ-որ զիջումների, բայց այդ զիջումները երբեք չեն լինում վերջնական նշանակետը զիջելու հաշվին։ Մենք ընդհանրապես համարում ենք, որ ամենակարևոր խնդիրը, որ հիմա պետք է լուծենք, այն է, որ պետք է ժողովրդին դարձնենք քաղաքական գործընթացի մասնակից։ Ժողովուրդը պետք է դուրս գա փողոց, դուրս գա հրապարակ, ժողովուրդն է, որ պետք է որոշի հետագա անելիքները։ Եվ այն պահից, երբ մենք հասնենք այդ խնդրի իրականացմանը, իսկ մենք շատ մոտ ենք դրան, շատ շուտով կհայտարարենք հանրահավաքի օրը և բազմահազարանոց ժողովրդին կհավաքենք Ազատության հրապարակում, այդ պահից սկսած, վստահ եմ, ժողովուրդն է սկսելու քաղաքական օրակարգը Հայաստանում»,- նշեց Զուրաբյանը։

Նկատենք, որ առայժմ հստակ չէ՝ արդյոք Դաշնակցությունը նույնպես կմասնակցի հոկտեմբերին նախատեսված հանրահավաքին, չի բացառվում, որ սահմանադրական բարեփոխումների շուրջ ունեցած տարաձայնությունների արդյունքում քառյակը վերածվի եռյակի: Ամեն դեպքում ՀԱԿ խմբակցության ղեկավարի համոզմամբ՝ որևէ կուսակցություն չի կարող խոչընդոտել այն գործընթացը, որն արդեն սկսվել է: Ֆորմատի պահպանումը չի կարող ինքնանպատակ լինել, կարևորն այն գործընթացն է, որը մեկնարկել է, և որին միանալու են նոր ուժեր և հասարակական նախաձեռնություններ: Թե արդյոք այդ նոր ուժերի մեջ կարող են լինել նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանն ասաց, թե այս պահին քառյակի առջև այդպիսի խնդիր չկա դրված և նման քննարկում չի եղել։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ավելի կտրուկ պատասխանեց.- Հայտարարում եմ, որ Ռոբերտ Քոչարյան՝ որպես այդպիսին, քառյակի ոչ օրակարգում, ոչ ծրագրերում, ոչ քննարկումներում գոյություն չունի։ ՀԱԿ-ը բացառում է որևէ զարգացում այդ ուղղությամբ»։

XS
SM
MD
LG