Մատչելիության հղումներ

Թուրք ռեժիսորի ֆիլմը «նրանց համար է, ովքեր հավատում են առանց սահմանների աշխարհին»


Դիտակետ հայ - թուրքական սահմանին, արխիվ
Դիտակետ հայ - թուրքական սահմանին, արխիվ

Երկուշաբթի օրը Վաշինգտոնի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնում ցուցադրվելու է թուրք ռեժիսոր Դերյա Դուրմազի «Ծիածան» կինոնկարը:

15-րոպեանոց այս ֆիլմը չորս տարեկան հայ աղջնակի գաղտնի ճամփորդության մասին է: Ծիածանը աղջնակի անունն է: Նրա քեռին Թուրքիայից ապրանքներ է բերում, վերավաճառում Հայաստանում, և ամեն անգամ շոկոլադ է բերում նրա համար: Աղջնակը ավելի շատ շոկոլադ է ցանկանում ունենալ և մի անգամ, հերթական ուղևորությունից առաջ թաքնվում է մեծ ճամպրուկի մեջ ու գաղտնի ճամփորդում Թուրքիա:

Ֆիլմի մասին գրել է The Washington Post թերթը՝ նշելով․ - «Երբեմն շոկոլադը խոսում է աշխարհաքաղաքական իրավիճակների մասին: Հայաստանը սահմանակից է Թուրքիային, բայց այնտեղ հասնելու, ապրանքներ ձեռք բերելու համար աղջնակի քեռին Վրաստանի տարածքով մի մեծ շրջան է գծում, 36-ժամյա ճամփորդություն կատարում»:

Ֆիլմի ռեժիսորը The Washington Post-ին հեռախոսով տված հարցազրույցում հիշում է, որ դեռ 2011 թվականին հաղորդագրություններում էր կարդացել, որ Թուրքիայի և Հայաստանի միջև ապրանքներ տեղափոխելու, ճամփորդելու համար անպայման պետք է իմանալ Վրաստանով անցնելու պայմանները:

«Դա ինձ շատ աբսուրդ թվաց: Եթե դուք գնաք Թուրքիայի արևելյան սահմանի մոտ կանգնեք և բղավեք՝ Հայաստանում ձեր ձայնը կլսվի», - ասել է ռեժիսորը:

Նա գրել է, որ իր ֆիլմը նրանց համար է, ովքեր հավատում են առանց սահմանների աշխարհին:

Դերյա Դուրմազը դերասանուհի է, «Ծիածան»-ը նրա ռեժիսորական դեբյուտն է:

Մայիսի սկզբին «Ծիածան»-ը արժանացել է Փարիզում անցկացված «Հարավարևելյան եվրոպական ֆիլմեր» կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG