Մատչելիության հղումներ

Ոստիկանապետի խոսքերը «չեն կարող փոփոխել քառյակի ծրագրերը»


ԲՀԿ խմբակցության քարտուղարը հակադարձում է «սառը ցնցուղների» մասին Վլադիմիր Գասպարյանի հայտարարությանը:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խոսքերը չեն կարող փոփոխություններ առաջացնել ոչ իշխանական քառյակի ծրագրերում, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Քառյակը մինչև սեպտեմբերի 30-ը վերջնաժամկետ է ներկայացրել իշխանությանը՝ հայտնի 12 կետերը կատարելու համար: Ընդդիմադիրները չեն բացառում «թեժ աշնան» տարբերակը՝ եթե իշխանությունը հրաժարվի կատարել իրենց պահանջները: Իսկ անցած ուրբաթ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, որ կուսակցությունը պատրաստ է ցանկացած ֆորսմաժորային զարգացման:

«Եթե Հայաստանի Հանրապետության ոստիկանապետը որոշել է վերջնականապես և հիմնավորապես մասնակցել ներքաղաքական գործընթացների, ինչը Հայաստանի Սահմանադրությամբ կտրականապես և կատեգորիկ արգելվում է, ապա ճիշտ կլինի, որ հարգարժան ոստիկանապետը խոսի շատ ավելի կոնկրետ, թե ում և ինչ նկատի ունի: Այլապես թույլ տվեք ձեռնպահ մնալ գրական-գեղարվեստական ժանրին հավակնող հայտարարությունները մեկնաբանելուց», - ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ շարունակելով․ - «Հույս ունեմ, որ յուրաքանչյուր ոք կմնա իր պաշտոնական լիազորությունների սահմաններում: Իսկ քառյակը, ինչպես և ծրագրել է իր գործողությունները՝ Հայաստանի Սահմանադրության և օրենսդրության սահմաններում իրեն վերապահված իրավունքով, լիազորություններով, բողոքելով, իր անհամաձայնությունը հայտնելով այն կերպ, ինչպես ինքը հարմար է գտնում, անպայմանորեն անելու է, և մեր ծրագրերում, իհարկե, որևէ փոփոխություն չի լինելու՝ կապված «ցնցուղների» տաքության և սառնության աստիճանի հետ»:

«Իշխանությունները հասկանում են, թե ինչ մեծ դժգոհություն է կուտակվել ժողովրդի մոտ և ինչ մեծ արձագանք կունենան ընդդիմության հորդորները հանրահավաքներ սկսել այս իշխանության դեմ, և իշխանությունները վախեցած են»․ - ոստիկանապետի խոսքերին այսպես արձագանքեց Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նա հավելեց՝ քառյակը ինչ անի, անելու է Սահմանադրության շրջանակներում, և նախորդ տարիների փորձն էլ ցույց է տալիս, որ «ներքաղաքական պայքարում Սահմանադրությունն ու օրենքները խախտում են ոչ թե ընդդիմադիրները, այլ իշխանությունը»:

Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավարը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ոստիկանական ուժերի շաբաթօրյա զորավարժության ընթացքում կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկել են «Լևո՛ն, Լևո՛ն»:

«Իշխանությունը իր կողմից կառավարվող ոստիկանության բերանով նշում է, թե ում է համարում «ներքին թշնամի»», - շարունակեց Զուրաբյանը: - «Սա արդեն լկտի անարգանք է սահմանադրական նորմերի նկատմամբ իշխանությունների կողմից, ոստիկանության կողմից, անձամբ Վովա Գասպարյանի կողմից: Եվ իր լկտի արտահայտությունները ուղղակի ընդգծում են այդ չափը անարգանքի Սահմանադրության նկատմամբ, ժողովրդավարության տարրական էլեմենտների նկատմամբ: Եվ ես կարծում եմ, որ Վովա Գասպարյանը պետք է անձամբ պատասխան տա Ազգային ժողովում»:

Հարկ է նշել, որ Ոստիկանության մամուլի ծառայությունից այսօր «Ազատությանը» փոխանցեցին, որ զորավարժության ժամանակ հնչել են նաև այլ բացականչություններ, որոնք որևէ ենթատեքստ չունեն:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ՝ ոստիկանապետի խոսքերը ոչ այնքան ուղղված էին ընդդիմությանը, որքան միտված են հասարակության շրջանում «որոշակի կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել»․ - «Ե՛վ իր խոսքը, և՛ ոստիկանության այդ զորավարժության ցուցադրումը որևէ դրական արձագանք չբերեց: Ես նոր եմ վերադարձել շրջանից և զրուցել եմ մեր գյուղացիների հետ, որոնք այդ հաղորդումը տեսել են, և իրենք դրական տրամադրվածություն չունեն այդ խոսքի և այդ տեսաժապավենի նկատմամբ»:

«Բայց ես մի հարց տամ՝ եթե Հայաստանը նորմալ երկիր է, ապա այն ոստիկանը, ով իշխանությունների համար ինձ հարվածեց անցած տարի, ինչո՞ւ թողեց երկիրը ու գնաց: Ես մնացի և պայքարելու եմ մեր երկրի ապագայի համար», - եզրափակեց Մարտիրոսյանը:

XS
SM
MD
LG