Մատչելիության հղումներ

Հազարավոր տաքսիստներ բողոքի ակցիաներ կկազմակերպեն, եթե մինչև հոկտեմբերի 24-ը պետական այրերը չլուծեն իրենց խնդիրը:

Ճանապարհային տեսախցիկների, տաքսիների ավտոկայանատեղիների բացակայության և տեխնիկական այլ խնդիրների պատճառով օր օրի ավելանում են վարորդների տուգանքները: Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, հազարավոր տաքսիստների բողոքները հաշվի առնելով, որոշել է այս խնդրով այսօր նամակ ուղղել երկրի վարչապետին և նախագահին:

Բողոքի հասցեատերը Արագաչափերի տեղադրմամբ ու շահագործմամբ զբաղվող «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունն է, որը, ըստ տաքսիստների, երեք ամիս առաջ խոսք էր տվել լուծել տաքսիների ավտոկայանատեղիների հարցը՝ փողոցներում հատուկ ցուցանակներ տեղադրելով և դեղին գծեր քաշելով, սակայն, այսօր դրժում է իր խոստումը՝ մտածելով միայն սեփական շահի մասին:

«Դուրս է գալիս՝ մարդը իր ջեբի մասին է մտածում, դրա համար մեր պահանջը այսօր՝ ամբողջովին, 100 տոկոսով պետականացնել: Հանձնիր բաժնետոմսերը, պետականացրու, թող պետության հետ մենք կռվենք», - ասում է Տիգրան Հովհաննիսյանը:

«Սեքյուրիթի դրիմ» ընկերության խախտումների արձանագրման կենտրոնի ղեկավար Արսեն Ղազարյանը «ազատության» հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունն է խոստացել գիշերը 24:00-ից հետո թույլ տալ տաքսիստներին կանգնել կանգառներում և Ղազարյանի պնդմամբ՝ ոչ մի վարորդ այդ ժամին այդ վայրում կայանելու համար չի տուգանվել: Իսկ ինչ վերաբերում է այլ խոստումներին, ապա Ղազարյանն ասաց․- «Ախր, կներեք, «Սեքյուրիթի դրիմը» ո՞վ է, որ նման խոստում տա»:

Տաքսիների միակ խնդիրը կայանատեղիները չէին․ տաքսու վարորդներ Մխիթար Օհանյանը, Րաֆիկ Ստեփանյանը, Ստանիսլավ Սիմոնյանը վրդովվում էին, որ փողոցում տեղադրված նկարահանող տեսախցիկների պատճառով այսօր փող են աշխատում ոչ թե տուն պահելու, այլ տուգանք վճարելու համար:

«Ես ինչո՞ւ պիտի խախտում անելու համար ինչ-որ մեկին պիտի հարստացնեմ: Եթե ես խախտում եմ արել, թող իմ պետությունը ինձ տուգանի», - ասում էի վարորդները:

Մինչդեռ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության ներկայացուցիչ Արսեն Ղազարյանը պնդում է՝ տուգանքները 5-ն են, թե 5000-ը՝ ընդհանրապես ընկերության գործը չէ, քանի որ մասնավոր այս կազմակերպությունը, նրա պնդմամբ, տուգանքներից չէ իր եկամուտը ստանում:

«Տուգանքի ամբողջ գումարը, որ իրենք մուծում են, գնում է պետբյուջե: Պետությունը «Սեքյուրիթի դրիմից» գնում է այն տեխնիկական միջոցները, որոնք տեղադրվում են ճանապարհին: «Սեքյուրիթի դրիմը» ընդամենը պետության պատվերը կատարողն է», - ասաց ընկերության ներկայացուցիչը:

Վրդովված վարորդները, այդուհանդերձ, պնդում են, որ տեղադրված նկարահանող տեսախցիկների պատճառով այսօր ստիպված են չարդարացված տուգանքներ վճարել: Մեր հարցին՝ իսկ հնարավոր չէ՞ արդյոք առանց խախտման մեքենա վարել, վարորդները հայտարարեցին, որ տեսախցիկը ռոբոտ է, իրավիճակ չի գնահատում: Նրանք հայտարարեցին, որ եթե պետությունը մինչև հոկտեմբերի 24-ը իրենց խնդրին չարձագանքի, կդիմեն քաղաքացիական անհնազանդության ամենատարբեր միջոցների:

XS
SM
MD
LG