Մատչելիության հղումներ

Ոստիկանապետը «սառը ցնցուղներ» է խոստանում «թեժ աշնան» կողմնակիցներին


Ոստիկանության զորքերի զորավարժություն «Արզնի» օդանավակայանի տարածքում, 13-ը սեպտեմբերի, 2014թ․

Ոստիկանության զորքերի զորավարժություն «Արզնի» օդանավակայանի տարածքում, 13-ը սեպտեմբերի, 2014թ․

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը «թեժ աշնան» կողմնակիցներին այսօր խոստացավ «սառը ցնցուղներ», իսկ եթե դա էլ չօգնի՝ ասաց, որ կլինի «ավելի թեժ աշուն»:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը «թեժ աշնան» կողմնակիցներին այսօր խոստացավ «սառը ցնցուղներ», իսկ եթե դա էլ չօգնի՝ ասաց, որ կլինի «ավելի թեժ աշուն»: Այսպիսի հայտարարություն գեներալ-լեյտենանտ Գասպարյանն արեց «Արզնի» օդանավակայանի տարածքում ոստիկանության զորքերի զորավարժությունից հետո՝ լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում:

Զորավարժություններն, ի դեպ, ունեին ուշագրավ անվանում՝ «Հատուկ համահավաք ջոկատի կիրառումը զանգվածային անկարգությունների կանխման և խափանման հատուկ օպերացիայում»:

Ընդդիմադիր քառյակը մինչև սեպտեմբերի 30-ը վերջնաժամկետ է ներկայացրել իշխանությանը՝ առաջ քաշված 12 կետերը կատարելու համար: Ընդդիմադիրները չեն բացառում, որ աշունը «թեժ» կլինի, եթե իշխանությունը հրաժարվի կատարել իրենց պահանջները:

«Կարող եմ հումորով էլ պատասխանել՝ թեժ աշնան համար կան սառը ցնցուղներ, իսկ երբ ցնցուղը չի օգնում, շատ ավելի թեժ աշուն կարող ենք կազմակերպել: Ուզում է թեժ լինի, ուզում է սառը լինի՝ պետք է ամեն ինչ լինի տրամաբանության մեջ, օրենքի սահմաններում: Այն ժամանակ այդ թեժ աշունները կարող է շահեկան լինեն, իսկ եթե թեժ աշունները օրենքի խախտումներով են լինում, ես, որպես ոստիկանապետ, դա չեմ հանդուրժելու», - ասաց Գասպարյանը՝ շարունակելով․ - «Որովհետև ես գիտեմ, ինչ է նշանակում խժդժություններ, ես գիտեմ, ինչ է նշանակում պատերազմներ, ես գիտեմ ինչ է նշանակում կորուստներ պատերազմի ժամանակ ու ես միանշանակ գիտեմ, որ ներքին ստաբիլ վիճակի խախտումը ուղղակի կապված է մեր սահմանի հետ: Ես դա գիտեմ, ես բանակից եմ, ես գիտեմ ամբողջ տեխնոլոգիաները և ես երբեք չեմ հանդուրժի․․․ խոնարհությամբ ծառայելով իմ ժողովրդին՝ ես չեմ հանդուրժի, որ իմ երկրի մեջ իրար կոտորեն, իրար սպանեն, հակառակորդն էլ օգտվի դրանից: Բայց, չտա Աստված, որ որևիցե մեկը ուզենա երկրի ճակատագրի հետ խաղալ իր սեփական փառասիրության կամ հարստության, ես չգիտեմ ինչ անուն տալ՝ ռևանշիզմի և այլնի համար: Ամեն ինչի համար կան օրինական ճանապարհներ»:

Գասպարյանը նաև ասաց՝ «ցանկացած օրինախախտ, ավելին՝ ոստիկանի հանդեպ ոտնձգություն՝ խստագույնս կպատժվի»:

«Մենք կանխատեսելի ենք դառել քաղաքացու համար, մենք գիտենք, մենք ցույց ենք տալիս, մենք ոչինչ չենք թաքցնում: Մենք ազնիվ ենք մեր գործի մեջ, Աստված վկա», - հավելեց նա:

Քանի որ ոստիկանապետը հիշատակեց Աստծո անունը, լրագրողներից մեկը հարցրեց՝ որպես քրիստոնյա ինչպե՞ս կգնահատեք Շանթ Հարությունյանի և նրա 15-ամյա որդու համար երկարատև ազատազրկում պահանջելը, քանի որ հասարակական-քաղաքական շրջանակներում այն համոզմունք է, որ այդպիսի ազատազրկման պահանջը ուղղակի վրեժխնդրություն է:

«Վրեժխնդրությունը ամենավատ բանն է, որ գոյություն ունի: Ինքս չեմ կարծում, որ դատարանը նման մոտեցում կցուցաբերի: Ես ինքս հակված եմ մի ուրիշ տեսակ մտածելու․ եթե մարդ շտկվող է՝ կշտկվի մի օրում, մի ժամում, մի ամսում, մի տարում, եթե մարդ շտկվող չէ՝ չի շտկվի տասը տարում, քսան տարում: Այնպես որ, ես այդ պատիժներին մի քիչ փիլիսոփայորեն եմ մոտենում: Կարծում եմ, որ այդպես չի լինի», - ասաց նա:

Սեպտեմբերի 8-ին դատախազ Գևորգ Գևորգյանը «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, անցած նոյեմբերից անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի համար պահանջեց 7, նրա անչափահաս որդու համար՝ 5 տարվա ազատազրկում։ Դատախազը նաև 4-8,5 տարի պահանջեց Շանթ Հարությունյանի ընկերների համար:

Ի դեպ, անցած նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքից անմիջապես հետո «Ցեղակրոնի» առաջնորդը հայատարարել էր, որ ոստիկանության բաժանմունքում ոստիկանապետ Վլադմիր Գասպարյանը իր նկատմամբ բռնությունը է կիրառել: Ոստիկանապետը հերքել էր մեղադրանքը:

XS
SM
MD
LG