Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյան․ «Ես ասել եմ՝ ամեն տարի պիտի փոփոխություն լինի»


Հայաստան -- Սերժ Սարգսյանը Գյումրիի տեղեկատվական կենտրոնում, Գյումրի, 13-ը սեպտեմբերի, 2014թ․

Հայաստան -- Սերժ Սարգսյանը Գյումրիի տեղեկատվական կենտրոնում, Գյումրի, 13-ը սեպտեմբերի, 2014թ․

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Գյումրիում մասնակցեց մի շարք օբյեկտների բացման արարողությունների: Թեև Գյումրիի տեղեկատվական կենտրոնը մոտ մեկ տարի է գործում է, սակայն որոշվեց կարմիր ժապավենը այսօր կտրել ու պաշտոնապես բացել:

Շենքը կառուցվել է Համաշխարհային բանկի վարկային միջոցների հաշվին: Ի սկզբանե հայտարարվեց, թե այս շենքը կառուցվում է որպես տեխնոպարկ, սակայն հետո այն վերանվանվեց տեղեկատվական կենտրոն, իսկ տեխնոպարկի կառուցման մասին հիմա արդեն չեն էլ խոսում, քանի որ բավական լուրջ ֆինանսական ներդրումներ են պահանջվում:

Սերժ Սարգսյանը շրջեց «նորաբաց» կենտրոնում, ապա հանդիպեց մանկավարժների հետ և նրանց ներկայացրեց մեկնարկող կրթական նոր ծրագիրը:

«Մեկամյա նախապատրաստական աշխատանքից հետո, սկսում են մի մեծամասշտաբ կրթական նախաձեռնություն, որը կոչվում է «Կրթության գերազանցության ազգային ծրագիր», - հայտարարեց նա, - «Ծրագրի նպատակն է` կարևորել ուսուցչի դերը հասարակության մեջ, գրավիչ դարձնել կրթության սպասավորի մասնագիտությունը, լավագույն մարդկային ռեսուրսներն ուղղել դեպի կրթություն և ձևավորել մրցունակ, առաքելության զգացողություն ունեցող ուսուցիչների համայնք: Ծրագիրն իրականացվելու է միջազգային չափանիշներին համապատասխան հայալեզու կրթական համակարգով, ըստ որի ուսուցիչները պետք է ստանան համապատասխան որակավորում: Կրթության որակի շարունակական բարձրացումը ոչ միայն պետական կառույցների, այլև հասարակության գերխնդիրն է: Սա նշանակում է, որ որակը ոչ թե պետք է վերևից պարտադրվի, այլ պահանջված լինի տեղում: Պետք է ստեղծել կրթությամբ հաջողության հասնելու երազանք և հնարավորություն ընձեռել այդ երազանքն իրականացնելու համար: Այս առումով Կրթության գերազանցության ազգային ծրագիրը առաքելություն է, իսկ այդ ծրագրի ուսուցիչները պետք է լինեն կրթության նոր մշակույթի առաքյալները»:

Թուրքիա գնացող գիծը վերանորոգված է

Գերմանական KFW բանկի վարկային միջոցներով է վերակառուցվել «Գյումրի 2» բարձրավոլտ ենթակայանը: Շուրջ 14.6 մլն եվրո է ներդրվել ենթակայանի վերազինման համար: Այն տարածաշրջանային նշանակություն ունի: Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլա Գյուլի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ խոսվեց այն մասին, որ Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիա մատակարարելու համաձայնություն է ձեռք բերվել, սակայն հետո դա այդպես էլ չիրականացավ:

Բարձրավոլտ էլեկտրացանցեր ընկերության Գյումրու մասնաճյուղի տնօրեն Գագիկ Ավետիսյանն ասաց թե, դեպի Թուրքիա գնացող գիծն այնուամենայնիվ վերանորոգված է:

«Թուրքիայի հետ գիծը պատրաստ է, իսկ միացումը արդեն կառավարական որոշելիք հարց է», - ասաց նա:

«Գյումրի 2» ենթակայանում Սերժ Սարգսյանը պատասխանեց գյումրեցի լրագրողների հարցերին՝ խոսելով միայն Գյումրիի խնդիրների ու անելիքների մասին:

«Պիտի ասեմ, որ նույնիսկ եթե ես չեմ գալիս Գյումրի, ապա մշտապես հետևում եմ այստեղ տեղի ունեցող փոփոխություններին․ իրոք փոփոխություններ կան: Կարևոր հանգամանքը այն է, որ ես տեսնում եմ մարդկանց մոտ ցանկություն՝ արժեք ստեղծելու, աշխատելու, և մենք էլ ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ ցանկությունը կրկնապատկվի և եղած պրոբլեմները լուծվեն: Ես երբեք չեմ ասել, որ մի տարում, հինգ տարում, տասը տարում բոլոր խնդիրները լուծվելու են, ես ասել եմ՝ ամեն տարի պիտի փոփոխություն լինի: Ես կարծում եմ՝ դուք էլ պիտի տեսնեք այդ փոփոփոխությունները: Իսկ եկող երկու-երեք տարում մենք ավելացնելու ենք բոլոր տիպի օժանդակությունները», - ասաց Սերժ Սարգսյանը:

Լրագրողներից մեկը հարց ուղղեց․ - «Պարոն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյանը քննադատեց տնտեսական քաղաքականությունը: Դուք այդ մասին կարծիք ունե՞ք»: Այս հարցն անպատասխան թողնելով ժպտալով Սերժ Սարգսյանը հեռացավ դեպի նորակառույց Ֆուտբոլի ակադեմիա: Այստեղ ևս կարմիր ժապավեն կտրվեց, նախագահը շրջեց նորաբաց ֆուտբոլի դաշտում, զրուցեց երեխաների հետ:

Այնուհետև «ԼենՏեքս» ընկերություն այցելեց, որը Գյումրիում գործող հատ ու կենտ նոր ձեռնարկություններից է: Տեքստիլ արտադրանք թողարկող այս ընկերությունում շուրջ 200 գյումրեցի է աշխատում: Հետո առանց լրագրողների ուղեկցության Սերժ Սարգսյանը մի քանի օբյեկտների բացման մասնակցեց նաև Աշոցքում ու Ամասիայում:

XS
SM
MD
LG