Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյան․ Օրենքի ամբողջ խստությամբ պատժվելու են բոլոր մեղավորները


Սեպտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների ու առանձին բաժինների պետերը:

Հեռահաղորդակցության միջոցների և տեսակապի շնորհիվ խորհրդակցությանը ներգրավված է եղել նաև բանակային զորամիավորումների հրամկազմը:

ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, պորհրդակցությունը նվիրված էր ՀՀ անկախության հռչակման 23-րդ տարեդարձի առթիվ անցկացվելիք հանդիսավոր միջոցառումների կազմակերպմանը, պաշտպանության նախարարին կից կոլեգիաների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքներին

Խորհրդակցության ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև կարգապահական բնույթի խնդիրներին:

Օրերս ՊՆ զորամասերից մեկում զինվորի մահվան ելքով գործի քննության կապակցությամբ պաշտպանության նախարարը շեշտել է, որ անկախ նրանից, թե ինչն է դրդել զինվորին ինքնասպանության, զորամասի ղեկավարության պատասխանատվության չափը դրանից ոչ մի կերպ չի նվազելու և ծառայողական քննության ավարտից հետո օրենքի ամբողջ խստությամբ պատժվելու են բոլոր մեղավորները:

Նմանաբնույթ դեպքերը հետագայում բացառելու նպատակով Սեյրան Օհանյանը խորհրդակցության ավարտին մասնակիցներին տվել է կոնկրետ հանձնարարականներ և ցուցումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG