Մատչելիության հղումներ

«Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքը ևս կվիճարկվի ՍԴ-ում


«Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքը ևս կվիճարկվի ՍԴ-ում
please wait

No media source currently available

0:00 0:03:45 0:00

«Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքը ևս կվիճարկվի ՍԴ-ում

Մինչև սեպտեմբերի վերջը ԱԺ ՀՅԴ և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները դիմում կներկայացնեն Սահմանադրական դատարան «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքի սահմանադրականությունը վիճարկելու համար: «Ազատության» հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» թեպետ նպատակային չեն համարել այս քայլն, այդուհանդերձ, պատրաստ են աջակցել քառյակի գործընկերներին:

Դիմումով նաև առաջարկ է արվելու կուտակային կեսաթոշակային համակարգը դարձնել կամավոր: Պատգամավորները նշում են, որ փաստաթղթի հիմքում, այդուհանդերձ, լինելու է իրավունքի գերակայությունը, ինչը, մասնագիտությամբ իրավաբան Արծվիկ Մինասյանի կարծիքով, չի բխում նոր օրենսդրական փաթեթից:

«Օրենսդրական այս փոփոխություններով նոր, հավելյալ սահմանափակումներ են մտցվել, որոնք Սահմանադրության հիմնարար սկզբունքների խատում են՝ թե՛ խտրականության, թե՛ սեփականության իրավունքի, թե՛, որ ամենակարևորներից մեկն է՝ պետության, որպես հանրային սուբյեկտի լիազորությունների աղավաղման տեսքով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մինասյանը:

Օրերս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցերին, ասել էր, որ ենթադրություններ և կանխատեսումներ չի անում ու չգիտի, թե ինչ ճակատագրի կարժանանա կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքը ՍԴ-ում:

Նախկինում կառավարության անդամները, ի դեմս նախարարի, բացառում էին օրենքի հակասահմանադրականությունը, մինչդեռ ՍԴ-ը ապրիլի 2-ի իր որոշմամբ օրենքի միանգամից մի քանի կետ հակասահմանադրական էին ճանաչվել:

«Բոլորի աշխատանքի մեջ էլ թերություններ կարող են լինել», - ասում է նախարարը՝ միաժամանակ նշելով, որ օրենսդրական նոր փաթեթով ՍԴ-ի որոշման մեջ արծածված բոլոր խնդիրները լուծումներ ստացել են:

Պատգամավոր Մինասյանը, սակայն, հակադարձում է նախարար Աստարյանին՝ պնդելով, թե նոր օրենքը պարզապես անտեսել է ՍԴ որոշումը․ - «Ես ավելի շատ ակնկալում եմ, որ ՍԴ-ն ինքը պետք է հետամուտ լինի իր իսկ կայացրած որոշման կատարմանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հայտարարությունը ես դիտարկում եմ, ինչպես և նախկինում, ընդամենը պատասխանատվությունից և պարտավորությունից խուսափելու փորձ»:

Օրենքը բարձր ատյանում դեռ երկար կվիճարկվի: Իսկ դրա խնդրահարույց կետերից մեկի՝ համատեղությամբ պետական և մասնավոր ոլորտներում աշխատող դասախոսների ճակատագրով հետաքրքրված վարչապետի հանձնարարականն էլ մի շաբաթից ավելի է, ինչ Ֆինանսների նախարարության քննարկման առարկա է:

Իսկ այս ընթացքում ամեն օր երիտասարդ կադրերից են զրկվում պետական բուհերը: ՍԴ դիմումի հարյուրավոր կետերից մեկն էլ վերաբերում է այս խնդրին: Ի դեպ, ՀՅԴ պատգամավորը վստահ է, որ խնդիրը առանց օրենսդրական փոփոխության պարզապես չի կարող լուծվել:

«Որևէ վարչապետի որոշում չի կարող ավելին լինել, քան օրենքի պահանջն է: Հետևաբար, եթե անգամ փորձեն ընդառաջում գնալ կառավարության կամ վարչապետի որոշմամբ, դա նշանակում է, որ ծնվում է ևս մի հակասահմանադրական ակտ, ինչ կարող է շատ ավելի բացասական հետևանքներ ունենալ», - ընդգծեց Արժվիկ Մինասյանը:

Այսօր հանրությունն այլևս ակտիվ պայքար չի տանում կուտակայինի մասին նոր օրենքի դեմ: Պայքարի շրջանակում ձևավորված «Դ!եմ եմ» շարժումն անգամ չունի միասնական դիրքորոշում ՍԴ դիմելու վերաբերյալ: Մինասյանի կարծիքով՝ օրենքում խտրականություններ ստեղծելով՝ կառավարությունը նաև հանրությանը բաժանեց երկու մասի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG