Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ու Թուրքիայի զինված ուժերը լայնածավալ զորավարժություններ են անցկացնելու


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զորամասերից մեկում, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զորամասերից մեկում, արխիվ

Սեպտեմբերի 13-20-ը Ադրբեջանի զինված ուժերի բոլոր տեսակի զորքերի ներգրավմամբ և Թուրքիայի բանակի ստորաբաժանումների մասնակցությամբ օպերատիվ-ռազմավարական զորավարժություններ են անցկացնելու: Այս մասին հաղորդում է Interfax.az լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:

Զորավարժությունների առաջին փուլին մասնակցելու են հետախուզական ջոկատներ, հատուկ նշանակության ուժեր, ռազմաօդային ուժեր, այդ թվում հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումներ:

Երկրորդ փուլում նախատեսվում է հարձակողական գործողությունների վարժություններ, այդ թվում նաև լեռնային տեղանքում: Այս փուլին մասնակցելու են հետևակային զորքերի գումարտակներ, ռազմա-օդային դեսանտային ջոկատներ: Իրականացվելու են զորքերի փոխգործակցության, տեղափոխման, միավորման և այլ գործնական վարժանքներ:

Երրորդ փուլում ռազմավարժարաններում կատարվելու են ռմբահարումների, հրաձգային ու հրթիռային հարվածների մարտական վարժություններ:

Զորավարժությունների ավարտական այս փուլին մասնակցելու են մոտոհրաձգային ու տանկային ստորաբաժանումներ, հրթիռային ու զենիթային համակարգեր, մարտական օդանավեր և ուղղաթիռներ:

Զորավարժություններին մասնակցելու են շուրջ 30 հազար զինծառայող, 250 միավոր զրահատեխնիկա՝ տանկեր ու զրահամեքենաներ, 150 հրթիռային ու հրետանային համակարգեր, ռազմա-օդային ուժերի 20 օդանավ ու 15 ուղղաթիռ, ինչպես նաև ժամանակակից համակարգերով զինված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ:

Զորավարժություններում ներգրավելու են նաև 10 հազար պահեստազորայիններ: Նրանց հետ գործնական պարապմունքներ են տարվելու՝ ներառյալ հրաձգություն, զենքին ու ռազմական տեխնիկային տիրապետելու պարապմունքներ:

Հիշեցնենք, սեպտեմբերի սկզբին Հայաստանում անցկացվեցին հայ-ռուսական համատեղ զորավարժություններ, ուր ներգրավված էին ավելի քան 1500 զինծառայող, 300 միավոր ռազմական տեխնիկա, ինչպես նաև օդուժի կործանիչներ ու անօդաչու թռչող սարքեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG