Մատչելիության հղումներ

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում Սյունիքի մարզպետի նշանակման հարց չի քննարկվել


Հանրապետական կուսակցությունը հայտարարում է, որ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի ժամանակ Սյունիքի նոր մարզպետի նշանակման հարցը չի քննարկվել, թեև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ով Գործադիր մարմնի անդամ չէ, երեկ ՀՀԿ գրասենյակում էր:

Երեկ ավելի վաղ լրագրողների հարցին ի պատասխան, թե կցանկանա՞ր արդյոք կրկին ստանձնել մարզպետի պաշտոնը, Սուրիկ Խաչատրյանն արձագանքել էր՝ ինչո՞ւ ոչ:

Հիշեցնենք, Սյունիքում տեղի ունեցած արյունալի դեպքերից հետո Սուրիկ Խաչատրյանն իր դիմումի համաձայն ազատվեց մարզպետի պաշտոնից, որից հետո մարզպետ նշանակվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանի որդին՝ Վահե Հակոբյանը: Վերջինս էլ, օրերս ազատվելով Սյունիքի մարզպետի պաշտոնից, վարչապետի հրամանագրով նշանակվեց տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության կոմիտեի նախագահ:

«Ձեզ հետաքրքրում է՝ մենք քննարկե՞լ ենք ապագա մարզպետի նշանակման հարցը․ Գործադիր մարմնի նիստի ընթացքում նման հարց չի քննարկվել: Որևէ կադրային խնդիր չենք քննարկել», - երեկ երեկոյան տեղի ունեցած նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Սեպտեմբերի 6-ին նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած իր ելույթում հորդորել էր Հանրապետական խմբակցության պատգամավորներին չբացակայել Ազգային ժողովի նիստերից և քվեարկել այնպես, որպեսզի իրենց ծրագրերն իրականանան: «Խորհրդարանի աշխատանքներին մատների արանքով նայելը կամ խորհրդարանի աշխատանքներից բացակայելն անթույլատրելի է», - ասել էր նախագահը:

Երեկ լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք գործադիր մարմնի նիստում քննարկվել է աշնանային առաջին քառօրյայի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավորների աշխատանքը:

«Ամփոփման կարիք չկար, որովհետև դուք տեսաք, որ այս քառօրյային Հանրապետական մեծամասնությունը բավականին ակտիվ աշխատել է: Քառօրյայի ընթացքում ամենապարտաճանաչը եղել է Հայաստանի Հանրապետական խմբակցությունը», - հայտարարեց Շարմազանովը:

Անդրադառնալով սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած Գագիկ Ծառուկյան - Լևոն Տեր-Պետրոսյան հանդիպմանը, որի ընթացքում որոշվել էր մարզային այցեր կատարել, Շարմազանովն ասաց․ - «Յուրաքանչյուր քաղաքական թիմ ինքն է որոշում իր մարտավարությունը, և Հանրապետական կուսակցությունը և անձամբ ես երբեք չենք քննարկել այլ քաղաքական թիմերի մարտավարությունը և ռազմավարությունը: Դա բացառապես իրենց խնդիրն է, և այստեղ ես ասելիք չունեմ: Կուզեն՝ կհամագործակցեն, չեն ուզի՝ չեն համագործակցի»:

XS
SM
MD
LG