Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանն այցելել է զորամաս, որտեղ օրեր առաջ ժամկետային զինծառայող էր մահացել


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր այցելել է ՊՆ N զորամաս, որտեղ սեպտեմբերի 8-ին ժամը 01:15-ի սահմաններում ավտոհավաքակայանի շինության ետնամասում ծնոտի շրջանում մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերվել էր շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանը: Ժամկետային զինծառայող Սամվել Հարությունյանը ընդգրկված էր զորամասի պահակախմբում որպես ժամապահ:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Օհանյանը շրջայց է կատարել զորամասում, եղել դեպքի վայրում, զորանոցում, հետաքրքրվել անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտով:

Զորամասում նախարարը խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ ծանոթացել է զինվորի մահվան գործով նախաքննության և ծառայողական քննության բոլոր մանրամասներին: Լսելով գործի քննությանն առնչվող զեկույցներն ու դիտարկումները, Սեյրան Օհանյանը շեշտել է, որ անկախ նրանից, թե ինչն է դրդել զինվորին ինքասպանության, զորամասի ղեկավարության պատասխանատվության չափը դրանից ոչ մի կերպ չի նվազելու:

Նա հավելել է, այն զինծառայողները, ովքեր կանցեն քրեական գործով, կենթարկվեն քրեական պատասխանատվության, իսկ նրանք, ովքեր մեղավոր են ծառայողական պարտականությունների կատարման թերացման մեջ, կենթարկվեն խիստ կարգապահական տույժերի կամ կազատվեն զբաղեցրած պաշտոններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG