Մատչելիության հղումներ

Երևանի ոստիկանապետը ժխտում է, թե հարվածել է Շանթ Հարությունյանին


Երևանի ոստիկանապետը նշում է, թե Բելգիայում ապաստանած Գրիշա Վիրաբյանն իր համար անհետաքրքիր մարդ է:

Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն ասում է, թե ոչ տեսել, ոչ էլ հարվածել է Շանթ Հարությունյանին: Գրիշա Վիրաբյանին նույնպես ծեծի չի ենթարկել, իսկ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի քրոջ որդուն դեռ շարունակում են փնտրել:

Նոյեմբերի 5-ին հեղափոխության փորձ կատարած Շանթ Հարությունյանը նախորդ ամիս դատարանում հայտարարել էր, որ ոստիկանական բաժանմունքում իրեն հարվածողը եղել է այն մարդն, ով ծեծի է ենթարկել Գրիշա Վիրաբյանին:

«Ազատության» հետ զրույցում Շանթի կինը՝ Ռուզաննա Բադալյանն ասաց, որ Շանթին հարվածողը հենց Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն է եղել:

«Շանթն ասել է, որ իրեն խփել է, ոստիկանական բաժանմունքում հենց նոյեմբերի 5-ի գիշերը: Մի քանի օր հետո, երբ որ արդեն ԱԱԾ-ում թերթի մեջ տեսել է նրա նկարը, նոր ճանաչել է, որ Աշոտ Կարապետյանն է եղել: Նախկինում չի իմացել, թե նա ով է», - «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց Շանթ Հարությունյանի կինը:

Պարզվեց, սակայն, որ Երևանի ոստիկանապետը լրագրողներից է լսում իրեն ուղղված Շանթ Հարությունյանի մեղադրանքը: Ասաց, որ եթե այդպես լիներ, ապա պետք է իրեն դատարան կանչեին․ - «Ես նոր լսում եմ ձեզնից, ճիշտն ասած: Ինչ լավ ա, հաճելի ա»:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու փաստաբան Կրոմվել Գրիգորյանը news.am էլեկտրոնային կայքին տված հարցազրույցում ասել էր, որ 22-ամյա Վանուշ Ալեքսանյանի դանակահարության գործով հետախուզման մեջ գտնվող Սեդրակ Օսիպյանը կներկայանա քննչական գործողություններից հետո միայն:

Փաստաբանը պնդել էր, որ Օսիպյանի եղբորորդին Հայաստանում է: Մինչդեռ, հիշեցնենք, որ միջպետական հետախուզում հայտարարած Ոստիկանությունը մինչև այսօր Սեդրակ Օսիպյանի գտնվելու մասով որևէ տեղեկություն դեռ չունի:

Աշոտ Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք փաստաբանն է որոշում, երբ ներկայացնի իր պաշտպանյալին ու ինչպե՞ս է ստացվում, որ փաստաբանը գիտի, թե որտեղ է գտնվում փոխոստիկանապետի եղբորորդին, իսկ Ոստիկանությունը դեռ ոչ:

«Վստահաբար կարող եմ ասել, եթե փաստաբանը նման հայտարարություն է արել, անպայման պետք է իր գտնվելու վայրի մասին տեղեկությունը հայտնի: Հիմա ո՞ւր է փաստաբանը: Մեր գործառույթներով ամեն օր գտնելու հետ կապված աշխատանքներ արվում են: Կրոմվել Գրիգորյանի հետ ես այո, խոսել եմ ու ասել եմ, որ անաչառ պետք է փաստաբանությունը արվի և որ օրենքի առաջ բոլորը հավասար են սկզբունքով», - արձագանքեց Կարապետյանը:

Ինչ վերաբերում է Եվրադատարանում հաղթած Գրիշա Վիրաբյանի գործի վերաբացմանը, ով պնդում է, որ Աշոտ Կարապետյանն է իրեն դաժան ծեծի ենթարկել, ինչի հետևանքով ինքը ծանր վնասվածք է ստացել, Երևանի ոստիկանապետն ասաց, որ Վիրաբյանն իր համար անհետաքրքիր մարդ է, և որ նա իր անունը շահարկելով՝ դիվիդենտներ շահելու նպատակ ունի: Իսկ հարկ եղած դեպքում չի խուսափի դատարանի առաջ կանգնել:

«Պատրաստ եմ դատարանի առջև կանգնել ցանկացած վճռի պարագայում: Ես իր հետ էդ քրեական գործով առերեսվել եմ, և ինքը իմ հիշելով իմ հարցերին չէր կարողանում պատասխանել», - նշեց Երևանի ոստիկանապետը:

Այն, որ Աշոտ Կարապետյանն այսօր միայն լրագրողներից տեղեկացավ, որ փոխոստիկանապետի եղբորորդու փաստաբանը գիտի, թե որտե՞ղ է գտնվում իր պաշտպանյալն ու լրագրողներից է լսում նաև այն, որ Շանթ Հարությունյանն ասել, է որ հենց ինքն է ծեծի ենթարկել նրան՝ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի համար սպասելի արձագանք էր:

«Ոստիկանության դիրքորոշումը միշտ հերքելն է, շատ դեպքերում՝ ակնհայտ ստելը: Հայ հանրությանը հայտնի է, որ Աշոտ Կարապետյանն է Գրիշա Վիրաբյանին խոշտանգել: Սա անժխտելի է: Արդեն էս իրողությունների վրա որևէ մեկը չի զարմանում, որ պետք է կոծկեն, թաքցնեն, պահեն, երբ ցանկանան՝ բերեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG