Մատչելիության հղումներ

Եվրոպան և ԱՄՆ-ը խստացնում են պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ


Մոսկվան սպառնում է համաչափ պատասխանով։

Այսօրվանից ուժի մեջ են մտել Եվրամիության նոր պատժամիջոցները, որոնք Ռուսաստանի նկատմամբ սահմանվել են Ուկրաինայի խնդրի կապակցությամբ։

«Եվրոպական միության պաշտոնական տեղեկատու» հանդեսում հրապարակված նոր պատժամիջոցները նախատեսում են ցանկում ընդգրկված ֆիզիկական անձանց հաշվեհամարների սառեցում և Եվրամիության տարածք մուտք գործելու արգելք։

Պատժամիջոցներն արգելում են ֆինանսավորել «Ռոսնեֆտ», «Տրանսնեֆտ», «Գազպրոմ Նեֆտ», «Օբորոնպրոմ», «Կալաշնիկով» ընկերություններն, ինչպես նաև հրասայլեր արտադրող «Ուրալվագոնզավոդը», կործանիչներ արտադրող «ՄիԳ» և «Սուխոյ» ընկերությունների դուստր-ձեռնարկություն «Միավորված ավիաշինարարական կորպորացիան»։

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ողջունել է պատժամիջոցներն ուժի մեջ մտցնելու փաստը։

Նախօրեին Եվրոպական խորհրդի նախագահ Հեգման վան Ռոմպոյը պարզաբանել է, որ Բրյուսելը մինչև սեպտեմբերի վերջ հետևելու է Ուկրաինայի արևելքում զարգացումների ընթացքին և դրանից ելնելով կարող է մեղմել կամ չեղյալ հայտարարել պատժամիջոցները։

Ամերիկայի Միացյալ Նահանգներն այսօր երեկոյան կհրապարակի պատժամիջոցները խստացնելու ծրագիրը։

«Մենք միանում ենք Եվրոպական միությանը Ռուսաստանի նկատմամբ մեր համաձայնեցված պատժամիջոցները խստացնելու հարցում։ Մենք դրանք խորացնելու և ընդարձակելու ենք ֆինանսական, էներգետիկ և պաշտպանության հատվածների վերաբերյալ»,- ասել է ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի խոսնակ Մարի Հարֆը։

Նախագահ Բարաք Օբաման ասել է, որ Ամերիկան խստացնում է դիրքորոշումը, քանի որ Ռուսաստանը շարունակում է ապակայունացնել Ուկրաինայի վիճակը այդ թվում Ուկրաինայի արևելքում գտնվող ռազմական խոշոր ստորաբաժանումների միջոցով։

Ինչպես և Հերման վան Ռոմպոյը` Օբաման էլ է նշել, որ Ամերիկան կարող է հրաժարվել պատժամիջոցներից այն դեպքում, եթե Ռուսաստանը կատարի Ուկրաինայի հարցում ստանձնած պարտավորությունները։

Ըստ ՆԱՏՕ-ի տվյալների, Ուկրաինայի արևելքում այս պահին կա առնվազն 1000 ռուսաստանցի զինծառայող։ Ռուսաստանն այդ մեղադրանքը հերքում է։

Նոր «սև ցուցակում» է 24 անձ, այդ թվում Ուկրաինայի արևելքի ռուս անջատականների լիդերները, «Ռոստեկ» հոլդինգի զենքի և տեխնոլոգիաների բաժնի ղեկավար Սերգեյ Չեմեզովը և ազգայնական պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին։

Այսպիսով ընդհանուր հաշվով պատժամիջոցների ցուցակում 119 ֆիզիկական և իրավաբանական անձ է։

Մոսկվան հայտարարել է, որ ի պատասխան նոր պատժամիջոցների կձեռնարկի համարժեք քայլեր։

Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության ընթացքում սպանվածների թիվն արդեն անցել է 3000-ից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG